Փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման հրավեր
Աղբյուր՝ www.cfoa.am
Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հրավիրում է հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, համայնքների միություններին և քաղաքացիական նախաձեռնություններին՝ մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի։
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:
Մրցույթի նպատակը, ծրագրային գործողությունների տեսակները և ձևերը
Մրցույթի նպատակն է նպաստել քաղաքացիների ակտիվ և իրազեկ մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը։
Հայտերի բովանդակությունը կարող է ներառել հետևյալ տեսակի գործողություններ, սակայն սահմանափակված չլինի դրանցով՝
- Մասնակցային մեխանիզմների (գործիքակազմի, ձևերի) կիրառում,
- Համայնքային խնդիրների բացահայտում, բարձրաձայնում և լուծման տարբերակների մշակում հանրային հարթակներում,
- ՏԻ բարեփոխումների, ապակենտրոնացման և համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային իրազեկման աստիճանի բարձրացում,
- ՏԻ ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի մասնակցային ուսումնասիրություն, վերլուծություն և առաջարկությունների մշակում,
- ՏԻՄ- համայնքի բնակչություն հաղորդակցության որակի բարելավում։
Առաջարկվող ծրագրերը կարող են լինել հետևյալ բնույթի՝
- Կրթական
- Մշակութային
- Հետազոտական
- Հաղորդակցական և տեղեկատվական
- Մշտադիտարկման
- Հանրային նախաձեռնությունների, հանրագրերի իրականացման
- Տեղական ավանդական և այլընտրանքային ԶԼՄ-ների զարգացում
Ո՞վ կարող է դիմել
Ծրագրերը պետք է իրականացվեն սույն հրավերին կից հավելվածներում ներառված ՀաՄաՏեղ ծրագրի թիրախ համայնքներում կամ համայնքների խմբում։
Ծրագրային հայտեր կարող են ներկայացնել վերոնշյալ համայնքներում գործունեություն ծավալող՝
- Հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները,
- Համայնքների միություննները,
- Քաղաքացիական նախաձեռնությունները։
Ծրագրի շրջանակներում թիրախ համայնքների ՏԻՄ-երի հետ համագործակցությունը հանդիսանում է մրցույթի նախապայման։
Ծրագրերի տևողությունը և բյուջեն
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 3,000,000 ՀՀ դրամ: Այն ծրագրերը, որոնք կիրականացվեն մեկից ավելի թիրախային համայնքներում, կֆինանսավորվեն մինչև 4,000,000 ՀՀ դրամ[1]։ Հայտատուի նվազագույն ներդրումը պետք է կազմի ծրագրի ընդհանուր գումարի առնվազն 10%-ը։
Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել 3-7 ամիս:
Հայտերի ներկայացման կարգը և ներկայացվող փաստաթղթերի ցանկը
Մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված կազմակերպությունները կամ նախաձեռնող խմբերը պետք է լրացնեն ծրագրային հայտ՝ ներառելով՝
- Հայտադիմումի փաթեթը,
- Ծրագրի բյուջեն և բյուջեի նկարագիրը հրավերի 2-րդ և 3-րդ հավելվածներում ներկայացված ձևաչափովերով,
- Հանրային միջոցառումների և հրատարակվող նյութերի նկարագիրը և հիմնավորումը հրավերի 4-րդ հավելվածներում ներկայացված ձևաչափովերով։
Հայտադիմումի փաթեթն իր մեջ պետք է ներառի՝
- Կազմակերպության/նախաձեռնության առաքելության և գործունեության նկարագրությունը (0.5 էջ),
- Կազմակերպության/նախաձեռնության կողմից վերջին երկու տարիների ընթացքում իրականացված ծրագրերի համառոտ նկարագրությունը (մինչև 2 էջ),
- Առաջարկվող ծրագրի նկարագրությունը (մինչև 5 էջ), որը պետք է ներառի՝
- Հիմնախնդրի ձևակերպումը և հիմնավորումը,
- Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքները,
- Ծրագրի խնդիրները,
- Ծրագրի գործողությունների պլանը և ժամանակացույցը,
- Թիրախ խմբերը/շահառուները,
- Ծրագրի իրականացման մշտադիտարկման և գնահատման պլանը,
- Ծրագրային արդյունքների շարունակականությունը (կենսունակությունը),
- Ծրագրի աշխատակազմը։
Հայտադիմումի ձևը, գործողությունների պլանի ձևը, բյուջեի ձևաչափը և նկարագրի ձևը, ինչպես նաև հանրային միջոցառումների և հրատարակվող նյութերի նկարագրի և հիմնավորման ձևը հասանելի են ՀՖՄ-ի համացանցային www.cfoa.am հայտերը պետք է ներկայացվեն մեկ տպագիր օրինակով և էլեկտրոնային եղանակով։
Նշված փաստաթղթերի տպագիր մեկ օրինակը՝ հաստատված և կնքված կազմակերպության տնօրենի կամ ստորագրված նախաձեռնող խմբի ղեկավարի կողմից, պետք է ներկայացնել ՀՖՄ գրասենյակ 0070, ք. Երևան, Երվանդ Քոչարի փող. 20 շենք, 4-րդ հարկ հասցեով:
Փաթեթի էլեկտրոնային տարբերակը պետք է ուղարկել [email protected] էլ. փոստին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի մայիսի 19-ը` ժամը 17:00-ն
Նախամրցութային սեմինար
Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ՀՖՄ ծրագրային թիմը սույն թվականի մայիսի 5-ին ժամը 14։00-ին կանցկացնի նախամրցութային սեմինար Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում,
Հասցե. ՀՀ, ք. Երևան Ազատության 1/21, բն. 23
Հեռախոս. /010/ 25 15 75
որի ընթացքում կպատասխանի հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերին, ինչը կնպաստի հնարավորինս որակյալ և գրավիչ առաջարկ կազմելուն:
Դրամաշնորհային մրցույթի ժամանակացույցը՝
Ապրիլի 26 2017թ Մրցույթի մեկնարկ
Մայիսի 5, 2017թ Նախամրցութային սեմինար
Մայիսի 19, 2017թ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ
Հունիսի 9, 2017թ Մրցույթի արդյունքների հայտարարում
Ծրագրերը կմեկնարկեն 2017թ. ամռանը-աշնանը, ծրագրի սկիզբն ու ավարտը կնշվեն դրամաշնորհի պայմանագրում, ելնելով ծրագրի առանձնահատկություններից:
Դրամաշնորհի ծրագրային հարցերով դիմել՝ ՀՖՄ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանին, հեռ. (011) 53 13 97, էլ. փոստի հասցե՝ [email protected]:
Դրամաշնորհի տեխնիկական հարցերով դիմել՝ ՀՖՄ դրամաշնորհների կառավարիչ Հայկանուշ Իսկանդարյանին, հեռ. (011) 53 13 97, էլ. փոստի հասցե՝ [email protected]:
[1] Ծրագրերը, որոնք կներառեն ոչ թիրախ համայնքներ, այդ համայնքներում իրականացվող գործողությունները չեն ֆինանսավորվի տվյալ դրամաշնորհի շրջանակներում։
Բեռնել փաստաթղթերի ամբողջական փաթեթը>>
Սույն ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: