ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԿԻՆՈՊԼԱՏՖՈՐՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ 2017 ԸՆՏՐՎԱԾ Է 10 ՄԱՍՆԱԿԻՑ
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի ապրիլի 10-ից 12-ը Ստամբուլում` Ստամբուլի 36-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ:
Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացում և գործնական հանդիպումներ: Լավագույն նախագծին Եվրամիության կողմից կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգեւ:
Այս տարի կինոպլատֆորմին դիմել է 42 մասնակից Հայաստանից, Թուրքիայից և երկու կողմերի Սփյուռքից: Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել է 10 նախագիծ, հնգական յուրաքանչյուր կողմից։ Դրանք են՝
1661: CINE-EYE ISTANBUL – ռեժիսոր Զեյնեփ Դադաք, պրոդյուսեր Fenafilm (Թուրքիա - վավերագրական)
Ararat from another side – ռեժիսոր Մարիամ Օհանյան, պրոդյուսեր Յելիզավետա Պետրոսյան (Հայաստան - վավերագրական)
Ducks and Drakes/ Seke Seke – ռեժիսոր Սիդար Ինան Էրչելիք, պրոդյուսեր Էսրա Սայդամ և Սիդար Ինան Էրչելիք (Թուրքիա - վավերագրական)
Easter– ռեժիսոր/պրոդյուսեր Մեհմեդ Սելջուք Բիլգե (Թուրքիա – կարճամետրաժ)
Return – ռեժիսոր Սելման Դենիզ, պրոդյուսեր Զեքերյա Այդողան (Թուրքիա - կարճամետրաժ)
Romeo and Juliet– ռեժիսոր Ալեն Մանուկյան, պրոդյուսեր Օֆելյա Թովմասյան (Հայաստան - կարճամետրաժ)
My Heart is Like Those Ruined Houses – ռեժիսոր Օվսաննա Գևորգյան (ԱՄՆ, Հայաստան, կարճամետրաժ)
The Legend of Lilith – ռեժիսոր/պրոդյուսեր Էվելինա Բարսեղյան (Հայաստան - կարճամետրաժ)
The Memoirs of Antoine Köpe – ռեժիսոր Նեֆին Դինջ, պրոդյուսեր Գամզե Փաքեր (Թուրքիա - դոկումենտալ)
VARTANOUSH – ռեժիսոր Դույգու Բոստանջը, պրոդյուսեր Կայլ Խանդիկյան (Հայաստան - դոկումենտալ)
Ստամբուլյան հանդիպման ժյուրիի անդամներն են վավերագրական ռեժիսոր Մելեք Ուլագայ Թայլանը, Եվրիմաժի Հայաստանյան ներկայացուցիչ և Հայաստանի «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր–տնօրեն Վրեժ Քասունին, պրոդյուսեր Էմինե Յըլդըրըմը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Մովսիսյանը և ակադեմիկոս և սցենարի խորհրդատու Գյուլենգյուլ Ալթընթաշը:
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» մեկնարկել է 2008 թվականին «Անադոլու Քյուլթուրի» և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ: ՀԹԿՊ-ն հարթակ է երկու երկրների կինոգործիչների համար, որը համագործակցելու և միասին ֆիլմեր ստեղծելու հնարավորություն է տալիս:
ՀԹԿՊ 2017 Ստամբուլի աշխատաժողովը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» 2-րդ ծրագրի շրջանակներում։