Հայկական դրամաշնորհներ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կողմից
Դրամաշնորհի հայտերի ընդունում՝ ուղղված Հայաստանում աշխատուժի զարգացմանը
Դրամաշնորհային ծրագրի անվանումը՝ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհներ Հայաստանում աշխատուժ զարգացնելու համար
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 30, 2024 (ֆինանսավորման մասին որոշումը կկայացվի հունվարի վերջին)
Կոնտակտային անձ՝ Անահիտ Հակոբյան, Ծրագրերի ղեկավար
Էլ․ հասցե՝ [email protected]
Դրամաշնորհային ծրագրի նկարագիրը
Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ընդունում է դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ, որոնք միտված են Հայաստանում աշխատուժի զարգացմանը։ Մենք դրամաշնորհներ կտրամադրենք այն նախաձեռնություններին, որոնք համահունչ են մեր ռազմավարական նպատակներին․ մասնավորապես, կենտրոնանում են մեծահասակների աշխատանքային և մասնագիտական հմտությունների զարգացման, զբաղված աշխատուժի կարողությունների վերազինման, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՆՄԿ և ՄՄԿ) համակարգերի բարելավման և կրթական հաստատություններում կարիերայի ծառայությունների ամրապնդման ուղղությամբ։ Մեր առջև դրված խնդիրների լայն շրջանակը միտված է նպաստելու աշխատուժի զարգացման գործընթացին համակարգային և անհատական մակարդակներում՝ ապահովելով չափելի արդյունք և տևական ազդեցություն ոլորտում։
Մեր առջև դրված նպատակները նկարագրված են ներքևում՝ բաժանված երեք խմբի։ Ծրագրերի առաջարկները պետք է հասցեագրեն հետևյալ 9 խնդիրներից գոնե մեկը, լավագույն դեպքում՝ մի քանիսը։ Առաջնահերթություն կտրվի այն ծրագրերին, որոնց թիրախում մի քանի խնդրի համադրություն է։
Ֆինանսավորման նպատակներն ու խնդիրները
Խումբ 1: Աշխատունակ մեծահասակների կարողությունների զարգացում
- Մասնագետների որակավորումների բարձրացում մեծ պահանջարկ ունեցող ոլորտների համար․ մասնագետներին (թիրախավորելով 25 և բարձր տարիքի տղամարդկանց) զինել պահանջված ոլորտներում, մասնավորապես՝ գյուղատնտեսության, շինարարության և հյուրընկալության ասպարեզում, անհրաժեշտ հմտություններով կամ ձեռնարկատիրական ընդունակություններով՝ նրանց առաջարկելով շուկայում արդիական կարողությունների զարգացման ծրագրեր։ Այս խնդիրը հասցեագրող ծրագրերի առաջարկների համար այլ մանրամասներ․ 1) Բացի վերոնշյալ երեք ոլորտից, այլ ոլորտներ ևս կարող են դիտարկվել, եթե դրանց ընտրությունը հիմնավորվի հետազոտությամբ և փաստերով; 2) Հայտատուները պետք է աշխատանքի տեղավորման կամ ձեռնարկատիրական գործունեության չափելի արդյունք նախատեսեն; 3) Մասնավոր ոլորտի հետ նախնական պայմանավորվածություններն ու համագործակցությունները մեծապես խրախուսվում են; 4) 25 տարեկանից բարձր թիրախային խումբը միայն այս խնդիրը հասցեգրող ծրագրերին է վերաբերում։
- Մասնագիտական վերապատրաստում՝ զբաղված աշխատուժի կարողությունների զարգացման և հարմարվողականության բարձրացման նպատակով․ տրամադրել շարունակական կրթության և մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, որոնք կարիերայի տարբեր փուլերում գտնվող մասնագետներին օգնում են հարմարվել արագ զարգացող աշխատաշուկային՝ խրախուսելով ցկյանս ուսուցման մշակույթը։
- Միջանձնային հմտությունների (soft skills) բարելավում՝ աշխատուժի պատրաստվածության բարձրացման նպատակով․ առաջին երկու խնդիրները հասցեագրելիս ծրագրում ներառել միջանձնային հմտությունների զարգացումը և մասնակիցներին զինել աշխատավայրում անհրաժեշտ կարողունակություններով։
Խումբ 2: Նախնական և միջին մասնագիտական կրթության (ՆՄԿ և ՄՄԿ) ոլորտի զարգացում
- Մեծահասակների կրթության ծրագրի հիմնում․ ներկայացնել մեծահասակների կրթության գործնական և արդիական ծրագրեր (25 տարեկանից բարձր խմբի համար) ՆՄԿ և ՄՄԿ հաստատություններում աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար։
- Երկակի կրթական համակարգերի զարգացում․ խթանել պրակտիկայի և աշխատանքային վերապատրաստման կուռ հնարավորություններ ՆՄԿ և ՄՄԿ հաստատություններում և/կամ բարձրագույն կրթական հաստատություններում՝ արդյունավետորեն հաղթահարելով տեսական ուսուցման և գործնական կիրառության միջև առկա անջրպետը։
- ՆՄԿ և ՄՄԿ հաստատությունների ուսուցիչների կարողությունների զարգացում, ուսումնական ծրագրերի բարելավում․ ՆՄԿ և ՄՄԿ հաստատությունների ուսուցիչների կարողությունների և հմտությունների զարգացում, ուսումնական ծրագրերի համապատասխանեցում ոլորտի չափանիշներին և նորամուծություններին՝ բարձրակարգ որակավորում ապահովելու նպատակով։
Խումբ 3: Կրթական հաստատություններում կարիերայի կենտրոնների զարգացում
- Մասնավոր ոլորտի հետ համագործակցության խթանում․ մասնավոր ոլորտի հետ համագործակցությունների զարգացում՝ ուսանողներին ապահովելով համապատասխան պրակտիկայի, աշխատանքի տեղավորման և կարիերայի զարգացման հնարավորություններով։
- Շրջանավարտների ցանցի ամրապնդում կարիերայի զարգացման համար․ ստեղծել շրջանավարտների կուռ ցանց, որն ուսանողներին կտրամադրի շարունակական մենթորություն, կարիերայի ուղղորդում և աշխատանքային հնարավորություններ, խրախուսել շրջանավարտների տևական ներգրավումը և աջակցությունը։
- Ուսանողներին տրամադրվող կարիերայի ծառայությունների բարելավում․ բարելավել կարիերայի կենտրոնների կողմից առաջարկվող ծառայությունները․ ուսանողներին տրամադրել կարիերայի խորհրդատվություն, ապահովել աշխատաշուկայի վերաբերյալ թարմ տեղեկությամբ, ուղղորդել CV-ի զարգացման հարցում, ինչպես նաև առաջարկել ներկայիս աշխատաշուկայի զարգացումներին համապատասխան աշխատանքի որոնման տեխնիկաներ։
Դրամաշնորհի մասին
- Ֆինանսավորման տեսակը՝ դրամաշնորհային պայմանագիր
- Հասանելի գումարի ընդհանուր չափը՝ 250.000 ԱՄՆ դոլար, որը կբաշխվի հաղթող կազմակերպությունների միջև
- Դրամաշնորհների ակնկալվող քանակը՝ 6-8
* Համապատասխանության ստուգումը լրացնելիս՝ խնդրում ենք նշել միայն "Աշխատուժի զարգացումը" որպես թիրախ ոլորտ, եթե այս դրամաշնորհային ծրագրի հայտարարությամբ եք դիմում։
Ավելին՝ այստեղ։