Ներառական կրթության թեմայով ամառային դպրոցի մասնակցության մրցույթ
Աղբյուր՝ www.osf.am
Մրցույթի հայտարարություն
Ներառական կրթության թեմայով ամառային դպրոցի մասնակցության
Բիշկեկ, Ղրղզստան
Հուլիսի 3-7, 2017թ.
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը, Բաց հասարակության հիմնադրամների Կրթության օժանդակության և Եվրասիա ծրագրերի գրասենյակների օժանդակությամբ, հայտարարում է ներառական կրթության թեմայով ամառային դպրոցի մասնակցության մրցույթ:
Ամառային դպրոցի նպատակն է զարգացնել և կատարելագործել մասնակիցների մասնագիտական հմտությունները` ներառական կրթության իրականացման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ոլորտներում:
Տարբեր երկրներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է տարբեր մեթոդների կիրառմամբ: Որպես խորհրդային ժառանգություն, տարածաշրջանի տարբեր երկրներում կարող է հանդիպել տարբերակ, հիմնված հաշմանդամության բժշկական մոդելի և դեֆեկտոլոգիայի սկզբունքների վրա, և շատ դեպքերում դեռևս իրականացվում է ժամանակավրեպ և անարդյունավետ կառույցների կողմից: Մյուս երկրներում, որոնք կրթության ոլորտի բարեփոխումների ճանապարհին որդեգրել են հաշմանդամության սոցիալական մոդելը, գնահատման կենտրոնները աշխատում են, մեծապես, միայն հաշմանդամություն ունեցող երեխաների հետ` բաց թողնելով տարբեր այլ կարիքներ ունեցող և որակյալ կրթության մեջ ներառման տեսակետից խոցելի մյուս երեխաներին:
Այս ամառային դպրոցը նպատակ ունի հարստացնել և հզորացնել ներառական կրթության ոլորտի դերակատարների կարողությունները և խթանել արդյունավետ երկխոսություն թե տարածաշրջանային, և թե տեղական մակարդակում` քաղաքականության այլընտրանքային լուծումներ գտնելու նպատակով: Ծրագրի շրջանակում մասնակիցները կզարգացնեն իրենց կարողությունները ներառական կրթության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման շուրջ, կտեղեկանան տարբեր երկրներում առկա ու միջազգային փորձի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն կունենան կիսվել մյուս մասնակիցների հետ ներառական կրթության ոլորտի իրենց փորձով:
Ամառային դպրոցի մասնակցության պայմաններն ու դիմումների ներկայացման ընթացակարգը
Ամառային դպրոցն անց է կացվելու հուլիս 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Ղրղզստանի Բիշկեկ քաղաքում տեղակայված Կենտրոնական Ասիայի Ամերիկյան համալսարանում (այսուհետ՝ ԿԱԱՀ): Դասընթացները վարելու են ինչպես ԿԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ԱՄՆ Պիտսբուրգի և Լիտվայի Վիլնյուսի համալսարանների դասախոսները:
Ամառային դպրոցի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը կփոխհատուցվեն ԲՀՀ-ի կողմից, ներառյալ` ճանապարհածախս, գիշերակաց և օրապահիկ:
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն ռուսերենն է: Ուստի ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Մրցույթին կարող են մասնակցել ներառական կրթության ոլորտում գիտամանկավարժական և/կամ կիրառական գործունեությամբ զբաղվող անձիք, որոնք բավարարում են ստորև թվարկված պայմաններից որևէ մեկին.
- ներառական կրթության թեմայով դասավանդող մասնագետ են, այդ թվում դասախոս, դասախոսի օգնական, ասպիրանտ կամ հայցորդ, կամ
- ներառական կրթության թեմայով գիտական հետազոտություններ իրականացնող մասնագետ են, կամ
- զբաղվում են ներառական կրթության ոլորտում կիրառական գործունեությամբ, այդ թվում հանդիսանում են հասարակական կազմակերպության, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի, մասնագիտացված այլ կառույցի աշխատակից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
-
- Ինքնակենսագրություն (CV)` ռուսերեն լեզվով,
- Ներառական կրթության թեմային առնչվող գիտական հոդվածների, մենագրությունների, կոնֆերանսների մասնակցության, զեկույցների ցանկը, եթե այդպիսիք կան, ինչպես նաև հնարավորության դեպքում տրամադրել հղումներ` թվարկված նյութերի առցանց աղբյուրներին,
- հետաքրքրության նամակ` ռուսերեն լեզվով, առավելագույնը 1000 բառի սահմաններում, որում անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցերին՝
- Ո՞րն է ներառական կրթության իրականացման հայաստանյան մոդելի առանձնահատկությունը:
- Որո՞նք են Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգի առանձնահատկությունները և ինչպիսի բարեփոխման կարիք կա` տվյալ ոլորտի ներհայաստանյան պրակտիկայում:
- Ինչպե՞ս կարող է ներառական կրթությունը նպաստել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի լիարժեք և որակյալ իրացմանը:
- Ինչպե՞ս եք նախատեսում գործնականում կիրառել և ամրապնդել ամառային դպրոցի ընթացքում ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները, և ի՞նչ նախաձեռնություններ եք պատկերացնում իրականացնել` օգտագործելով ամառային դպրոցում ձեռքբերված գիտելիքը, տեղեկատվությունը, կապերը տեղական և տարածաշրջանային մասնագետների հետ:
- Ներառական կրթության ոլորտին առնչվող ո՞ր հարցերը կցանկանայիք դարձնել ամառային դպրոցի ընթացքում քննարկման առարկա:
Հայտերը պետք է ուղարկվեն էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 25-ն է, ժամը 16:00: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը մրցույթի շրջանակում չեն դիտարկվի:
Հարցերի կամ պարզաբանումներ համար կարող եք դիմել ԲՀՀ – Հայաստանի գրասենյակ, Լիլիթ Նազարյանին կամ Աննա Հարությունյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով [email protected] և [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներին: