«Գործող և ապագա կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) Կանանց տնտեսական հզորացում կառույցի (CWEE) աջակցությամբ, իրականացնում է «Գործող և ապագա կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագիրը։
Այժմ առավել քան երբևէ, առցանց հարթակներին անցումն ու դրանց արդյունավետ կառավարումը կենսական նշանակություն ունեն փոքր և միջին բիզնեսի գոյատևման և զարգացման համար։ Ծրագրի նպատակն է նպաստել հատկապես Հայաստանի մարզերում գործող և ապագա կին ձեռներեցների բիզնեսների կայունությանը և աճին՝ թվայնացման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ունակությունների զարգացման միջոցով։
Ծրագիրը կընդգրկի հետևյալ փուլերը՝
ՓՈՒԼ 1. Կարճաժամկետ դասընթացներ
Ծրագրի շահառուները հնարավորություն կստանան մասնակցելու 6 կարճաժամկետ առցանց դասընթացի, հետևյալ թեմաներով (միջինում 3 ժամ տևողությամբ)՝
-
Առցանց վաճառքի հարթակների ստեղծում/Առցանց վճարման համակարգեր/ Կիբերանվտանգություն
-
Անցանց նյութերի տեղափոխում առցանց հարթակներ
-
Թվային գրագիտության հիմքեր (առցանց հանդիպումների հավելվածներ, Գուգլ դիսկ և ֆայլեր)
-
Փափուկ հմտություններ (soft skills) առցանց հաղորդակցության համար
-
Բիզնես և անձնական բրենդինգ առցանց աշխարհում
-
Գրաֆիկ/UI դիզայն
Ինչպես նաև 2 կարճաժամկետ դասընթացի (միջինում 4 ժամ տևողությամբ)՝
-
CIPE-ի կողմից մշակված առցանց հմտությունների զարգացման հատուկ դասընթաց՝ հատուկ ուղեցույցի կիրառմամբ
-
Սեռի վրա հիմնված բռնություն և ոտնձգություն՝ հատկապես առցանց եղանակով
Առաջին փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան անցնել ծրագրի երկրորդ փուլ:
ՓՈՒԼ 2. Երկարաժամկետ դասընթացներ
Առաջին փուլից հետո՝ ընտրության արդյունքում, առնվազն 40 կին ձեռներեց կմասնակցի թվային մարքեթինգի ռազմավարության մշակման և SMM հմտությունների կիրառման երկարաժամկետ դասընթացների՝ մշակված գործող և ապագա կին ձեռներեցների կարիքներին համապատասխան։
ՓՈՒԼ 3. Խմբային և անհատական աշխատանքներ
Այս փուլին մասնակցությունը կշարունակեն գործող կին ձեռներեցները (առնվազն 20 հոգի)` ստանալով աջակցություն թվային ռազմավարության իրականացման հարցում՝ խմբային և անհատական աշխատանքների ընթացքում։
Ծրագրի գործընկեր՝ Quick Start:
Հիշեցում՝ ծրագրին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է։
Ծրագրին Ձեր հայտը լրացնելու համար կարող եք անցնել այս հղմամբ:
Հայտերի լրացման վերջնաժամկետն է՝ փետրվարի 26, 2023թ․։
«Գործող և ապագա կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի կողմից և իրականացվում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից, որի նպատակն է նպաստել կին ձեռներեցների բիզնեսների կայունությանը և աճին՝ թվայնացման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ունակությունների զարգացման միջոցով։