Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 24 փետրվարի, 2023
Հայտերի ընդունման կանչ Ռեստարտ հիմնադրամի կողմից․ NextGen առաջնորդության ակադեմիա
«Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը և Հանրային Քաղաքականության Ինստիտուտ Institute of Public Policy-ն հայտարարում են «NextGen» առաջնորդության ակադեմիայի ընդունելություն: Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ։
Ակադեմիան մասնակիցներին կընձեռի հետևյալ հնարավորությունները.
- Քաղաքագիտական, հանրային կառավարման, և համայնքի կազմակերպման մոդուլներից կազմված հագեցած ակադեմիական ծրագիր, թիրախային մշակված ընթերցանության նյութեր և դասախոսություններ, որոնք կօգնեն մասնակիցներին քննադատորեն դիտարկել արդի հիմնախնդիրները ավելի լայն քաղաքական, տնտեսական, մշակութային, պատմական և այլ համատեքստերում
- Անհատականացված ուսումնառություն ամբողջ Ակադեմիայի ընթացքում, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին անմիջապես գործնականում կիրառել ձեռքբերված գիտելիքներն ու հմտություններն իրենց հուզող հիմնախնդիրների ուսումնասիրության և դրանց լուծման ուղղությամբ
- Ակադեմիայի մասնակիցների առաջնորդության հմտությունների զարգացում իրենց հիմնախնդրի շուրջ համայնքի կազմակերպման, փոփոխության տեսության մշակման, հանրային գործողությունների իրականացման և այդ փորձառության կշռադատման միջոցով
- Շարունակական աշխատանք Ակադեմիայի կազմակերպիչների և բանախոսների հետ, որոնց թվում են թե՛ ակադեմիական, հետազոտական աշխատանք իրականացնող, թե՛ գործնական մեծ փորձառություն ունեցող մասնագետներ
- Ուսումնական այցելության հնարավորություն դեպի Արևելյան Եվրոպա, որտեղ ընտրված մասնակիցները կծանոթանան և փորձով կփոխանակվեն իրենց ոլորտում քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների հետ
- Ներգրավվածություն առաջնորդների աճող ցանցում, որն ապահովում է շարունակական կրթություն և փոխօգնություն համայնք։
Բանախոսությունները կվարեն տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, գիտնականներ, հետազոտողներ, քաղաքական և պետական գործիչներ: Բանախոսությունների հետ մեկտեղ կիրականացվեն գործնական առաջադրանքներ, հարց ու պատասխանի, ռեֆլեքսիայի միջոցով կքննարկվի մատուցված բանախոսությունը, որի շնորհիվ մասնակիցները կամրապնդեն ստացած գիտելիքները։
Ակադեմիային կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և մայրաքաղաք Երևանից։ Առավելություն կտրվի այն մասնակիցներին, որոնք ունեն համայնք առաջնորդելու, քաղաքացիական նախաձեռնություններով հանդես գալու որոշակի փորձ, հետաքրքրված են իրենց համայնքում առկա հիմնախնդիրներով և պատրաստ են հանդես գալ նոր նախաձեռնություններով՝ դրանց լուծմանը հասնելու համար։
«NextGen» առաջնորդության ակադեմիան կմեկնարկի 2023 թ. մարտի 18-ին և կտևի մինչև մայիս ամիսը։ Այն կեզրափակվի հուլիսին՝ եռօրյա ամառային ճամբարով։
Բանախոսությունները տեղի կունենան առկա ձևաչափով։ Նախատեսվում է շաբաթական ունենալ 2 հանդիպում՝ յուրաքանչյուրը 2-3 բանախոսությամբ։ Բացի այդ, տեղի կունենան առցանց հանդիպումներ՝ Ակադեմիայի բանախոսություններին նախապատրաստվելու, գործնական առաջադրանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Առկա ձևաչափով հանդիպումները տեղի կունենան Երևանում՝ շաբաթ և կիրակի օրերին։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը։ Դիմում-հայտերի փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցի փուլը հաղթահարած երիտասարդները կընդգրկվեն «NextGen» առաջնորդության ակադեմիայում։
Ակադեմիային մասնակցությունը հավաստող վկայականներ կտրվեն միայն նրանց, ովքեր կմասնակցեն բանախոսությունների առնվազն 85%-ին, ակտիվորեն կներգրավվեն խմբային ու գործնական առաջադրանքների կատարման գործընթացում և կմասնակցեն եռօրյա ամառային ճամբարին։
Ակադեմիայում կուսանեն մինչև 35 մասնակից։ Այն մասնակիցները, որոնք նաև համայնքային որևէ հիմնախնդիր լուծելու նպատակով հանդես կգան նախաձեռնություններով և կիրականացնեն դրանք, հնարավորություն կունենան ուսումնական այցով մեկնել Արևելյան Եվրոպա, որտեղ կծանոթանան և փորձով կփոխանակվեն իրենց ոլորտի քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների հետ։
Ծրագրի մասնակցությունն ամբողջովին անվճար է․ կազմակերպիչները հոգում են մասնակիցների տեղափոխման, սննդի, կացության ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ` գրելով «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի ֆեյսբուքյան էջին կամ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
Դասընթաց