Դասընթացի մասնակցության հրավեր Ռիզոմաստիկ ՀԿ-ի կողմից․ Իմ տեսանկյունից
«Ռիզոմաստիկ» ՀԿ-ն ԵՊԲՀ-ի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Իմ տեսանկյունից» ծրագրին։
2018 թվականից «Իմ տեսանկյունից» նախագիծը կազմակերպվել է ԵՊԲՀ-ում։ Նախագծի նպատակն էր տեղեկացվածության բարձրացման միջոցով նպաստել բուհի ներքին կառավարման գործընթացում ուսանողների ներգրավվածության ավելացմանը, նշված ոլորտներում առկա խնդիրները վերհանելուն և պատշաճ կերպով ձևակերպելուն, ինչպես նաև առկա հնարավորություններով հնարավոր հիմնավորված լուծումներ առաջադրմանը։
«Իմ տեսանկյունից» նախագծի նպատակն է միավորել ՀՀ տարբեր բուհերի ուսանողների ներուժը հանուն ուսանողների արդյունավետ ինքնաիրացման և նրանց քննադատական և բաց մտածողության զարգացման։
Նախագծի խնդիրներն են՝
- Խրախուսել բուհերի ներքին կառավարման քաղաքականության և համալսարանական կյանքի կազմակերպման գործում ուսանողների նախաձեռնողականությունը, ինչն իր հերթին կնպաստի ուսանողների մոտ հետևողական և պատասխանատու վարքի ձևավորմանը։
- Խթանել կրթական միջավայրում իրենց իրավունքների և պարտականությունների շուրջ ուսանողների երկուստեք իրազեկման մշակույթի զարգացումն ու տարածումը։
Նախագծին կարող են մասնակցել ԵՊԲՀ-ի, ԵՊՀ-ի, ՀԱՀ-ի և Ֆրանսիական համալսարանների 2-րդից 5-րդ կուրսի ուսանողները։
Ցանկացողները կարող են մասնակցել անհատապես կամ 2-3 անձից կազմված խմբերով։ Նախագծի շրջանակներում ակնկալվում է զեկույցների պատրաստում։ Զեկույցների թեմաները ներառում, բայց չեն սահմանափակվում հետեւյալներով՝
- Կրթության բովանդակությանն առնչվող հարցեր
- Ուսանողների՝ համալսարանական կյանքին ներգրավվածությանն առնչվող հարցեր
- Համալսարանական կամպուսին (campus) առնչվող հարցեր
- ԲՈՒՀ-ի ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր
Զեկույցները պետք է լինեն 10-15 րոպե տևողության։ Դրանցում անհրաժեշտ է առաջ քաշել որևէ ներհամալսարանական խնդիր, ներկայացնել վերջինիս առաջացման հավանական պատճառները, փաստարկել այն ձեր տեսանկյունից և, հիմնվելով առկա իրավիճակի և ռեսուրսների վրա, հանդես գալ առաջարկություններով կամ հնարավոր ելքերով։
Գնահատման արդյունքում 10-12 ելույթի ընտրությունից հետո նախատեսվում է մասնակիցների հետ երկօրյա աշխատաժողով ունենալ Աղվերանում։ Առաջին օրը մասնակիցները հանդես կգան իրենց կողմից ընտրված խնդիրների ներկայացմամբ։ Այնուհետեւ այդ խնդիրներից յուրաքանչյուրը կքննարկվի մասնակից մյուս երեք համալսարանների համատեսքտում, դուրս կբերվեն նմանություններն ու տարբերությունները, դրական ու բացասական կողմերը, ենթադրյալ պատճառները։
Աշխատաժողովի երկրորդ օրը զեկուցումների և առաջին օրվա քննարկումնների հիման վրա ձևավորված համալսարանական թիմերը կներկայանան թեմատիկ վերլուծություններով։ Սրանք հետագայում կմշակվեն և որպես միջոցառման արդյունք կհանրայնացվեն տեսանյութերի միջոցով՝ միաժամանակ ուղարկվելով բուհերի համապատասխան բաժիններ։
Մասնակցելու համար հարկավոր է մինչև հոկտեմբերի 17-ը՝ ժամը 23:00-ը [email protected] հասցեին ուղարկել ինքնակենսագրություն CV (թիմերի դեպքում անհրաժեշտ է թիմի բոլոր անդամների CV-ները կցել ուղարկվող փաստաթղթերին), ինչպես նաև խնդրի ձևակերպումը և, ելույթի համար, առնվազն երկու հնարավոր փաստարկ (200-230 բառի շրջանակներում)։
Ընտրված մասնակիցները կհրավիրվեն հանդիպման աշխատաժողովի այլ մասնարմասներ իմանալու եւ նախապատրաստվելու համար։
Աշխատաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։
***
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) և «Ռիզոմաստիկ» ՀԿ-ն։