Մրցույթի հնարավորություն ՀՀ Արդարադատության նախարարության կողմից․ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորություն
Կառավարության` 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Ռազմավարության երկրորդ բաժնին համապատասխան` Արդարադատության նախարարությունը մեկնարկում է Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման համակարգման, մշտադիտարկման և գնահատման աշխատանքների ապահովման գործընթացը։ Նշվածի համատեքստում, ընդհանուր ոլորտային մշտադիտարկման և վերահսկողության նպատակով, Ռազմավարության երկրորդ բաժնով նախատեսվում է Մշտադիտարկման խորհրդի կազմավորումը։ Վերջինս Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի համակարգմանը, մշտադիտարկմանը և գնահատմանն աջակցելու գործառույթներ իրականացնող խորհրդակցական մարմին է։
Ըստ Ռազմավարության՝ Մշտադիտարկման խորհրդի կազմում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երկու ներկայացուցիչներ:
Ղեկավարվելով վերոնշյալով՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր կարող են ներկայացվել հետևյալ կարգով.
Հայտերը ներկայացվում են Նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ 30 օրվա ընթացքում (մինչև 2022թ.-ի օգոստոսի 28-ը ներառյալ)։ Հայտում նշվում են՝
ա) հայտը ներկայացնելու օրը, ամիսը, ամսաթիվը,
բ) կազմակերպության լրիվ անվանումը (հայերեն),
գ) կազմակերպության կազմակերպաիրավական ձևը,
դ) կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեն,
ե) կազմակերպության վերաբերյալ ամփոփ տեղեկություն:
Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները.
ա) որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությանը կամ դատական համակարգի հանրային հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործունեությունը
բ) որոնք ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալում:
Հայտին կից ներկայացվում են այն փաստաթղթերը (տեղեկությունները), որոնք հավաստում են վերոնշյալ 2-րդ կետով նշված պահանջներին (չափանիշներին) հայտ ներկայացնողի համապատասխանությունը:
Հայտ ներկայացնողը հայտում նշում է նաև այն թեկնածուին, որին առաջարկվում է ընդգրկել Մշտադիտարկման խորհրդում որպես Հայտ ներկայացողի ներկայացուցիչ, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), կենսագրական տվյալները (curriculum vitae):
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են ուղարկվել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:
Փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
Փաստաթղթերը ստանալուց հետո Արդարադատության նախարարությունն ստուգում է դրանց ամբողջականությունը և համապատասխանությունը սույն հայտարարության 1-5-րդ կետերի պահանջներին:
Փաստաթղթերը կամ դրանց կազմը թերի լինելու դեպքում հայտ ներկայացնողն այդ մասին իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
Շտկված փաստաթղթերը կրկին ներկայացվում և ընդունվում են սույն հայտարարությամբ սահմանված կարգին համապատասխան:
Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
Փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը ստուգելուց հետո ընտրության համար Արդարադատության նախարարությունը ստուգում է սույն հայտարարության 2-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող կազմակերպությունների ներկայացրած թեկնածուների տվյալները: Թեկնածուների ընտրության ընթացքում Արդարադատության նախարարությունը հաշվի է առնելու առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը դատական և իրավական ոլորտներում, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների (աշխատությունների), կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները հրապարակվում են Արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:
Նախարարությունը թեկնածուների ընտրությունը կատարում է հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում և ապահովում է թեկնածուների ընտրության արդյունքների մասին տեղեկատվության հրապարակումն Արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում: