Քննադատական մտածողության դպրոց․ մասնակցության հրավեր ուսանողների համար
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Երևանում և ՀՀ մարզերում գործող համալսարանների ուսանողներին, ինչպես նաև Արցախի բուհերում ուսանած երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 8-ից 10-ը, Ծաղկաձորում։
Դպրոցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորելու տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման և պրոյեկտային մտածողության հմտություններ։
Դպրոցի ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի ուսանողների ինքնակառավարման կանոնակարգերի մշակման և զարգացման հնարավորություններին, ինչպես նաև ուսանողական ժողովրդավարության, բուհերի կառավարման գործում ուսանողների ներգրավման հարցերին։
Դպրոցի մեթոդաբանությունը մասնակցային է և ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, գործնական աշխատանք։ Քննադատական մտածողության դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։
Դիմելու կարգը
Մասնակցել ցանկացող ուսանողները պիտի լրացնեն առցանց հայտը մինչև ս.թ. նոյեմբերի 19-ը ներառյալ:
Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք գրել Մհեր Թարոյանին՝ [email protected] էլ. հասցեով, վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց. դիմորդի Անուն Ազգանուն»:
Մասնակցության պայմանները
Դասընթացին մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք օր: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դպրոցի մասնակիցները կստանան հավաստագրեր:
***
Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։