Դրամաշնորհային հնարավորություն ԵՀՀ-ի կողմից․ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների բաց մրցույթ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի համար
Ծրագրի մասին
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է նախաձեռնությունների դրամաշնորհային բաց մրցույթ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի շահառու խմբերի համար։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ), Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Մաթևոսյան հիմնադրամի հետ համատեղ:
Կոնտեքստ
«Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագրում փորձ է արվում որոշարկել աղքատության բազմաչափ դրսևորումները՝ նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը: Ծրագիրը եռամյա հետազոտահեն նախաձեռնություն է, որի նպատակն է մեղմել աղքատության պատճառները և հետևանքները տնտեսապես անբարենպաստ պայմաններում գտնվող Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում:
Համաձայն ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների Հայաստանի հյուսիսային մարզերը՝ Տավուշը, Շիրակը և Լոռին աղքատ մարզեր են։ Աղքատության մակարդակը ՀՀ բնակչության բարեկեցության և կենսամակարդակի գնահատման կարևոր ցուցանիշ է։ Այս համատեքստում աղքատությունը դիտարկվում է որպես հինգ առանցքային ցուցանիշների համախումբ՝ ներառելով հիմնական կարիքները, կենսապայմանները կամ բնակարանային պայմանները, ինչպես օրինակ՝ բնակարանի ջեռուցման առկայությունը, արժանապատիվ աշխատանքի առկայությունը, առողջապահական ծառայությունների և կրթության հասանելիությունը։
Ոչ նյութական աղքատության հաղթահարման հիմնական ուղղությունը կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության բարելավումն է, այն է՝ անվճար ծառայությունների հասցեականության ապահովումը և վճարովի ծառայություններից օգտվելու կարողությունների աճը: Միևնույն ժամանակ, հանրության և քաղաքացիական հասարակության նախաձեռնողականությունը էական է բազմաչափ աղքատության նվազեցման հարցում, որի խթանմանն է ուղղված այս մրցույթը։
Մրցույթի նպատակները և խնդիրները
Աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների բաց մրցույթի նպատակն է բազմաչափ աղքատության և զրկանքների նվազեցմանն ուղղված նոր գաղափարների գեներացումը և նախաձեռնությունների միջոցով այդ գաղափարների իրագործումը։
Ակնկալվում է, որ մշակվելիք նախաձեռնությունները կթիրախավորեն հետևյալ ոլորտները՝ նպաստելով ՀՀ երեք մարզերում բնակչության (հատկապես գյուղական վայրերի)․
(1) հիմնական կարիքների հասցեագրմանը, օրինակ՝ սննդի և հագուստի ապահովման, ծայրահեղ աղքատության նվազեցմանն ուղղված նորարար և երկարաժամկետ լուծումների միջոցով (հումանիտար/բարեգործական ծրագրերը չեն կարող դիտարկվել)։
(2) կենսապայմանների՝ բնակարանային պայմանների բարելավմանը, օրինակ՝ առողջությանը չվնասող ջեռուցման, կենտրոնացված ջրամատակարարման համակարգի մշտական հասանելիության, կենտրոնացված ջրահեռացման և աղբահանության, հանրային ծառայությունների, տրանսպորտի (ներառյալ այլընտրանքային և առողջ միջոցների) հասանելիության և աղբահանության հետ կապված հիմանահարցերի հաղթահարման միջոցով։
(3) արժանապատիվ աշխատանքի խթանմանը, օրինակ՝ աշխատաշուկայում մասնակցության խթանման և տևական գործազրկության հաղթահարման միջոցով։
(4) առողջության բարելավմանը, օրինակ՝ առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության, որակի հիմնահարցերի կարգավորմամբ։
Էական է, որ առաջարկվող գաղափարները հասցեագրեն հետազոտական տվյալներով հիմնավորված խնդիրներ: «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագրում իրականացված հետազոտական նյութերին և տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դրամաշնորհային գաղափարները ունեն թեմատիկ լայն շրջանակ, սակայն դրանք բոլորն էլ հասցեագրում են աղքատությունը՝ որպես համակարգային խնդիրների համախումբ։
Ակնկալվում է, որ առաջարկվող ծրագրերի արդյունքում կիրականացվեն նախաձեռնություններ, որոնք կթիրախավորեն հետևյալ գործիքակազմը․
Սոցիալական ձեռնարկատիրություն (ՍՁ)
Սահմանում՝ սոցիալական ձեռնարկատիրությունը գործունեության ձև է, որի ստեղծման առաքելությունը սոցիալական կամ հանրային նշանակության խնդիրների լուծումն է տնտեսական գործունեության միջոցով և ստացվող շահույթի օգտագործումը բացառապես այդ առաքելության իրականացման համար։ ՍՁ գործունեության հիմնական և կարևոր սկզբունքը հանրային շահի առկայությունն է։ ՍՁ ստեղծման նպատակը կոմերցիոն գործունեության միջոցով սոցիալական ազդեցության հասնելն է և ոչ թե շահույթի ստացումը։ Այսպիսով, ՍՁ գործունեության՝ ապրանքների կամ ծառայությունների մատուցման արդյունքում ստացվող շահույթն օգտագործում է միայն սոցիալական ուղղվածության խնդրի հասցեագրման նպատակով։
Օրինակները՝ ստեղծվելիք ՍՁ-ների ազդեցությունը կարող է ուղղված լինել հետևյալ ոլորտներին և ոչ միայն․
- Մատչելի հագուստի և կոշիկի հասանելիությանն ուղղված նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ կոշիկի և հագուստի տեղական արտադրությանը միտված խմբակներ, հագուստի վերաօգտագործման կազմակերպում, հագուստի և կոշիկի արտադրության/վաճառքի (այդ թվում առցանց) հաջողված փորձի ներմուծում կամ տեղայնացում մարզերում։
- Հանրային առողջ սննդի հասանելիություն։ Որպես օրինակ՝ ՍՁ-ն կարող է գործունեություն ծավալել սննդի ոլորտում՝ հանրությանը մատուցելով մատչելի առողջարար և որակյալ սնունդ։ Բալանսավորված սննդակարգի խթանմանն ուղղված սոցիալական նախաձեռնություններ, որոնք իրենց գոյությամբ կարող են բարձրացնել այս ոլորտում հանրության կրթամակարդակը։ Գյուղատնտեսական նորարական նախաձեռնություններ առողջ սնունդը ավելի մատչելի և հասանելի դարձնելու համար։ Տարեցների համար սննդի առաքման ծառայություններ։
- Արժանապատիվ աշխատանքի ձեռքբերմանը միտված սոցիալական նախաձեռնություններ, օրինակ՝ երեխայի խնամքի ծառայություններ աշխատել ցանկացող կանանց համար, երիտասարդների աշխատանքային փորձի ձեռքբերմանը կամ աշխատանքային հմտությունների զարգացմանը, աշխատանքային իրավունքի պաշտպանմանը միտված իրավական նախաձեռնություններ և այլն։
- Համայնքների մշակութային կյանքի բարելավում։ Սա ՏԻՄ-երի գործունեության տիրույթում է։ ՍՁ-ները կարող են հետաքրքիր մոտեցումներ առաջարկել տոների, տոնավաճառների, մշակութային տարբեր միջոցառումների, խմբակների, հանրային կամ համայնքային այլ տեղական նախաձեռնությունների կազմակերպման համար։
- Արհեստներ և արվեստներ (arts & crafts)՝ կիրառական արվեստի նմուշների, հագուստի պարագաների արտադրություն և վաճառք և այլն։
Խրախուսվում է օգտագործել համաֆինանսավորման արշավների՝ քրաուդֆանդինգի (crowdfunding), էլեկտրոնային առևտրի (e-shopping) և մարքեթինգի (e-marketing) գործիքներ։ Քրաուդֆանդինգը անհատներից և կազմակերպություններից հավաքագրվող ֆինանսական միջոցներն են, որոնք ուղղվում են որևէ ծրագրի իրականացմանը։ Քրաուդֆանդինգի պարագայում խրախուսվում է նշված գործիքի ինտեգրումը նախաձեռնությունների իրականացման քայլերի մեջ՝ հստակ նկարագրելով թիրախ լսարանը, քրաուդֆանդինգի իրականացման մեխանիզմը և հավաքագրվող ֆինանսական, նյութական և ոչ նյութական միջոցների օգտագործումը ծրագրի ընթացքում։
Մեծ ուշադրություն է դարձվելու ստեղծվելիք ՍՁ-ների կայունությանը, այսինքն՝ առաջարկվող ծրագրերում հստակ պետք է հիմնավորված լինի, թե ինչպես է ՍՁ-ն շարունակելու իր գործունեությունը ծրագրի ավարտից հետո։
Մասնակցային բյուջետավարում
Սահմանում՝ մասնակցային բյուջետավորումը ժողովրդավարական գործընթաց է, որի դեպքում համայնքային դերակատարները՝ բնակիչները, ոլորտային մասնագետները, ՀԿ-ները ՏԻՄ-ի հետ միասին ուղղակիորեն պլանավորում և որոշում են կայացնում, թե համայնքային բյուջեի որևէ մասը ինչպես է կարելի արդյունավետ օգտագործել։
Ոլորտները՝ մասնակցային բյուջետավարման նախաձեռնություններ կարող են իրականացվել ստորև նշված և այլ ուղղություններով․
- Համայնքներում մշակութային կյանքի բարելավում։ Դիմորդները կարող են նոր մոտեցումներ առաջարկել համայնքային տոների, մշակութային միջոցառումների, համայնքային մշակութային հաստատությունների գործունեության կազմակերպման համար։
- Տարեցների ակումբների ստեղծում, նրանց համար գործունեության և ժամանցի հնարավորությունների, կրթական ծառայությունների ապահովում, հոբբիների խմբակների հիմնում, տարեցների գիտելիքի փոխանցում երիտասարդներին։
- Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը խթանող նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, առողջությանը չվնասող ջեռուցման համակարգերի բարելավում։
- Պետական և տեղական սոցիալական քաղաքականությունների և սոցիալական ծրագրերի, օրինակ՝ սոցիալական աջակցության տրամադրման, զբաղվածության և այլ սոցիալական ծրագրերի մշտադիտարկման, խոցելի խմբերի և շահառուների ուղղակի ներգրավմամբ քաղաքականությունների բարելավման առաջարկների մշակում և ներկայացում տեղական իշխանություններին։
- Խոցելի խմբերի և շահառուների ուղղակի ներգրավման միջոցով՝ հանրային առողջապահական ծառայությունների բացերի և բարելավման եղանակների վերաբերյալ գործուն բյուջետային նախաձեռնությունների մշակում և առաջմղում։
Խրախուսվում է մասնակցային բյուջետավորումը զուգակցել համաֆինանսավորման արշավների՝ քրաուդֆանդինգի հետ։
Կրթական ծրագրեր
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ թիրախ մարզերի բնակիչները կարիք ունեն վերապատրաստման բաղադրիչով և հետևյալ թեմաներով ծրագրերի․
- Ֆինանսական գրագիտություն, որը կօգնի տնային տնտեսություններին ավելի արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական միջոցները, ինչպես նաև կառավարել կոմունալ ծառայությունների ծախսերը հնարավորինս խուսափելով «պարտքեր» վերցնելու մշակույթից։
- Տարեցների (65+), գործազուրկների, կանանց շրջանում նոր հմտությունների զարգացում։
- Ոչ-ֆորմալ կրթական հնարավորություններ միջազգային կազմակերպությունների գործունեության հիմնական աշխարհագրությունից դուրս գտնվող համայնքների կամ քաղաքների (օրինակ՝ Սպիտակ) բնակիչների համար։
Ծրագրի շրջանակներում ֆինանասավորվող 7-10 նախաձեռնությունների իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ առավելագույնը 4 սոցիալական ձեռնարկություն, առավելագույնը 4 մասնակցային բյուջետավարման գործողություն, առավելագույնը 2 կրթական ծրագիր։ Բոլոր ֆորմատների դեպքում էլ խրախուսվում է օգտագործել քրաուդֆանդինգի (crowdfunding), էլեկտրոնային առևտրի (e-shopping) կամ մարքեթինգի (e-marketing) գործիքներ։
Ներկայացվող նախաձեռնությունները միաժամանակ կարող են հասցեագրել վերոնշյալ ձևաչափերից մեկը կամ համադրել մի քանիսը։
Դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերը
- Ծրագրային գաղափարներով կարող են դիմել Հայաստանում գրանցված ՔՀԿ-ները, որոնք գործունեություն են ծավալում կամ ունեն շահառուների խմբեր և կոնտակտներ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ ՔՀԿ-ները չեն կարող դիմել կոնսորցիումով։
- Ծրագրի շրջանակներում խրախուսվում է համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների, ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի, ինչպես նաև մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ, սակայն այդ կառույցները չեն կարող հանդիսանալ համադիմողներ։
- Մեկ դրամաշնորհի առավելագույն չափը ՍՁ կամ մասնակցային բյուջետավարման նախաձեռնությունների դեպքում կկազմի մինչև 4,000,000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը, անկախ այն հանգամանքից, համադրվել են առաջարկվող ձևաչափերը, թե ոչ, իսկ միայն կրթական նախաձեռնությունների պարագայում՝ մինչև 2,000,000 ՀՀ դրամ։
- Մեկ հայտատուն կարող է դիմել միայն մեկ նախաձեռնության համար։
- Դրամաշնորհային ծրագրերի իրականացման առավելագույն ժամկետը 12 ամիս է։ Ծրագրերի իրականացման ընթացքում ԵՀՀ աշխատակիցները կտրամադրեն հընթացս խորհրդատվություն բովանդակային և տեխնիկական հարցերով։
- Դրամաշնորհների ներկայացման վերջնաժամկետը 2022 թ․ օգոստոսի 20-ն է, ժամը 18։00-ն։
Նախքան մրցույթի վերջնաժամկետը ԵՀՀ և ծրագրի կոնսորցիումի անդամների կողմից կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ հետաքրքրված հայտատուների հարցերին պատասխանելու համար, ինչպես նաև տեղի կունենան ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների ներկայացումներ Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում, նաև մեկ առցանց տեղեկատվական հանդիպում։ Ստորև ներկայացնում ենք տեղեկատվական հանդիպումների և հետազոտության ներկայացումների գրաֆիկը և կազմակերպման վայրը․
Շիրակի մարզ
Օրը․ հուլիսի 19, ժամը 12:00
Վայրը․ Գյումրի ԻնֆոՏուն, Սախարով կենտրոն ՀԿ (հասցե՝ ք. Գյումրի, Մկրտչյան 38ա
փող., բն. 1)
Տավուշի մարզ
Օրը․ հուլիսի 20, ժամը 12:00
Վայրը․ Իջևան ԻնֆոՏուն ՀԿ (հասցե՝ ք. Իջևան, Անկախության 60)
Լոռու մարզ
Օրը․ հուլիսի 26, ժամը 12:00
Վայրը․ Վանաձոր ԻնֆոՏուն, ՀԿ կենտրոն ՀԿ (հասցե՝ Խորենացի 6/1, ք․ Վանաձոր)
Առցանց հանդիպում (Զում)
Օրը․ հուլիսի 27, ժամը 12:00
Զումի հղում՝
https://us02web.zoom.us/j/83950795803?pwd=N1RlS0tVQld5elN0K1MzRncxUDEwZz09
Meeting ID: 839 5079 5803
Passcode: 093626
Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել այստեղ։
Հայտերի գնահատման չափանիշները
№ |
Չափանիշ |
Միավոր |
1 |
Նախագծի արդիականությունը, որը պետք է հիմնավորված լինի հետազոտական տվյալներով և համապատասխանի «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագրի նպատակներին և առաջնահերթություններին |
15 |
2 |
Հայտատուի կարողություններն ու փորձը ներկայացվող ծրագրի իրականացման ոլորտում |
10 |
3 |
Նշված նախաձեռնությունների տեսակների և թեմաների թիրախավորումը |
30 |
4 |
Բյուջեի համապատասխանությունը ծրագրի բովանդակությանը |
15 |
5 |
Նախագծի իրականացման ընթացքում անմիջական շահառուների ներգրավվածության աստիճանը և ծրագրի կայունությունը (sustainability) |
30 |
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն կարճ հայտադիմում (տե՛ս կից) և կցեն հայտադիմումում նշված փաստաթղթերի պատճենները, փաթեթն ուղարկելով էլեկտրոնային տարբերակով, [email protected] էլ․ հասցեով՝ նամակի վերնագրում (subject line) նշելով “Poverty Reduction_Initiatives_” և կարճ՝ ծրագրի վերնագիրը:
Մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի համակարգող Տաթևիկ Փափազյանին՝ բջջ․ +374 93 25 15 96, էլ. հասցե՝ [email protected]:
Հայտերի գնահատման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առաջարկվող նախաձեռնության շրջանակներում իրավունքահեն մոտեցման, գենդերային հավասարության, խտրականության բացառման և ներառականության սկզբունքների պահպանմանը։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ փաստաթղթերը՝
- հայտի ձևը․
***
««Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում կոնսորցիումը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները»: