Դասընթացի հրավերը իրավաբանների համար՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին մասին
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը (Երևան, ՀՀ) և վերջինիս միջազգային գործընկեր «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» (ACCESS, Ստրասբուրգ, Ֆրանսիա) հասարակական կազմակերպությունը հայտարարում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող առցանց դասընթացի մասնակիցների գրանցում: Դասընթացը ստեղծվել է Եվրոպական խորհրդի (ԵԽ)՝ «Իրավագետների համար մարդու իրավունքների ուսուցում» (HELP) ծրագրի հետ սերտ համագործակցության արդյունքում: Դասընթացի տևողությունը 10 շաբաթ է, շաբաթական 4 աշխատանքային ժամ: Այն տեղի կունենա 2018թ. ապրիլի 3-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում:
Դասընթացը կոչված է բավարարելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով հետաքրքրված իրավաբանների և մարդու իրավունքների ոլորտի մասնագետների տեղեկատվական կարիքները: Այն մշակվել է HELP ծրագրի մեթոդաբանության կիրառմամբ: Իրավաբանների դերն այս հարցում առավել քան կարևոր է, քանզի նրանք են ազգային և միջազգային օրենքների ներքո հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հիմնական ջատագովն ու պաշտպանը:
Առցանց դասընթացն իրականացվելու է Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորված «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն՝ հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» երկամյա ծրագրի շրջանակներում:
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող առցանց դասընթացն ու վերջինիս՝ Հայաստանի համար հարմարեցված տարբերակը:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող առցանց դասընթացը մշակվել է ACCESS կազմակերպության և HELP ծրագրի Քարտուղարության հետ համատեղ: 2017թ.-ին ACCESS-ի երկու միջազգային փորձագետները մշակեցին դասընթացի անգլերեն տարբերակը՝ ACCESS-ի և HELP ծրագրի հետ սերտ համագործակցությամբ: Դասընթացը մատչելի է բոլոր այն օգտատերերի համար, ովքեր ունեն համակարգիչ և համացանց՝ HELP հարթակում գրանցվելու համար:
Դասընթացը կունենա հայերեն լեզվով երկու հարմարեցված տարբերակ՝ իրավաբանների և հասարակական կազմակերպությունների համար:
Մասնակիցների համար կանցկացվեն առերես և առցանց դասընթացներ, որոնք կվարի Ազգային դասընթացավարը: Առցանց դասընթացը բաղկացած է Եվրախորհրդի 2017-2023թթ.՝ հաշմանդամության ոլորտին առնչվող ռազմավարության գերակայություններին համապատասխանող հետևյալ մոդուլներից.
- Ներածական մոդուլ;
- Հակախտրականություն և միջոլորտային հարցեր;
- Իրավունակություն և անկախ ապրելակերպ;
- Մատչելիություն և անկախ ապրելակերպ;
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներ:
Դասընթացի ողջ տևողության ընթացքում մասնակիցները կստանան անհրաժեշտ տեղեկատվական և տեխնիկական աջակցություն: Ազգային դասընթացավարը մասնակիցների համար կանցկացնի տեղեկատվական սեմինարներ և կներկայացնի դասընթացի ծրագիրն ու մեթոդաբանությունը (մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն սեմինարների անցկացման վայրի ու ժամկետների վերաբերյալ):
2.Որո՞նք են դասընթացի առավելությունները
Առաջարկվող դասընթացն առանձնահատուկ է երկու առումով. այն HELP ծրագրի առաջին դասընթացն է, որի հիմնական թիրախային խումբը, բացի իրավաբաններից, նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են, այն նաև առաջին համապարփակ դասընթացն է, որն անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին: Բացի այդ, դասընթացը հասանելի կլինի նաև մատչելի ձևաչափերով, որպեսզի հնարավորինս շատ մասնագետներ կարողանան օգտվել դրանից: Դասընթացի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավաբաններին և այլ հետաքրքրված անձանց տրամադրել լիարժեք գիտելիքներ Եվրախորհրդի և միջազգային չափանիշների վերաբերյալ: Այդ նպատակին հասնելու համար նախագծվել է 10-շաբաթյա դասընթաց՝ հիմնված HELP ծրագրի նորարարական մեթոդաբանության վրա: Այն հասանելի է HELP-ի առցանց հարթակում: Դասընթացներին կնախորդեն անմիջական հանդիպումները մասնակիցների հետ:
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.
- Ծանոթանալ և համեմատել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի Կոնվենցիայում և Եվրախորհրդի գործիքներում (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, Եվրոպական սոցիալական խարտիա և այլ փաստաթղթեր) ամրագրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային չափանիշները;
- Հասկանալ և տարբերակել եվրոպական մարմինների դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու և խթանելու գործում՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն;
- Քարոզչական ռազմավարություններ մշակելիս գործնականում կիրառել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Եվրոպական սոցիալական խարտիայի և այլ եվրոպական չափանիշները՝ նպատակ ունենալով նոր մակարդակի բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը;
- Դառնալ հավաստագրված մասնակիցներ՝ դասընթացի ավարտին ստանալով Եվրախորհրդի HELP ծրագրի հավաստագրեր: Ամենաառաջադեմ մասնակիցները կներառվեն HELP-ի հավաստագրված դասընթացավարների ցուցակում և ապագայում հնարավորություն կունենան մասնակցելու Եվրախորհրդի գրասենյակների և ազգային կրթական հաստատությունների կողմից նախաձեռնած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային վերաբերող տեղական և միջազգային միջոցառումներին:
3. Դասընթացի թեկնածուներին ներկայացվող պահանջներ
Դասընթացը նախատեսված է հայախոս իրավաբանների (դատավորների, դատախազների, դատապաշտպանների, Կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների) համար, որոնք հետաքրքրված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով և այլ ոլորտային հարցերով:
Մանսակիցները պետք է.
- Հետաքրքրված լինեն պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց շահերն ու իրավունքները ազգային և միջազգային մակարդակներում;
- Ցանկություն ունենան նոր գիտելիքներ ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող միջազգային չափանիշների մասին՝ կիրառելով ՄԱԿ-ի և ԵԽ-ի համապատասխան գործիքները;
- Ցանկություն և հնարավորություն ունենան շաբաթական առնվազն 4 ժամ տրամադրել պարապմունքներին, ժամանակին կատարել բոլոր հանձնարարությունները/գործնական աշխատանքները և ակտիվորեն մասնակցել խմբային քննարկումներին;
- Լավ տիրապետեն հայերեն լեզվին: Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր:
6. Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրությունն ու հետաքրքրվածության արտահայտման նամակը [email protected] էլ. հասցեին մինչև ս.թ. մարտի 9-ի ժ.12.00: Բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկվեն Word կամ PDF ձևաչափով: Դիմումներն ընդունվում են հայերեն կամ անգլերեն լեզուներով:
Դասընթացի վերաբերյալ մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Ռուզաննա Սարգսյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]: