Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպչի մրցույթ
Աղբյուրը՝ այստեղ
Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպչի հավակնորդ դառնալու համար շտապեք դիմել մշակույթի նախարարություն. հայտերն ընդունվում են մինչև ս. թ. հուլիսի 15-ը
Մշակույթի նախարարությունը շահույթ չհետապնդող կազմակերպությունների շրջանում հայտարարում է Գրքի երևանյան 2-րդ եռօրյա փառատոնի կազմակերպիչ դառնալու
մրցույթ: Փառատոնը նախատեսվում է անցկացնել ս. թ. հոկտեմբերին:
Փառատոնի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կհանդիպեն գրողը, ընթերցողն ու հրատարակիչը: Այն միտված է հայ գրականության հանրահռչակմանը և հրատարակչական գործի խթանմանը:
Ծրագրի պարտադիր բաղադրիչներն են.
- հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ գրքի ցուցահանդես-տոնավաճառ,
- գրողների, գրքի ձևավորողների, նկարազարդողների ստեղծագործական մրցույթ (անվանակարգերը տե՛ս ստորև),
- շնորհանդեսներ (պարտադիր նաև 2017 թվականին կայացած Գրքի երևանյան փառատոնի շրջանակում հաղթած գրքերի):
Ցանկալի է փառատոնի ծրագրում ընդգրկել նաև.
- քննարկումներ,
- վարպետության դասեր,
- ընթերցումներ,
- կենդանի երաժշտություն և այլն:
Ստեղծագործական մրցույթի անվանակարգերն են.
- արձակ,
- պոեզիա,
- դրամատուրգիա,
- մանկապատանեկան գրականություն,
- գրքի շապիկի ձևավորում,
- գրքի նկարազարդում:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն նախկինում չհրատարակված: Մրցութային անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Մրցանակային ֆոնդի գումարը կհատկացնի մշակույթի նախարարությունը:
Հայտատուն պետք է ներկայացնի ստեղծագործական մրցույթի անցկացման հնարավորինս թափանցիկ և անաչառ կանոնակարգ:
Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպչի հավակնորդ դառնալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով կազմակերպության գործունեության մասին տեղեկություն, պետական գրանցման վկայականի պատճենը, կանոնադրությունը, կոնտակտային տվյալներ՝ նամակի վերնագիր տողում (subject) նշելով՝ «Կազմակերպիչ դառնալու հավակնորդ»։
Հայտ կարող է ներկայացնել Հայաստանում գրանցված, շահույթ չհետապնդող այն կազմակերպությունը, որն ունի գրական կամ մշակութային գործունեության նվազագույնը երկու տարվա արդյունավետ փորձ:
Հայտի փաթեթում պետք է ներառված լինի Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական հաշվարկը (հաղթողների մրցանակային գումարները՝ ներառյալ): Նախապատվությունը կտրվի համաֆինանսավորում ունեցող ծրագրերին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի հուլիսի 15-ն է։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 011-52-39-38 հեռախոսահամարով: