Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ծրագրեր իրականացնելու դրամաշնորհային հնարավորություն
Հայնրիխ Բյոլ հիմնադրամը (ՀԲՀ) կանաչ վերլուծական կենտրոն է և միջազգային քաղաքականության ցանց։ Այն մաս է Կանաչների քաղաքական շարժման, որը ձևավորվել և տարածվել է ողջ աշխարհում՝ ի պատասխան սոցիալիզմի, լիբերալիզմի և պահպանողականության ավանդական քաղաքականության։
Լինելով կանաչ արժեքների և ծրագրերի մտքի կենտրոն՝ մենք միջազգային ցանցի մաս ենք, որն ունի շուրջ 100 ծրագրային գործընկեր աշխարհի մոտ 60 երկրում։
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը բացվել է 2003 թ․-ին Վրաստանում՝ Թբիլիսիում։ Հիմնադրամի հիմնական նպատակն է խթանել ժողովրդավարացման գործընթացը Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։ ՀԲՀ Երևանը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի մասն է։
Մենք խթանում ենք գենդերային հավասարությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, սոցիալական և բնապահպանական արդարությունը։ Ելնելով ՀԲՀ-ի հիմնարար արժեքներից՝ մենք աջակցում ենք այն քաղաքացիական նախաձեռնություններին, որ ձևավորում են ներառական քաղաքական մշակույթ և զարգացնում այն։ Նման քաղաքական մշակույթը հնարավորություն է ստեղծում, որ հանրությունը մասնակցի ժողովրդավարական զարգացմանը, սոցիալ-բնապահպանական փոխակերպմանը, գենդերային ժողովրդավարությանը առնչվող գործընթացներին։ Մենք համաշխարհային քաղաքացիական հասարակության մաս ենք և սատարում ենք տեղական նախաձեռնություններին, որ պայքարում են մասնակցային և արդար հասարակություն ստեղծելու համար։
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը հայտարարում է դրամաշնորհային հնարավորության մասին․ ծրագրերը պետք է իրականացվեն 2022 թ․-ին՝ Հայաստանում։ Մենք աջակցելու ենք այն նախագծերին, որ կիրականացվեն հետևյալ ծրագրային ուղղություններով՝
- ժողովրդավարական քաղաքական մշակույթ և քաղաքացիական հասարակություն,
- բնապահպանական կայունություն և քաղաքային զարգացում։
Ժողովրդավարական քաղաքական մշակույթ եվ քաղաքացիական հասարակություն ծրագրային ուղղության շրջանակներում հիմնադրամի համար առաջնային են լինելու այն հայտերը, որոնք խթանում են քաղաքացիական մասնակցությունը կամ քաղաքական կրթությունը հետևյալ ուղղություններով՝
- հետպատերազմյան հասարակության բևեռացման պատճառների և հետևանքների վերաբերյալ քննարկման խթանում,
- ներառական քաղաքական մշակույթի խթանում և հասարակական մասնակցություն Հայաստանի ժողովրդավարական զարգացման վերաբերյալ քննարկումներին,
- սովետական անցյալի և հիշողության քաղաքականության վերաիմաստավորում՝ հանրային դիսկուրս բերելով բազմակարծիք և քննադատական մոտեցումներ,
- Հայաստանի մարզերի/համայնքների քաղաքական և սոցիալական հարցերը քննարկելու, լուծումներ փնտրելու գործընթացում հանրության ներգրավման նոր եղանակներ, այդ թվում՝ մշակութային, օրինակ՝ ցուցահանդեսներ, փաստավավերագրական ֆիլմեր, բեմականացումներ և այլն,
- հետազոտություններ/նախաձեռնություններ/միջոցառումներ/հրապարակումներ, որոնց նպատակն է գենդերային հավասարության օրակարգը, համապատասխան գիտելիքը բազմազանելը,
- տարբեր հասարակական խմբերի (ազգային և կրոնական փոքրամասնություններ, ԼԳԲՏՔԻ համայնքը) շահերի պաշտպանություն քաղաքական օրակարգի շրջանակներում, խմբերի զորեղացում,
- հետազոտություններ, թարգմանություններ, աշխատարաններ և այլ ձևաչափեր, որ առնչվում են «կանաչ» քաղաքական կրթությանը։
Բնապահպանական կայունություն եվ քաղաքային զարգացում ծրագրային ուղղության շրջանակներում հիմնադրամի համար առաջնային են լինելու այն հայտերը, որոնք խթանում են քաղաքացիական մասնակցությունը կամ քաղաքական կրթությունը հետևյալ ուղղություններով՝
- արշավներ և գործունեություն (հետազոտություն, հրապարակումներ, հետաքննական լրագրություն, կլոր սեղան քննարկումներ), որ կարևորում և խթանում են ջրի, հողի և օդի պաշտպանությունը,
- հանրային մասնակցություն այն գործընթացներին և ընթացակարգերին, որոնք առնչվում են շրջակա միջավայրի և բնապահպանական կայունության վրա ազդեցություն ունեցող որոշումների կայացմանը,
- քաղաքային զարգացման մարդակենտրոն, տնտեսական, սոցիալական և գենդերային ասպեկտներ,
- գենդերային հավասարության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման փոխառնչությունների վերաբերյալ քննարկումներին նպաստող գործունեություն։
Հիմնադրամին դիմելու կանոններ և ընթացակարգեր
- Ծրագրային առաջարկը պետք է գրվի անգլերեն և չգերազանցի 10 էջը (ծրագրային հայտի ձևաթուղթը կցված է այս հայտարարությանը)։ Այն պետք է ներառի դիմողի (կազմակերպություն, նախաձեռնող խումբ) փորձառությունը, նպատակները (մեկ էջի սահմաններում), խնդիրը և ծրագրի իրականացման մեթոդները (այդ թվում՝ մանրամասն բյուջետային հաշվարկը՝ ըստ կից ներկայացված բյուջետային ձևանմուշի)։ Ծրագրային առաջարկի տիտղոսաթերթում պետք է նշել մրցույթի թեմատիկ ուղղություններից մեկը, ծրագրի/նախագծի վերնագիրը, բյուջեն և դիմողի ռեկվիզիտները։
- Եթե դիմողը կազմակերպություն է, ապա տիտղոսաթերթում պետք է նշվի դրա պաշտոնական անունը, կազմակերպաիրավական ձևը, գրանցման համարը, հիմնադրման ամսաթիվը, իսկ հայտին կից պետք է ներկայացվեն ծրագրին մասնակցող թիմի անդամների կենսագրականները։
- Եթե դիմողը նախաձեռնող խումբ է, ապա տիտղոսաթերթում պետք է նշվի դրա անունը, գործունեության ուղղությունը, իսկ հայտին կից պետք է ներկայացվեն խմբի անդամների կենսագրականները։
- Ծրագրային առաջարկները պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2021 թ․-ի դեկտեմբերի 10-ը՝ ժամը 18։00-ն՝ առարկա դաշտում նշելով՝ Project Proposal for 2022։ Հայտի, թեմատիկ ուղղությունների կամ բյուջե կազմելու վերաբերյալ հարցերի դեպքում դիմողները Հիմնադրամի հետ կարող են կապ հաստատել նույն էլեկտրոնային փոստի հասցեով։
Եթե ծրագիրն իրականացվում է այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ, պետք է նշվի նման գործակցության պատճառը և անհրաժեշտությունը, գործընկերոջ հետ համագործակցության նախկին փորձը, յուրաքանչյուր կողմի/դրամաշնորհատուի դերը և բյուջեի համապատասխան բաշխումը։
- Ծրագրի բյուջեն պետք է հաշվարկվի և ներկայացվի եվրոյով։ Ծրագիրը պետք է իրականացվի 2022 թ․-ին։
Մրցույթի արդյունքների մասին կտեղեկացվեն միայն առաջին փուլն անցած դիմողները՝ մինչև 2022 թ․-ի հունվարի 10-ը։
Սահմանափակումներ
Հիմնադրամը կարևորում է այն կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի հետ համագործակցությունը, որոնք հարում են կանաչ քաղաքական արժեքների։
Դիմողները չեն կարող ծավալել որևէ տեսակի առևտրային գործունեություն։
Հիմնադրամը չի աջակցում և ֆինանսական միջոցներ չի տրամադրում հետևյալ դեպքերում՝
- խոշոր գնումներ (սեփականություն, ենթակառուցվածքներ, տեխնիկա),
- պետական հաստատություններ, քաղաքական կուսակցություններ և ծրագրեր։