ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հանրային Քաղաքականության Հետազոտությունների Կրթաթոշակներ ծրագիր, 2020թ. Covid-19 համաճարակին գիտահետազոտական արձագանքի անհրաժեշտությունը
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀՀ) աշխատում է Հայաստանում սեփական քաղաքացիների առջև պատասխանատու, ժողովրդավար, հաշվետու կառավարություն ունենալու և կենսունակ ու հանդուրժող հանրություն կառուցելու ուղղությամբ: ԲՀՀՀ-ի ուշադրության կենտրոնում են մարդու իրավունքների, կառավարման թափանցիկության, արդարադատության հասանելիության, քաղաքացիական հասարակության աջակցման և սոցիալական ներառման հարցերը: Բաց և բազմակարծիք հանրության մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաև իրավասու և ուժեղ քաղաքացիական հասարակություն ձևավորելու միտումով` ԲՀՀՀ հայտարարում է 2020թ. քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ ծրագրի անհատական դրամաշնորհների արտակարգ մրցույթ պայմանավորված Covid-19 համաճարակին գիտահետազոտական արձագանքի ձևավորման անհրաժեշտությամբ:
Ծրագիրն աջակցում է հետազոտողներին Հայաստանի առջև ծառացած քաղաքականության առավել վճռորոշ մարտահրավերների բացահայտման, կիրառական լուծումների մշակման և ջատագովությանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով։ Հանրային քաղաքականության հետազոտությունների միջոցով ծրագիրը նպատակ ունի զարգացնել անհատ հետազոտողների հանրային կյանքի տարբեր ոլորտներում գործընթացների վրա ազդելու կարողությունները, նպաստել հետազոտողների, քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև ակտիվ և առավել որակյալ համագործակցային մշակույթի ձևավորմանը` զարգացնելով հանրային քաղաքականության հետազոտության և վերլուծության վրա հիմնված երկխոսությունը:
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, բուհերի դասախոսների, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների, փորձագետների և խորհրդատուների համար: Հայտերի ներկայացման նախապայմանն է՝ նվազագույնը մագիստրոսական կրթություն հանրային կառավարման, քաղաքականության, քաղաքագիտության կամ սոցիալական այլ գիտությունների` իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների կամ համանման բնագավառներում: Հանրային քաղաքականության վերլուծության, ինչպես նաև շահերի պաշտպանություն իրականացնելու փորձը ցանկալի է, հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը` խիստ գերադասելի: Դիմորդները պարտավոր են էական ժամանակ հատկացնել առավելագույնը հինգ ամիս տևող նախագծի իրականացմանը: Հայտերը ընդունվում են անհատների (հեղինակ) կամ անհատների խմբերի (երկու համահեղինակներ) կողմից:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Դիմորդներից ակնկալվում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների շրջանակում կոնկրետ խնդիրների բացահայտում և ձևակերպում, հանրային քաղաքականության հետազոտության իրականացում` տարբեր ոլորտներում քաղաքականության խնդիրները կամ մտահոգությունները հանրայնացնելով և դրանց համար լուծումներ առաջարկելով: Կրթաթոշակառուներից ակնկալվում է ձևակերպել փաստավորված խնդիրներ, բարեփոխումների ու դրանց իրականացման վերաբերյալ հարցադրումներ, կիրառել համապատասխան մեթոդաբանական գործիքներ և առաջարկել ապացույցների վրա հիմնված եզրակացություններ ու առաջարկներ: Ուսումնասիրության արդյունքում ակնկալվում է, որ կրթաթոշակառուները ներկայացնեն պարզ, իրագործելի ու թիրախավորված առաջարկներով քաղաքականության հետազոտության փաստաթուղթ և քաղաքականության վերլուծության համառոտագիր:
Կրթաթոշակառուներից ակնկալվում է իրենց հետազոտության վերաբերյալ ջատագովության պլանի մշակում և դրա իրականացմանն ուղղված պահանջվող ժամանակի տրամադրում։ Գործողությունները կարող են ներառել հանդիպումներ ու քննարկումներ տվյալ ոլորտի պատասխանատուների հետ, հանրային քննարկումներին մասնակցություն, ինչպես նաև հանրային հաղորդակցման տարբեր ձևաչափերում նեգրավվածություն` տվյալ հանրային քաղաքականության զարգացումների վերաբերյալ տեղեկացված ու հետևողական լինելու միտումով: Ակնկալվում է, որ կրթաթոշակառուն ինքնուրույն հանձն կառնի իր հետազոտության ջատագովության իրականացումը:
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Դիմորդները պետք է լրացնեն ծրագրի ներկայացման ու գնահատման համար նախատեսված հանրային քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ 2020թ․ ծրագրի հայտի ձևը:
Բոլոր դիմորդները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին` հայտը ներկայացնելու վերջնաժամկետից յոթ շաբաթների ընթացքում: Առաջին փուլն անցած դիմորդները հնարավոր է հրավիրվեն հարցազրույցի:
ԲՅՈՒՋԵ
Կրթաթոշակառուները կստանան անհատական դրամաշնորհներ մինչև $3,000 (ԱՄՆ դոլար) հետազոտության ծախսերը հոգալու նպատակով:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ԲՀՀՀ-ը աջակցում է կրթաթոշակառուների քաղաքականության վերլուծության կարողությունների զարգացմանը: Կրթաթոշակառուները մասնակցում են ԲՀՀՀ-ի կողմից կազմակերպվող՝ հանրային քաղաքականության վերլուծության կարևորության, խնդիրների ձևակերպման, հետազոտական մեթոդաբանության և ջատագովության հաջողված փորձերի վերաբերյալ դասընթացին: Կրթաթոշակառուներից ակնկալվում է իրենց փորձառության ներդնում ու ակտիվ մասնակցություն ԲՀՀՀ-ի և այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից պարբերաբար կազմակերպվող հանրային քննարկումներին ու հանդիպումներին:
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն՝ հետազոտության առաջարկների հայտը (հավելված 2) և ռեզյումե (պարտադիր), ինչպես նաև նախկինում իրականացրած հետազոտության նմուշ կամ հղում (ցանկալի) հետևյալ էլ. հասցեին [email protected] մինչև 2020թ.
ՀՈՒԼԻՍԻ 21-ը, ժամը 17։00-ը
Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային տեսքով:
Հայտը ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում դիմորդները կստանան հաստատող նամակ հայտի ստացման վերաբերյալ։ Նամակը չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվում։
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հանրային քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ ծրագրի համակարգող՝ Վալենտինա Գևորգյանին՝ [email protected]
Մանրամասները կարող եք գտնել այստեղ։