Հանրային լրագրության ակումբը (այսուհետ՝ ՀԼԱ) հրավիրում է հետազոտական կազմակերպություններին, անհատ հետազոտողներին դիմելու «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ապատեղեկատվական հոսքերն ու կեղծ պատմույթները» թեմայով հետազոտություն իրականացնելու մրցույթին։
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի համատեքստում շրջանառվող ապատեղեկատվական հոսքերը, կեղծ պատմույթները, դավադրապաշտական տեսությունները, որոնք խեղաթյուրում են իրական գործընթացները և խոչընդոտում են ժողովուրդների ու պետությունների միջև հարաբերությունների կառուցմանը։ Հետազոտությունը, վեր հանելով առկա խնդիրները, պետք է գտնի դրանց օրինաչափությունները, ընդհանրությունները, տարբերությունները և առանձնահատկությունները, առաջարկի ռազմավարական հաղորդակցության այնպիսի մոտեցումներ, որոնք կօգնեն հաղթահարել վեր հանված խնդիրներն առնվազն քաղաքացիական հասարակությունների մակարդակում։
Հետազոտության խնդիրներ են՝
-
Մշակել հետազոտական մեթոդաբանություն, որի հիմքում կլինի ավանդական և ժամանակակից մեդիայում, կառավարությունների կողմից շրջանառվող տեղեկությունների և պատմույթների ուսումնասիրությունը և վերլուծությունը։
-
Հետազոտության շրջանակում իրականացվող ուսումնասիրությունները պետք է կենտրոնանան մի քանի կարևոր ժամանակահատվածների՝ 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածը և դրան հաջորդող 6-12 ամիսները (ԼՂ երկրորդ պատերազմ. առաջ և հետո), 2023 թվականի առաջին եռամսյակը (երկարաշարժը Թուրքիայում)։
-
Հետազոտության շրջանակում մշակել ուսումնասիրության մեթոդաբանական, աղբյուրների ընտրության, դրանց վերլուծության չափանիշներն ու մոտեցումները։
-
Հետազոտության սեղանային աշխատանքի փուլում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կատարել ֆոկուս-խմբային քննարկումներ Հայաստանի մարզերում՝ հասկանալու վեր հանված կեղծ պատմույթների, ապատեղեկատվության, դավադրապաշտական տեսությունների տարածվածությունը, դրանց ազդեցությունը համայնքային կյանքի և անհատների մակարդակում։
-
Մշակել հետազոտության զեկույցը՝ ներառելով բոլոր բաղադրիչները, մասնավորապես․
-
Զեկույցի տիտղոսաթերթը,
-
Հետազոտության ամփոփագիրը (abstract)
-
Հետազոտության նախաբանը,
-
Հետազոտության նպատակները և խնդիրները,
-
Հետազոտության մեթոդաբանությունը,
-
Հետազոտության շրջանակում ուսումնասիրված աղբյուրները,
-
Հետազոտության արդյունքները երկու մասով՝ սեղանային և դաշտային աշխատանքների արդյունքները, դրանց վերլուծությունը,
-
Եզրակացությունները՝ իրականացված վերլուծությունների օրինաչափությունների և առանձնահատկությունների հիման վրա,
-
Ռազմավարական հաղորդակցությունը բարելավելու առաջարկները,
-
Հղումները,
-
Հավելվածները։
-
Հետազոտության իրականացման համար ՀԼԱ-ն նախատեսում է վեց ամիս ժամանակահատված։ Հետազոտության ավարտին ներկայացվող զեկույցն ուսումնասիրվելու է ՀԼԱ և գործընկեր կառույցների կողմից։ Նախատեսվում են զեկույցի առցանց ներկայացում և քննարկումներ, որոնք կնպաստեն քաղաքացիական հասարակության հարաբերությունների ռազմավարական հաղորդակցության բարելավմանը։
ՀԼԱ-ն խրախուսում է հետազոտական խմբերի և կազմակերպությունների թիմերում ներգրավված լինեն ոչ միայն հետազոտողների, այլև մեդիա դաշտին տիրապետող ինչպես նաև հաղորդակցության և ռազմավարական հաղորդակցության մասնագետների ներգրավվածությունը։
Դիմելու համար հետաքրքրված խմբերը պետք է ներկայացնեն՝
-
Առաջարկվող հետազոտության հայեցակարգը (մինչև 3 էջ, А4 ձևաչափով՝ 11 տառաչափով, Sylfaen տառատեսակով),
-
Հետազոտությունների իրականացման փորձառությունը նկարագրող/ցուցադրող հղումներ (պորտֆոլիո),
-
Հետազոտական խմբում ներգրավված անձանց ինքնակենսագրականները,
-
Հետազոտության իրականացման գնառաջարկը։
Հայտերը գնահատվելու են ըստ վերոգրյալ նկարագրությունների համապատասխանության՝ ծրագիրն իրականացնող Կոնսորցիումի կողմից։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 15-ն է։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ a[email protected] էլեկտրոնային փոստով՝նամակի թեմա դաշտում նշելով․«Research_#ATNPRR2023_YOUR_NAME»։ Հայտերը, որոնք չեն պարունակի վերոգրյալ փաստաթղթերը կամ կլինեն թերի, չեն դիտարկվելու գնահատման գործընթացում։
————————————
Այս հետազոտությունն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։