Հայտարարություն. Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ
- Ծրագրի նկարագիր
Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի համաֆինանսավորմամբ 2017 թ-ի․ դեկտեմբերին մեկնարկել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը: Այն իրականացնում է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը՝ հանրային իրազեկման, լրագրողական աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։
Ծրագրի շրջանակներում հայտարարվում է Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցույթ։
2.Լրագրողական մրցույթի մասին
- Հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրներին,
- Նպաստել փակ հաստատություններում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրների լուսաբանմանը և հրապարակվող նյութերի որակի բարելավմանը։
3.Համապատասխանության չափանիշներ
Լրագրողական նյութերը պետք է վերաբերեն Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների խնդիրներին։
Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով տպագիր, պոդքասթ, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա:
Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2017 թ․ նոյեմբերի 1-ից 2018 թ․ նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն:Մրցույթին ներկայացված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին:
4.Գնահատման չափանիշներ
Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով․
- Փակ հաստատություններում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում կոնկրետ խնդիրների հասցեագրումը, դրանց բացահայտումը, դրանց հետևողական լուսաբանումը։
- Լրագրողական նյութի որակը և խորությունը, ներառյալ լուսաբանվող խնդրի մասով օբյեկտիվությունը, հավասարակշռվածությունը և էթիկայի կանոնների պահպանումը:
- Ստեղծարար և նորարար մոտեցումը, նյութի մատուցման համար ընտրված գործիքները, ձեւավորումը, նոր մեդիա գործիքների կիրառումը։
- Հատուկ ուշադրություն կդարձվի ներկայացվող աշխատանքներում վեր հանված գենդերային տեսանկյանն ու խոցելի խմբերի կարիքների ներկայացմանը, խոշտանգումների դեպքերի հետաքննությանը, կրթության իրավունքի իրացմանը։
Մրցանակները են շնորհվելու հետևյալ անվանակարգերում՝
- Լավագույն հետաքննական նյութ (300.000 դրամ)
- Լավագույն մարդկային պատմություն (150.000 դրամ)
- Լավագույն հեռուստահաղորդում (250.000 դրամ)
- Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ (150.000 դրամ)
- Լավագույն մուլտիմեդիա նյութ (300.000 դրամ)
- Լավագույն ֆոտոպատմություն (150.000 դրամ)
- Լավագույն գրաֆիկական պատմություն (150.000 դրամ)
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել է հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։ Մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակված լինելը պարտադիր պայման չէ։
Չափորոշիչներն են․
-
թեմայի կարևորություն,
-
փակ հաստատություններում առկա խնդիրների ներկայացում,
-
խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։
Հատուկ մրցանակ է սահմանվել նաև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության կողմից՝ «Քրեակատարողական հիմնարկներում կրթություն ստանալու իրավունք» թեմայով օրինակելի լրագրողական աշխատանքի համար։ Մրցանակը ներկայացվում է «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը բանտում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Նախատեսվում են նաև հատուկ և խրախուսական մրցանակներ պետական կառույցների և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։
5․Մրցանակաբաշխություն
Հաղթողների համար նախատեսվում են ինչպես խոշոր դրամական (ներառյալ հարկերը), այնպես էլ ոչ դրամական մրցանակներ ու հավաստագրեր։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2018 թ. դեկտեմբերին: Մրցանակաբաշխության մասին կհայտարարվի լրացուցիչ։
Նույն միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հայտարարված՝ խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթի մրցանակաբաշխությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարած մրցույթի մասին առավել մանրամասն տես հղմամբ՝ http://hcav.am/mrcuyt/:
6․Պահանջվող փաստաթղթեր և հայտերի ներկայացման վերջնաժամկետ
Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը մինչև 2018 թ․նոյեմբերի 15-ը։
Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն հրապարակված նյութերի հղումը կամ հղումները։
Հրապարակումների շարքի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել բոլոր նյութերի հղումներն ըստ հերթականության։
Տպագիր հոդվածի դեպքում անհրաժեշտ է նյութի սկանը վերբեռնել Google drive և հայտում նշել համապատասխան փաստաթղթի հղումը։
Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀԼԱ հաղորդակցության մասնագետ Աղավնի Հարությունյանի հետ [email protected] էլ-փոստով։