Մրցութային դրամաշնորհի հայտարարություն. Ճգնաժամի հասցեագրում
«Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագիր
Մրցութային դրամաշնորհի հայտարարություն. Ճգնաժամի հասցեագրում
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և արտասահմանյան հասարակական կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին և անհատներին, դիմելու «Ճգնաժամի հասցեագրում» մրցութային դրամաշնորհային ծրագրին։
Դրամաշնորհային հնարավորությունը մաս է կազմում Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ԵՀՀ-ի կողմից իրականացվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի։
Դրամաշնորհի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության դերակատարներին արդյունավետ դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով նույնականացնելու, գնահատելու և արդյունավետ կերպով հասցեագրելու հետպատերազմյան քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութային և այլ հետևանքներն ու խնդիրները:
Ի՞նչ ծրագրեր ենք փնտրում
Դրամաշնորհների միջոցով նախատեսվում է աջակցել այն գաղափարների իրագործմանը, որոնք կնպաստեն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ՝
- պատերազմի և հետպատերազմական զարգացումների հետևանքով տուժած կամ տեղահանված մարդկանց սոցիալ-հոգեբանական աջակցության ցուցաբերմանը,
- հետպատերազմական լարվածությունն ու տրավման հաղթահարելուն ուղղված մշակութային, երիտասարդական, կրթական ոչ ֆորմալ ծրագրերի իրականացմանը,
- համայնքային զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, հատկապես, պատերազմից տուժած համայնքներում և/կամ այն համայնքներում, որտեղ վերաբնակեցվել են պատերազմից և հետպատերազմական զարգացումներից տուժած անձինք,
- երիտասարդների ներգրավմանը համայնքային խնդիրների լուծմանը,
- սոցիալական և միկրո-ձեռներեցության զարգացմանը, start up-երի խթանմանը, հատկապես պատերազմի և հետպատերազմական զարգացումների հետևանքով տուժած կամ տեղահանված մարդկանց շրջանակում և/կամ նրանց համայնքներում,
- քաղաքացիական լրագրության և տեղեկատվական դաշտի զարգացմանը,
- մարդու իրավունքների պաշտպանությանը, հատկապես պատերազմի և հետպատերազմական զարգացումների հետևանքով տուժած կամ տեղահանված մարդկանց վերաբերող,
- այլ կարևոր նախաձեռնությունների իրականացմանը, որոնք էֆեկտիվորեն կհասցեագրեն հետպատերազմյան քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական և մշակութային հետևանքներն ու խնդիրները:
Դրամաշնորհի հիմնական պայմանները
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետը․ հուլիսի 31, 2021 թ.։
- Բյուջեն. 1,000,000 - 12,000,000 ՀՀ դրամ (բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել ավելի մեծ գումար):
- Ծրագրի տևողությունը. մինչև 10 ամիս։
- Ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2022 թ.-ի օգոստոսի 1-ը։
Այլ պայմաններ
- Ծրագիրն իրականացնելիս խրախուսվում է համագործակցել այլ կազմակերպությունների հետ, ինչպես շահույթ չհետապնդող, այնպես էլ մասնավոր սեկտորից, Հայաստանում, Արցախում կամ այլ երկրում գտնվող:
- Կարելի է առաջարկել համագործակցություն նաև Հայաստանում գործող արտասահմանյան կամ միջազգային կազմակերպությունների հետ։
- Ծրագրով կարող են ֆինանսավորվել փոքրածավալ վերանորոգման աշխատանքներ, եթե դրա կարիքը բխում է ծրագրի տրամաբանությունից, հատկապես այն համայնքներում, որոնք տուժել են պատերազմի և հետպատերազմական զարգացումների արդյունքում։
- Կարելի է ձեռք բերել կահույք, սարքավորումներ (այդ թվում համակարգչային տեխնիկա և ծրագրեր) այն դեպքում, եթե դրանց կարիքը բխում է ծրագրային գործողություններից։
Ո՞վ կարող է դիմել
Հայաստանում, Արցախում կամ արտասահմանում գրանցված, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլ ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություններ, ինչպես նաև չգրանցված նախաձեռնող խմբեր և անհատներ, որոնք բնակվում և/կամ գործունեություն են ծավալում Հայաստանում և Արցախում:
Ինչպե՞ս դիմել
Մինչև վերջնաժամկետը` 2021 թ. հուլիսի 31-ը, անհրաժեշտ է դրամաշնորհների ծրագրի հայտը և պահանջվող կից փաստաթղթերը ուղարկել [email protected] էլ. հասցեին, վերնագրի տողում նշելով՝ Crisis Response_ձեր կազմակերպության/ծրագրի անունը (լատինատառ):
Բոլոր հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել.
- Մելինե Ավագյանին, [email protected], հեռ․ +374 98 47 74 48
կամ
- Սարինե Հայրիյանին, էլ․հասցե՝ [email protected], հեռ․ +374 55 60 99 12 ,
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Ծրագրի հայտը` Հավելված 1-ի ձևին համապատասխան:
- Ծրագրի բյուջեն և բյուջեի մեկնաբանությունը՝ Հավելված 2-ի ձևին համապատասխան:
- Ծրագիրն իրականացնող անձանց ինքնակենսագրականներ (CV)
- Հավելյալ փաստաթղթեր.
- այն դեպքում, երբ դիմողը կազմակերպություն է, անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն, կանոնադրության տիտղոսաթերթի պատճեն, որում արտացոլված են նպատակներն ու առաքելությունը
- այն դեպքում, երբ դիմողը նախաձեռնող խումբ է, անհրաժեշտ է ներկայացնել ղեկավարի անձնագրի պատճեն
- այն դեպքում, երբ դիմողն անհատ է, անհրաժեշտ է ներկայացնել անհատ դիմողի անձնագրի պատճեն
- Կարող եք կցել լրացուցիչ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք անմիջական կապ ունեն կամ հիմնավորում են ծրագրում նշված որևէ գործողություն կամ նախկին փորձը։
Ընտրության նախնական փուլն անցնելու դեպքում կպահանջվեն հետևյալ լրացուցիչ փաստաթղթերը
- Կազմակերպությունների դեպքում․ տեղեկանք համապատասխան տարածքային տեսչությունից առ այն, որ կազմակերպությունը չունի հարկային պարտավորություններ:
- Կազմակերպությունների դեպքում․ լրացված «Դրամաշնորհային կառավարման հարցաթերթիկը» (Grants Management Questionnaire), որը կտրամադրվի լրացուցիչ:
- Կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի և անհատների դեպքում. բանկային հաշիվների (դրամային և եվրո[1]) վերաբերյալ տեղեկանք բանկից:
Ընտրության ընթացակարգը և չափանիշները
Դրամաշնորհը տրվելու է մրցութային կարգով։ Ստացված բոլոր հայտերը, որոնք կհամապատասխանեն մրցույթի պայմաններին, գնահատվելու են ԵՀՀ մասնագետներից և ԵՀՀ միջազգային գործընկերներից կազմված հանձնաժողովի կողմից՝ հիմք ընդունելով գնահատման չափանիշները։
Գնահատման չափանիշներ
- Ծրագրի կարիք(ներ)ի հիմնավորումը
- Ծրագիրը չի կրկնում տվյալ դիմողի կամ այլ կազմակերպությունների կողմից արդեն արվող գործողություններ, կարող է արդեն արվողը լրացնել և զարգացնել
- Ծրագրի համապատասխանությունը դրամաշնորհի նպատակներին
- Առաջարկվող գործողությունների պլանի և ժամանակացույցի համապատասխանությունը ծրագրի խնդիրներին
- Ակնկալվող արդյունքների իրատեսականությունը
- Արդյունքների մնայունությունը ծրագրի ավարտից հետո
- Բյուջեի համապատասխանությունը ծրագրի պլանին և արդյունավետությունը
Ուշադրություն. Ծրագիրը չի նախատեսում հումանիտար օգնության տրամադրում
Այս նախաձեռնությունն իրականացվում է «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
[1] Արտասահմանում գտնվող դիմողների դեպքում