Փոքր դրամաշնորհային ծրագիր՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» հետազոտության տվյալները վերլուծելու համար
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հրավիրում է երիտասարդ հասարակագետներին մասնակցելու հետազոտության տվյալները վերլուծելու համար դրամաշնորհային ծրագրի:
ՀաՄաՏեղ հնգամյա ծրագրի նպատակը կառավարման ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում հանրային մասնակցության աստիճանի բարձրացումն է: Դրա համար ՀՌԿԿ-Հայաստանը 2015թ. հուլիսին հանրապետության ողջ տարածքում անցկացրել է 1460 տնային տնտեսությունների ընտրանքային հարցում: Ընտրանքում ներառվել են 133 համայնքներ, ներառյալ «ՀաՄաՏեղ» ծրագրի թիրախային 35 պիլոտային համայնքները և համայնքների խոշորացման ծրագրի 6 համայնք: Հետազոտության գործիքներն ու տվյալադարանը զետեղված են ՀՌԿԿ-Հայաստանի կայքէջում:
Հրավիրվող հետազոտությունների նպատակը և թեմաների շրջանակը
Հետազոտական հայտերի մրցույթի նպատակը տեղական ինքնակառավարման հարցերով հետաքրքրված երիտասարդ հետազոտողների վերլուծական կարողությունների զարգացումն է և հավաքագրված տվյալների տարբեր տեսանկյուններից մեկնաբանություններով տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների ակտիվ և իրազեկ մասնակցությանը նպաստելն է:Կընտրվեն հինգ դիմորդներ, ովքեր հնարավորություն կստանան՝ ուսումնասիրելու ՀՌԿԿ-Հայաստանի կողմից հավաքագրված տվյալադարանները և ներկայացնելու իրենց հետազոտության արդյունքները համապատասխան շահագրգիռ կողմերին:
Հայտերը կարող են վերաբերել, սակայն չսահամանափակվել հետևյալով.
- Համայնքային խնդիրների և դրանց լուծման մեջ քաղաքացիների մասնակցության բացահայտում,
- Տեղական ինքնակառավարման բարեփոխումների, մասնավորապես ապակենտրոնացման և համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային իրազեկության և աջակցության բացահայտում,
- Տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության համաթվի մշակում և հաշվարկում,
- Տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող պետական կարգավորման դաշտի վերլուծություն և առաջարկությունների մշակում:
Ով կարող է դիմել
Ծրագրին կարող են դիմել «Հանրային կառավարում», «Սոցիալական վարչարարություն», «Քաղաքագիտություն», «Տնտեսագիտություն», «Սոցիոլոգիա» և այլ հարակից մասնագիտությամբ՝ ինչպես մագիստրատուրայում ուսանող, այնպես էլ բակալավրիատը նոր ավարտած ուսանողները: Առաջնությունը կտրվի նրանց, ովքեր տիրապետում են անգլերենի, ինչպես նաև վիճակագրական վերլուծության ծրագրային փաթեթների (օրինակ՝ STATA, SPSS):
Հետազոտական ծրագրերի տևողությունը, բյուջեն, ծրագրերի իրականացման աջակցությունը
Հինգ դրամաշնորհառուներից յուրաքանչյուրին կտրամադրվի համախառն 120.000 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր հետազոտության տևողությունը կարող է լինել մինչև երկու ամիս:
Մրցույթով ընտրվածները կարող են մասնակցել տվյալների վերլուծության դասընթացի, օգտվել ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմի խորհրդատվությունից, օգտագործել առկա հետազոտական ռեսուրսները, ստանալ աջակցություն հետազոտության արդյունքները ներկայացնելիս:
Ինչ է պահանջվելու ընտրված մասնակցից
Ծրագրի ավարտին, դրամաշնորհառուները պետք է ներկայացնեն մինչև 15 էջ վերլուծական նյութ՝ որպես հիմնական աղբյուր օգտագործելով ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակում հավաքագրված տվյալները, տարբեր հրապարակումներ, օրենսդրական ակտեր, ինչպես նաև Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող այլ հետազոտական նյութեր: Աշխատանքներն ավարտելուց հետո, մասնակիցները կներկայացնեն իրենց արդյունքները ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում, ինչպես նաև շահագրգիռ կողմերին, օրինակ՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը, Տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին և այլոց:
Դիմելու ձևը
Եթե դուք հետաքրքրված եք և համապատասխանում եք վերոնշյալ բոլոր չափանիշներին, ապա խնդրում ենք մինչև սույն թվականի հունիսի 30-ը ներկայացնել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետազոտական փոքր նախագիծ՝ մինչև 2 էջ[email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «ՀաՄաՏեղ» փոքր դրամաշնորհ: Հետազոտական նախագծերը կարող են լինել ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն լեզվով և պետք է ներառեն Ձեր աշխատանքի պլանը, հստակ սահմանված հետազոտական հարցերը և այլ հարցեր, որոնք կարևոր եք համարում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Արմենուհի Վանոյանին` [email protected] էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև զանգահարելով (+374-10) 57 48 68 (ext 104) հեռախոսահամարով:
Նախամրցութային սեմինար
Հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտական թիմը սույն թվականի հունիսի 14-ին՝ ժամը 15:00 -ին կանցկացնի նախամրցութային սեմինար ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակում. հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 602 սենյակ:
Ծրագրի մասին
ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը: