Վավերագրական ֆիլմերի մրցույթ. «Աշխատանքային իրավունքները Հայաստանում»
Աղբյուրը՝ PPolicy
Վավերագրական ֆիլմերի մրցույթ. «Աշխատանքային իրավունքները Հայաստանում»
Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) հայտարարում է վավերագրական ֆիլմերի մրցույթ, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր անձ:
Նախագծի նպատակն է՝ վավերագրական ֆիլմերի միջոցով վեր հանել Հայաստանում աշխատանքային իրավունքներին և դրանց պաշտպանությանն առնչվող խնդիրները, հանրային ուշադրության և քննարկման առարկա դարձնել դրանք:
Ֆիլմերը ներկայացնելու վերջնաժամկետը 2018թ. օգոստոսի 31-ն է:
Մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը նախատեսված է հուլիսի 12-23 ժամանակահատվածում: Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև հուլիսի 9-ը նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ «Տեղեկատվական հանդիպում», իսկ նամակի դաշտում՝ ձեր հեռախոսահամարը:
Հանդիպման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի նամակով և/կամ հեռախոսազանգով:
Տեղեկատվական հանդիպումը մրցույթի հետ կապված հարցերը պարզաբանելու նպատակ ունի: Այն մրցույթին մասնակցելու նախապայման չէ: Յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել մրցույթին՝ անկախ տեղեկատվական հանդիպմանը ներկա գտնվելու հանգամանքից:
Մրցույթի առաջին փուլում ընտրված ֆիլմերը կտեղադրվեն ՀՔԻ յութուբյան էջում և այլ համացանցային հարթակներում:
Ֆիլմի՝ մրցույթին մասնակցության փաստը մեկնաբանվում է որպես հեղինակի համաձայնություն՝ դրա ազատ ցուցադրության և տարածման վերաբերյալ:
Մրցույթի 2-րդ փուլում ժյուրին կընտրի 3 լավագույն ֆիլմերը, որոնց հեղինակները 150.000-ական դրամ (հարկերը և տուրքերը ներառյալ) պարգևատրում կստանան։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. հասցեին ուղարկել.
1. Պատրաստ ֆիլմը (կամ՝ այն ներբեռնելու հղումը),
2. Ֆիլմի սինոփսիսը,
3. Մի քանի լուսանկար՝ ֆիլմից,
4. Հեղինակի համառոտ ինքնակենսագրություն (2 պարբերություն) և հեռախոսահամար,
5. Հեղինակի լուսանկար:
Հայտի ստացումը կհաստատվի պատասխան նամակով: Պատասխան նամակի բացակայության դեպքում խնդրում ենք այդ մասին տեղեկացնել ՀՔԻ աշխատակազմին (060 54 18 47):
Մրցույթին կարող են մասնակցել միայն այն ֆիլմերը, որոնք երբևէ տեղադրված չեն եղել համացանցում և չեն ցուցադրվել որևէ այլ ձևաչափով:
Ֆիլմի ակնկալվող տևողությունն է՝ 5-8 րոպե: Այն կարող է նկարահանված լինել ցանկացած սարքով:
Մրցութային ժյուրիի կազմ.
1. Հերիքնազ Տիգրանյան, աշխատանքային իրավունքի մասնագետ
2. Գեմաֆին Գասպարյան, Բուն TV
3. Ավետիք Մեջլումյան, Հանրային քաղաքականության ինստիտուտ