Կրթություն և արժեքներ
«Կողբ» հիմնադրամի և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցության շրջանակներում իրականացվող «Արժեբանություն» նախագծի 4-րդ հանդիպումը.
Ե՞րբ՝ հունիսի 21-ին
ժամը՝ 19:00
Հանդիպման վայրը՝ Մելիք-Ադամյան 2/2
Բանախոս՝ Նունե Դիլանյան
Արդյո՞ք կրթությունն է ձևավորում արժեքները և ի՞նչ է այդ պարագայում կրթությունը: Արդյո՞ք արժեքներն իրենց հերթին դառնում են կրթության պատվիրատու և ի՞նչ են այդ պարագայում արժեքները: Արդյո՞ք այդ գործընթացն ունի սկիզբ և վերջ: Արդյո՞ք կրթության ճգնաժամը արժեքների նվաստացման արդյունք է և վերջիններիս ընդվզման ու ապստամբության նախադրյալ: Արդյո՞ք տեղայնացված մոտեցումը բավարար է այս հարցերի պատասխանները գտնելու համար և ինչպե՞ս գտնել ու սահմանել այդ տեղը, «մենք»-ի տեղը ժամանակակից ցանցային աշխարհում:
Եվ վերջապես՝ արդյո՞ք հնարավոր է միասնաբար գտնել այդ հարցերի պատասխանները ու միասնաբար տեսանելի, շոշափելի, ընդունելի ու կիրառելի դարձնել «բուն իմաստը»:
Նունե Դիլանյանի մասին
Նունե Դիլանյանը մասնագիտությամբ բանասեր է: Երկար տարիներ աշխատել է Երևանի պետական համալսարաններում, Երևանի պետական լեզվաբանական համալսարանում, որտեղ համատեղել է դասախոսական և գիտական գործունեությունը (որպես համալսարանի գիտության բաժնի ղեկավար): Ներկայումս շարունակում է իր դասախոսական գործունեությունը Հայ-Ռուսական համալսարանում:
1999-ին, հիմնադրելով "Միջնաբերդ" մշակութային-լուսավորական կազմակերպությունը և ակտիվորեն աշխատելով երիտասարդության հետ, մասնակցել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծմանն ուղղված բազմաթիվ մշակութային և կրթական ծրագրերում, որոնք ներառել են սեմինարներ, աշխատանքային քննարկումներ, բանավեճեր, դասընթացներ ևլն:
2003-2006 թթ. միացել է Հարավային և Հյուսիսային Կովկասը ներկայացնող հասարակական գործիչներին միավորող "Ոչ կառավարական կազմակերպությունների Կովկասյան ֆորում" կազմակերպությանը, որի շրջանակներում իրականացրել է մի շարք համակովկասյան ծրագրեր:
Մասնագիտական գործունեությանը զուգահեռ 1990 թ-ից մասնակցել է Հայաստանում, տարածաշրջանում և Ռուսաստանում կազմակերպված ավելի քան 25 Մտագործունեական խաղերին, ինչպես նաև կրթության խնդիրներին նվիրված տարբեր դասընթացներին՝ որպես դասընթցավար:
Մի շարք գիտական և հանրամատչելի հոդվածների, գրքերի, բառարանների, կրթական հայեցակարգերի, թարգմանությունների հեղինակ կամ համահեղինակ է: Ունի ավելի քան 50 հրապարակումներ, որոնց մի մասը ներկայացվել է միջազգային գիտաժողովներին: