Դասընթացի մասնակցության հրավեր Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի կողմից․ «Ազատական ժողովրդավարության էությունը» դասընթաց
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը հայտարարում է ընդունելություն «Ազատական ժողովրդավարության էությունը» դասընթացին մասնակցելու նպատակով։ Դասընթացը նախատեսված է ուսանողների, ինչպես նաև ժողովրդավարության, քաղաքական և քաղաքացիական իրավունքների հետ կապված հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, մեդիայի, ազատական կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների համար։
Ծրագիրը բաղկացած է 18 սեմինար-դասընթացներից, որոնք անցկացվելու են 2022 հոկտեմբեր-2023 փետրվար ժամանակահատվածում։ Դասընթացն անցկացվելու է Երևանում, երեկոյան ժամերին։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կստանան գիտելիքներ ժողովրդավարության ակունքների, ժողովրդավարացման գործընթացների, ներկայացուցչական ժողովրդավարության կառուցվածքի, ազատականության, «լայն» և «նեղ» գաղափարախոսությունների, ժողովրդավարական, ազատական քաղաքական մշակույթի, ժամանակակից աշխարհում հակաժողովրդավարական, հակաազատական տարատեսակ երևույթների և դրանց դեմ առկա պայքարի մասին։ Մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել իրենց հետազոտական հմտությունները, խորացնել գիտելիքները հասարակական գիտությունների հետազոտական մեթոդների մասին։ Դասընթացի մասնակիցները ներկայացնելու են հետազոտական աշխատանք (3000 բառի սահմաններում) Հայաստանում ժողովրդավարական, ազատական գործընթացների տարբեր ասպեկտների մասին։ Լավագույն աշխատանքները կհրապարկվեն Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի կայքում։
Երկու դասախոսություն նվիրվելու է սոցիալական և հումանիտար գիտությունների հետազոտական մեթոդաբանությանը, որը հնարավորություն կտա մասնակիցներին ճիշտ կազմակերպել իրենց հետազոտական նախագծերը։
Դիմելու կարգը
Դասընթացին մասնակցելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել
● ինքնակենսագրական,
● կարճ մոտիվացիոն նամակ։
Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկել հետևյալ հասցեով․ [email protected] վերնագրում նշելով՝ «Ազատական ժողովրդավարության էությունը»։
Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է 2022 թ․ սեպտեմբերի 18-ը:
Սեմինար-դասընթացների ծրագիրը մշակել է անկախ հետազոտող-դասավանդող, Բուն TV-ի քաղաքական վերլուծաբան և հաղորդավար, քաղաքագետ Էդգար Վարդանյանը, ով անցկացնելու է դասախոսությունների մեծ մասը։