Եվրոպական ժառանգության օրեր Հայաստանում
Աղբյուրը՝ www.facebook.com
Սեպտեմբերի 24-ին և 25-ին Հայաստանում կնշեն Եվրոպական ժառանգության օրերը: Այս տարի միջոցառումները կանցնեն «Ժառանգությունը և համայնքը» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրեր 2016-ի բացման արարողությանը, որը սեպտեմբերի 24-ին տեղի է ունենալու «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, մասնակցելու է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Գալիք հանգստյան օրերին մայրաքաղաքում և մարզերում ավելի քան 95 պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ, գրադարաններ, մշակութային հաստատություններ կբացեն իրենց դռներն այցելուների առջև: Մուտքը կլինի անվճար: Մշակութային տեսարժան այն վայրերն ու հուշարձանները, որոնք սովորաբար փակ են հանրության համար, տոնակատարությունների շրջանակում ևս կմիանան բաց դռների օրվան: