Դրամաշնորհային հնարավորություն 40-անց կանանց համար Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից
Աղբյուրը՝ http://www.womenfundarmenia.org/
Կանայք և ծերացումը հաճախ անտեսվում են տարբեր նախաձեռնությունների կողմից։ Ֆեմինիստական շարժումը կենտրոնացել է բոլոր կանանց հավասար իրավունքների վրա՝ անկախ նրանց ռասայից, դասից, կողմնորոշումից, հավատքից և էթնիկ պատկանելիությունից, սակայն հաճախ անտեսել է տարիքի գործոնը՝ որպես օրեցօր ընդլայնվող սոցիալական խնդիր, որը կարիք ունի գենդերային հավասարության մոտեցմամբ դիտարկվելու։
Գենդերային կարծրատիպերի և տնտեսական իրողության պատճառով Հայաստանում 50 անց կանանց մեծ մասը կրում են ընտանիքին՝ հատկապես երեխաներին և տարեցներին խնամելու, խնամքի չվճարվող աշխատանքում ներգրավվելու բեռը՝ չունենալով շատ հնարավորություններ բարձրաձայնելու իրենց սեփական կամքը և հետաքրքրությունները։ Սոցիալական կյանքը, աշխատանքը, առողջությունը և անձնական ձգտումները հաճախ մի կողմ են դրվում և հազվադեպ են կարևորվում այս կանանց կյանքում, եթե ոչ՝ ընդհանրապես անտեսվում որպես սոցիալական հիմնախնդիր։
Հայաստանում կանանց հիմնադրամը կարևոր է գտնում կանանց ավելի ուշ տարիքում հզորացնելու և նրանց ձայնը լսելի դարձնելու ջանքերը։
Եթե դուք 40 անց կին (կամ կանանց խումբ) եք կամ կազմակերպություն եք, որը զբաղվում է այս տարիքային խմբի կանանց հարցերով, ունեք հետաքրքիր և համարձակ մտքեր, որոնք անդրադառնում են 40 անց կանանց բազմազան ձայները լսելի դարձնելուն, ունեք գաղափարներ, թե ինչպես անդրադառնալ գենդերային կարծրատիպերին, որոնք սահմանափակում են 40 անց կանանց կյանքը հասարակությունում, ձգտումները և ներկայությունը հանրային կյանքում, կարող եք դիմել ներկայացվող դրամաշնորհային ծրագրին։
Ստորև ներկայացնում ենք որոշ մտքեր և թեմատիկ ուղղություններ, որոնք Հիմնադրամը հետաքրքրված կլինի ֆինանսավորել․
- Տարբեր հարցերի շուրջ 40 անց կանանց ձայնը լսելի դարձնելու համայքային նախաձեռնություններ
- Մարմնի և տարիքի դրական ընկալումներին (body positive) ուղղված կանանց միջոցառումներ
- 40 անց կանանց սեռականության մասին նախաձեռնություններ
- Արվեստի նախաձեռնություններ, որոնք բարձրաձայնում են տարիքի հետ կապված հարցերը ֆեմինիստական տեսանկյունից
- Ստեղծարար գրական նախաձեռնություններ, կարճ պատմվածքներ կամ պատմություններ, աշխատարաններ՝ ուղղված ծերացման գործընթացի ֆեմինիստական մոտեցման քննարկումներին
- 40 անց կանանց կողմից խնամքի չվճարվող աշխատանքին ուղղված նախաձեռնություններ
- 40 անց կանայք և առողջություն
- Դաշտանադադարը որպես ֆեմինիստական հարց
- Կանանց ընկերությունը և փոխաջակցությունը 40-ից հետո
- 40 անց կանանց շրջանում աշխատանք գտնելու և աշխատանքը պահպանելու դժվարությունները և այլն
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և մանրամասն ու համարձակ պատասխանել տրվող հարցերին։
Խնդրում ենք հիշել, որ ծրագրերի թիրախային խումբ պետք է հանդիսանան հենց նշված տարիքի կանայք։
Դրամաշնորհի գումարը կկազմի մինչև 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։
Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24։
Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք կապի մեջ լինել Հիմնադրամի թիմի հետ։