Դրամաշնորհային մրցույթ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարեվարքություն» (ՀԲԾ) ծրագրի կողմից
Ֆինանսավորման հնարավորության անվանում |
«Հայաստանի բարեվարքություն» ծրագրի դրամաշնորհներ |
Հայտարարության տեսակ |
Տարեկան ծրագրի հայտարարություն |
Ֆինանսավորման հնարավորության համար |
2101-APS-001 |
Հրապարակման ամսաթիվ |
15 դեկտեմբերի 2021թ. |
Գնահատման առաջին փուլին վերաբերող հարցերը ներկայացնելու ժամկետ |
Հարցերն ընդունվում են շարունակական հիմունքներով |
Հայեցակարգերը ներկայացնելու վերջնաժամկետ |
Շարունակական հիմունքներով |
Հայտերի ընդունման վերջնաժամկետ |
31 օգոստոս 2022թ. |
Հայեցակարգերի ներկայացման հասցե |
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻՆ
Սույն «Տարեկան ծրագրի հայտարարության» (ՏԾՀ) նպատակը հայեցակարգային փաստաթղթերի հավաքագրումն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի (ՀԲԾ) շրջանակներում դրամաշնորհ տրամադրելու նպատակով։
Սույն ՏԾՀ-ի հիման վրա հայտեր են ընդունվում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից (կամ կազմակերպությունների կոնսորցիումներից), ներառյալ ՀԿ-ներ, վերլուծական կենտրոններ, կրթական հաստատություններ և լրատվամիջոցներ՝ իրականացնելու համար այնպիսի նախագծեր, որոնք կհամախմբեն հասարակությունը կոռուպցիան կանխելու, բարեվարքությունը խթանելու և կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու շուրջ, գաղափարներ կգեներացնեն կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրազեկման բարձրացման համար, և կխթանեն այս խնդրի շուրջ ձևավորված այնպիսի կոալիցիաների ստեղծումը, որոնք կկարողանան կառուցողական ջատագովություն իրականացնել արդյունավետ հակակոռուպցիոն միջոցառումների և պետական հաստատությունների բարեվարքության ուղղությամբ՝ ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում։ Ծրագրի առաջնահերթություններից են նաև երիտասարդների (15-ից մինչև 24 տարեկան) հետ աշխատանքը, ինչպես նաև կանանց և խոցելի խմբերի իրավազորումը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու և իրենց իրավունքները պաշտպանելու համար: ՏԾՀ-ն փնտրում է արդյունքահեն նորարարական և ստեղծարար գաղափարներ ու մոտեցումներ:
Դիմելու գործընթացը կազմված է երկու փուլից։ Նախ հայտատուները պետք է ներկայացնեն իրենց ծրագրի հակիրճ հայեցակարգը։ Եթե նախնական փուլում որոշվի, որ հայեցակարգը համապատասխանում է ՏԾՀ-ի նպատակներին, ապա երկրորդ փուլում հայտատուները կհրավիրվեն ներկայացնելու դրամաշնորհի ֆինանսավորման պաշտոնական հայտադիմում։
ՏԾՀ-ն պլանավորում է հայեցակարգերը ընդունել շարունակական հիմունքներով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերը։
Առաջարկվող նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 12 (տասներկու) ամիսը։ ՏԾՀ- ն իրեն իրավունք է վերապահում առաջարկվող նախագծերը ֆինանսավորել ամբողջությամբ կամ փուլ առ փուլ։
ՀԲԾ-ն տեղեկատվական բնույթի հանդիպումներ կանցկացնի հնարավոր հայտատուների համար։ Հետաքրքրված կազմակերպությունները կարող են նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ որպես վերնագիր նշելով «Anti-Corruption APS Interest», որպեսզի կարողանան բաժանորդագրվել նախատեսվող հանդիպումների մասին ծանուցումներին։
Սույն ՏԾՀ-ի հրապարակումը չի ենթադրում գումարի շնորհում կամ պարտավորության ստանձնում ՀԲԾ-ի կողմից, ինչպես նաև չի պարտավորեցնում ՀԲԾ-ին վճարել հայեցակարգերի և հայտերի պատրաստման ու ներկայացման հետ կապված ծախսերը: Տեխնիկական բովանդակությանը վերաբերող հեռախոսազանգերը չեն սպասարկվի:
ՏԾՀ-ի համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտները
Սույն ՏԾՀ-ն կենտրոնանալու է հետևյալ ոլորտների վրա, բայց չի սահմանափակվելու դրանցով.
- կոռուպցիայի կանխարգելմանը, թափանցիկությանը, հաշվետվողականությանը, բարեվարքությանը վերաբերող և ազգային կամ մարզային մակարդակում գործող
- կանոնակարգերի բարելավում, ինչպես նաև կանոնակարգերի ընդունման և իրականացման ջատագովություն,
- քաղաքացիների ներգրավվածություն կառավարության վերահսկողության աշխատանքներում և կոռուպցիայի կանխարգելման միջոցառումներում քաղաքացիական մասնակցության լավագույն փորձի տարածման գործում, կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկության և բարեվարքության խնդիրները առկա պետական և ոչ պետական ուղիներով հասցեագրելու մեխանիզմների մասին տեղեկացվածության բարձրացում,
- երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի իրավազորում՝ կոռուպցիոն պրակտիկաներին հակազդելու նպատակով,
- հակակոռուպցիոն գործընթացների մասին իմանալու, հակակոռուպցիոն մոնիթորինգի և հանրային միջոցների կառավարման վերահսկողության գործընթացներում անձամբ ներգրավվելու բովանդակալից հնարավորությունների ստեղծում՝ մարզերում ապրող երիտասարդների համար,
- հասարակության մեջ առկա կոռուպցիայի, կոռուպցիայի կանխարգելման, դիրքորոշումների և գործողությունների շարժիչ ուժի դինամիկայի, ինչպես նաև վարքագծի փոփոխության գործիքների ուսումնասիրում,
- պետական և ոչ պետական հատվածների արդյունավետ փոխգործակցություն՝ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում,
- աջակցություն Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ)՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ նախաձեռնություններին,
- աջակցություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում սահմանված՝ ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի գործողությունների իրականացմանը։
ՏԾՀ-ն հատկապես հետաքրքրված է այն նախաձեռնություններով, որոնք կապված են ՀԲԾ- ի ներկայիս գործընկեր հաստատությունների գործունեության հետ։ Դրանք են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), Արդարադատության նախարարությունը, ոլորտային նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հակակոռուպցիոն ծրագրերը և բարեվարքության աջակցման կառույցները/էթիկայի հանձնաժողովները, ինչպես նաև մարզերում իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերը և բարեվարքության աջակցման կառույցները/էթիկայի հանձնաժողովները:
ՏԾՀ-ի կողմից ակնկալվող արդյունքներ
Ակնկալվում է, որ սույն ՏԾՀ-ի կողմից աջակցություն ստացած նախաձեռնությունները կնպաստեն հետևյալ ավելի գլոբալ արդյունքներին.
- հակակոռուպցիոն ռեֆորմների և դրանց արդյունավետության մասին իրազեկման բարելավում,
- բարեվարքության խթանման գործում և կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների մասնակցության աճ,
- կոռուպցիայի և դրա հետևանքների մասին հանրային ընկալման աճ,
- երիտասարդների կողմից կոռուպցիան որպես սոցիալական նորմ մերժելու աճող միտում։
ՀԱՎԵԼՎԱԾ․ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԳՈՒՄԱՐ, ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Բաժին I. Դրամաշնորհի գումար
Ա․ Ֆինանսավորման մոտավոր չափը
Դրամաշնորհների չափը նախատեսվում է, որպես կանոն, 10,000-ից 50,000 ԱՄՆ դոլար գումարի շրջանակներում՝ մինչև 12 (տասներկու) ամիս տևողությամբ ծրագրերի համար, սակայն կարող է տարբերվել՝ կախված ծավալից և ընդգրկման շրջանակից։ ՀԲԾ-ն կարող է որոշել ընտրված նախագիծը(երը) ֆինանսավորել ամբողջությամբ կամ փուլ առ փուլ։ Դրամաշնորհների քանակը և ֆինանսավորման առկա գումարը ենթակա են փոփոխության։
Բ․ Դրամաշնորհի նախատեսվող սկիզբը և կատարման ժամկետները
ՀԲԾ-ն նախատեսում է, որ ծրագրերը կմեկնարկեն դրամաշնորհի տրամադրումից հետո և կտևեն մինչև 12 (տասներկու) ամիս։
Գ․ Դրամաշնորհի տեսակները
Սույն ՏԾՀ-ի շրջանակներում միջոցների տրամադրման համար կդիտարկվեն դրամաշնորհների հետևյալ տեսակները․ (1) միջոցների տրամադրում՝ հիմնված որոշակի ցուցանիշների կամ ակնկալվող արդյունքների վրա (ԱԳԴ՝ ամրագրված գումարով դրամաշնորհ), (2) ծախսերի փոխհատուցման սկզբունքով դրամաշնորհ (պարզ կամ ստանդարտ դրամաշնորհ), (3) նյութերի, սարքավորումների և/կամ ծառայությունների ուղղակի գնում և տրամադրում (բնեղեն (in-kind) դրամաշնորհ), կամ (4) դրամաշնորհների երկու տեսակի համակցում, օրինակ՝ ամրագրված գումարով դրամաշնորհ բնեղեն դրամաշնորհի բաղադրիչով։
Բաժին II. Հնարավոր մասնակիցներ
Ա․ Կազմակերպությունների տեսակներ, որոնք կարող են դիմել
Հայտատուն/հայտը պետք է պաշտոնապես գրանցված լինի Հայաստանում և գործունեություն ծավալի բոլոր կիրառելի քաղաքացիական և ֆինանսական կարգավորումների համաձայն, ներառյալ տեղական օրենսդրության համապատասխան դրույթները և կարգավիճակը։ Պաշտոնական գրանցման փոխարեն դրամաշնորհառուն կարող է ներկայացնել գրանցմանը դիմելու քայլերի կամ գրանցումից ազատված լինելու ապացույց, կամ պատճառաբանել, թե ինչու գրանցումը հարկավոր կամ կիրառելի չէ։ Դրամաշնորհին խրախուսվում են դիմել հայաստանյան այնպիսի կազմակերպությունները (և կազմակերպությունների կոնսորցիումները), ինչպիսիք են ոչ առևտրային քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, քաղաքացիական միությունները, կամավորական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, վերլուծական կենտրոնները, ակադեմիական հաստատությունները, ինչպես նաև լրատվամիջոցները։
ՀԲԾ-ն մեծապես խրախուսում է հայտերի ներկայացումը նոր հնարավոր գործընկերների կողմից։
Բաժին III. Հայտեր և ներկայացում
Ա․ Հայտերը ներկայացնելու ընթացքը
ՀԲԾ-ն առաջարկները կդիտարկի երկու փուլով։ Մինչ ամբողջական առաջարկ ներկայացնելը հայտատուները նախ պետք է ՀԲԾ-ին ներկայացնեն ոչ ավել, քան 5 (հինգ) էջից կազմված հայեցակարգ: Հայեցակարգը պետք է համապատասխանի սույն ծրագրի կողմից ներկայացված պահանջներին: Խնդրում ենք նկատի ունենալ հետևյալը.
Պետք չէ ներկայացնել ամբողջական առաջարկ, քանի դեռ ՀԲԾ-ն այն չի պահանջել: Հայեցակարգի վերաբերյալ դրական արձագանք ստանալուց հետո միայն դիմորդից կխնդրեն ամբողջական առաջարկ մշակել, որը կուսումնասիրվի ըստ ստորև ներկայացված չափանիշների։
Հայեցակարգը պետք է ներկայացվի ԲԱԺԻՆ IV, Բ․ կետում թվարկված ցուցումներին համապատասխան:
Հայեցակարգերը ներկայացնելու վերջնաժամկետը
Հայեցակարգերի ներկայացման համար վերջնաժամկետ չկա: Այնուամենայնիվ, հնարավոր հայտատուներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ ներկայացնել իրենց հայեցակարգերը, քանի որ հայտերը գնահատվելու են շարունակական հիմունքներով, և ավելի վաղ ստացված հայեցակարգերը կարող են հաստատման ավելի մեծ հավանականություն ունենալ:
Հայտատուները իրենց հայեցակարգերի վերաբերյալ պատասխանը կստանան էլեկտրոնային փոստով՝ ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում: Խնդրում ենք ձեռնպահ մնալ հեռախոսազանգերից:
Բ․ Հայեցակարգային փաստաթղթերը
Առաջին փուլում բոլոր հետաքրքրված հայտատուները պետք է ներկայացնեն կարճ տեխնիկական հայեցակարգ՝ ոչ ավել, քան 5 էջից կազմված, որը կլինի կոնկրետ, ամբողջական և հակիրճ։
Հայեցակարգի փաստաթուղթը պետք է ներկայացվի PDF ֆորմատով կամ արխիվացված լինի որպես *.zip կամ *.rar և պաշտպանված չլինի գաղտնաբառով։ Հայտատուները պետք է այն ուղարկեն [email protected] էլ․ հասցեին՝ որպես վերնագիր նշելով «Anti-Corruption APS»։
Վերևում նկարագրված եղանակից զատ որևէ այլ եղանակով ուղարկված փաստաթուղթը չի դիտարկվի։
Ներկայացման պայմանները
Հայեցակարգը պետք է ներկայացվի Arial 11 pt. տառատեսակով և համարակալված էջերով։ Ամեն էջի վրա պետք է նշվի ՏԾՀ-ի անվանումը և համարը։ Փաստաթուղթը կարող է ներկայացվել անգլերեն կամ հայերեն լեզվով։
Հայեցակարգը պետք է համապատասխանի ստորև ներկայացված կառուցվածքային ձևաչափին․
– Շապիկ (ոչ ավել, քամ 1 (մեկ) էջ)։ Այն պետք է ներառի․ ա․ ՏԾՀ-ի համարը և անունը,
բ․ կազմակերպության հասցեն,
գ․ կազմակերպության տեսակը (օրինակ՝ առևտրային, ոչ առևտրային, համալսարան և այլն),
դ․ կոնտակտային անձը (անուն, համապատասխան հեռախոսահամար, էլ. հասցե),
ե․ այլ կազմակերպությունների անվանումները (դաշնային և ոչ դաշնային, ինչպես նաև ցանկացած ԱՄՆ ՄԶԳ գրասենյակ), որոնց ուղարկում/ուղարկել եք տվյալ հայտը, և/կամ որոնք ֆինանսավորում են առաջարկվող գործունեությունը,
զ․ հայտատուի կողմից լիազորված ներկայացուցչի ստորագրությունը։
– Տեխնիկական մոտեցում (ոչ ավել, քան 2 (երկու) էջ)։ Այս բաժինը պետք է անդրադառնա ծրագրի հիմնական դրույթներին և սույն փաստաթղթի Բաժին I-ում ներկայացված նպատակներին և պետք է ներառի․
ա․ համառոտ վերնագիր և առաջարկվող նախագծի նպատակները,
բ․ նախագծի կողմից հասցեագրվող խնդիրների և/կամ կարիքների նկարագիրը, թիրախային խմբերը և շահառուները, կայունության նախադրյալները, մոտեցումները, կիրառվելիք ջանքերի ծավալը, հիմնական գործողությունները և ակնկալվող արդյունքը, և թե ինչպես է տվյալ գործունեությունը նպաստելու ՀԲԾ-ի նպատակների իրականացմանը, ինչպես նաև
գ․ ՀԲԾ-ից ակնկալվող աջակցության տեսակը (օրինակ՝ ֆինանսավորում, տարածք, սարքավորումներ, նյութեր, մարդկային ռեսուրսներ և այլն)։
– Հավելյալ տեղեկություններ (ոչ ավել, քան 2 (երկու) էջ)
Առաջարկվող ընդհանուր մոտավոր արժեքը, ծախսերի տողերը համառոտ (օրինակ՝ աշխատավարձեր, ճամփորդություններ և այլն), ըստ ցանկության՝ հայտատուի կողմից առաջարկվող ֆինանսական կամ ոչ ֆինանսական ներդրման չափը, եթե կիրառելի է, գործունեության առաջարկվող տևողությունը և հայտատուի, ինչպես նաև ակնկալվող կամ ներկա գործընկերոջ (գործընկերների) նախորդ գործունեությունը կամ փորձը։
ՀԲԾ-ն կապ կհաստատի ընտրված հայտատուների հետ՝ խնդրելով տրամադրել հայեցակարգի մեջ ներկայացված տեղեկատվության վրա հիմնված ամբողջական առաջարկը։
Գ․ Ամբողջական հայտի ներկայացումը
Եթե հայեցակարգը հաստատվի, ՀԲԾ-ն կապ կհաստատի հայտատուների հետ և հայտը լրացնելու համար ցուցումներ ու ձևանմուշներ կտրամադրի:
Պետք չէ ներկայացնել ամբողջական առաջարկ, քանի դեռ ՀԲԾ-ն այն չի պահանջել: Հայեցակարգի վերաբերյալ դրական արձագանք ստանալուց հետո միայն դիմորդից կխնդրեն Ծրագրի կողմից դիտարկման ենթակա ամբողջական առաջարկ կազմել, որը հիմնված կլինի Ծրագրի կողմից տրամադրված ցուցումների վրա։
Բաժին IV. Հայեցակարգի ուսումնասիրություն
Ա․ Հայեցակարգերի գնահատման չափանիշներ
Հայեցակարգերը կդիտարկվեն ՏԾՀ-ին համապատասխանության, թեմայի պատշաճության և ստեղծարարության տեսանկյունից: Հայտատուները պետք է կարողանան ցույց տալ, թե իրենց առաջարկած գործունեությունը ինչպես կնպաստի ծրագրի՝ Բաժին I-ում նկարագրված նպատակներին: ՀԲԾ-ն փնտրում է արդյունքահեն նորարարական գաղափարներ և մոտեցումներ։
Գնահատման չափանիշներ
Ներկայացված հայեցակարգերը գնահատվելու են հետևյալ կերպ․
Տեխնիկական չափանիշներ՝ 50 միավոր
ա․ Խնդրի ներկայացում և կարիքների հիմնավորում
բ․ Ծրագրի նպատակներին համապատասխանություն և հետևողականություն (նախագծի նպատակի և դրան հասնելու համար առաջարկվող գործողությունների միջև համաձայնեցվածություն և տրամաբանական կապ)
գ. Ակնկալվող արդյունքների իրագործելիություն
Նախկին գործունեություն և կազմակերպության կարողություններ՝ 20 միավոր
ա․ Կազմակերպության առաքելությունը և նպատակները
բ․ Տվյալ ոլորտում կազմակերպության փորձառությունը
գ․ Նախագծում առաջարկվող աշխատակազմի փորձառությունը
Ծախսերի ողջամտություն և կայունություն՝ 30 միավոր
ա․ Առաջարկվող բյուջեի իրատեսականությունը և հիմնավորվածությունը
Բաժին V. Նախագծի կոնտակտային անձը
Սույն ՏԾՀ-ի կոնտակտային անձը, որին կարող եք հղել ձեր հարցերը ՏԾՀ-ի ընթացքում, Մանուշակ Ալավերդյանն է՝ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի դրամաշնորհների և ենթապայմանագրերի կառավարիչը, [email protected]։
Եթե հնարավոր հայտատուն սույն ՏԾՀ-ի մասին բացատրության կամ մեկնաբանության կարիք կունենա, նա պետք է գրավոր եղանակով դիմի մինչև ուղեկցող նամակում նշված ամսաթիվը, որպեսզի տրված պատասխանը տրամադրվի բոլոր ապագա հայտատուներին՝ նախքան նրանց հայտերի ներկայացումը: Մինչև դրամաշնորհի տրամադրումը տրված բանավոր բացատրությունները կամ ցուցումները պարտադրող բնույթ չեն կրում: Սույն ՏԾՀ-ի վերաբերյալ հնարավոր հայտատուին տրված ցանկացած տեղեկատվություն անհապաղ կտրամադրվի մյուս ապագա հայտատուներին՝ որպես սույն ՏԾՀ-ի լրացում, եթե այդ տեղեկատվությունը անհրաժեշտ է հայտերը ներկայացնելիս կամ եթե դրա բացակայությունը անբարենպաստ պայմաններ կստեղծի մնացած հնարավոր հայտատուների համար:
Բաժին VI. Այլ տեղեկություններ
Սույն ՏԾՀ-ի հրապարակումը չի ենթադրում գումարի շնորհում կամ պարտավորության ստանձնում «Դեքսիս»-ի կողմից, ինչպես նաև չի պարտավորեցնում ՀԲԾ-ին փոխհատուցել հայտի պատրաստման և ներկայացման հետ կապված ծախսերը:
Dexis-ն իրեն իրավունք է վերապահում ֆինանսավորելու ներկայացված հայտերից ցանկացածը կամ չֆինանսավորել ոչ մի հայտ: Բացի այդ, «Դեքսիս»-ն իրեն իրավունք է վերապահում սույն ՏԾՀ-ի արդյունքում դրամաշնորհներ չտրամադրել։