Հայտը լրացնելու համար սեղմեք այս հղումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի նպատակն է՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:
Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման:
Հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.
1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 1,000.000 ՀՀ դրամ:
2. Հիմնական ծրագրեր. նախկինում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ֆինանսավորված և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար՝ 1,000.000-ից մինչև 5,000.000 ՀՀ դրամ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնք համաձայն իրենց կանոնադրության զբաղվում են երիտասարդության հարցերով և/կամ իրականացնում են երիտասարդական աշխատանք։
Հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի մարտի 2-ը ներառյալ մինչև ժամը 10:00:
Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված առանձին ծրարով: Ծրարի վրա նշվում է ծրագրի անվանումը և ՀԿ անվանումը: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից: Ծրարում պետք է ներառվի նաև հայտի էլեկտրոնային (սկան) տարբերակը էլեկտրոնային կրիչով:
Հայտը ներկայացվում է մրցութի հանձնաժողովի քարտուղարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Կառավարական 2-րդ տուն, Վ. Սարգսյան 3, 605 սենյակ, 6-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել քարտուղարին):
Մասնակիցը (ՀԿ-ն) չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք:
Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:
Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:
Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
Հայտերը բացվում են 2020 թվականի մարտի 2-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում:
Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստին:
Մրցույթի հրավերին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջ www.escs.am:
Մրցույթի հրավեր չստանալը չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի հայտը չընդունելու համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի (ձևը կցված է) հետ միաժամանակ պետք է կցի`
1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված և ստորագրված, իսկ կնիքի բացակայության դեպքում ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, որը անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ:
2. Ծրագրի նախահաշվի Excel ֆայլը (կցվում է):
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (ձևաչափը կցվում է):
4. Կազմակերպության կանոնադրությունը:
5. Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը:
Ծրագրային հայտերի, նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:
Ծրագրերի իրականացման ժամանակ հասարակական կազմակերպությունները պարտավոր են համաձայն 2016թ.-ի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի Զ կետի՝ ծրագրի ծախսերն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 2-րդ մասի՝ իրականացվելիք գնումների վերաբերյալ պայմանագրերի կնքումից 7 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակման համար ներկայացնել հաշվետվություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Հատուկ հիշեցում: Ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր: