Միջազգային Գիտաժողով. «Ռուսաստանի Դաշնության Հայկական Սփյուռքը»
Աղբյուրը՝ http://ysu.am/calendar/hy/1464867729
Երևանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնը Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական համայնքների բաժնի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ» խորագրով:
Գիտաժողովը տեղի կունենա 2016 թ.-ի հոկտեմբեր 13-14-ը, Երևանում:
Գիտաժողովի անհրաժեշտությունը: Չնայած Ռուսաստանի Դաշնությունում մեծաթիվ հայկական համայնքի առկայությանը, այն ավանդական Սփյուռքի համայնքների հետ համեմատած զգալիորեն քիչ է ուսումնասիրված: Հաճախ ՌԴ հայկական համայնքը համարվում է պակաս կազմակերպված, տեղի հայերի ինքնությունը՝ ենթադրաբար ավելի վտանգված, և երբեմն նույնիսկ քննարկվում է «սփյուռք» հասկացության գործածության նպատակահարմարությունը ՌԴ հայերի պարագայում:
Այդուհանդերձ գոյություն ունեն ՌԴ գիտնականների կողմից տեղի հայությանը նվիրված ուսումնասիրություններ, որտեղ հայերը դիտարկվում են ՌԴ ազգային/էթնիկ փոքրամասնության տեսանկյունից` հաճախ համեմատելով նաև այլ ապատարածքային փորքամասնությունների հետ: Այդ ուսումնասիրություններում ՌԴ հայերը ներկայացվում են որպես լավ կազմակերպված և փոքրիշատե կայուն սփյուռքյան կառուցվածքով:
Չնայած Ռուսաստանի հայերի մասին հետազոտությունների աճող թվին` առկա է ՌԴ հայկական սփյուռքի արդի փուլի մասին համակարգված քննարկման պակաս: Այս գիտաժողովը կհանդիսանա նման քննարկում ծավալելու հարթակ, որ կնպաստի նյութի վերաբերյալ նոր հետազոտությունների իրականացմանը և մեր պատկերացումները ընդլայնմանը:
Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփյուռքի արդի փուլի համայնապատկերի, կազմակերպական կառուցվածքի, ազգային ինքնության պահպանության մարտահրավերների, սփյուռքայնացման արդի միտումների և Հայաստանի Հանրապետության հետ ռուսահայության կապերի վերաբերյալ քննարկումն է, առկա գիտական հետազոտությունների համախմբումը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղվող ՀՀ և արտերկրի գիտնականների միջև երկխոսության խրախուսումը:
Գիտաժողովի թեմաներն են.
- ՌԴ հայությունն արդի փուլում. համայնապատկեր
- ՌԴ հայկական համայնքների կազմակերպական կառուցվածքը
- «Նոր Սփյուռք» և «ավանդական սփյուռք». նմանություններ և տարբերություններ
- Հայաստանի Հանրապետության հետ կապեր
- Ռուսահայության ինքնության հարցեր
- ՌԴ հայկական կրթական և մշակութային կառույցներ
- Կրոնական կազմակերպությունների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու դերը Ռուսաստանում
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովի զեկուցումները հրատարակվելու են առանձին ժողովածուով:
Գիտաժողովին մասնակցելու համար առաջարկվող զեկուցման սեղմագիրը [զեկուցման վերնագիրը` սեղմ նկարագրությամբ (300 բառ)] և հեղինակի համառոտ կենսագրությունը պետք է ուղարկել գիտաժողովի գիտական կոմիտեին մինչև 2016 թ. հուլիսի 30-ը`[email protected] էլ. հասցեով:
Գիտաժողովին մասնակցելու համար ընտրված զեկուցումների հեղինակները կտեղեկացվեն մինչև 2016 թ. օգոստոսի 15-ը:
Ընտրված արտասահմանյան մասնակիցների կեցության և ճամփորդության ծախսերը կարող են հոգալ գիտաժողովի կազմակերպիչները: Եթե կա ֆինանսական աջակցության կարիք, խնդրում ենք այդ մասին նշել մասնակցության հայտում:
Հարցերի համար կարող եք դիմել [email protected], էլ. հասցեով կամ (+374)99556665 հեռախոսահամարով, Արման Եղիազարյան/Երևանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոն: