Հետաքննական լրագրության ամառային դպրոց
Ինչ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում կազմակերպում է Հետաքննական լրագրության ամառային դպրոց։
Ինչպես
Հետաքննական լրագրության ամառային դպրոցը կանցկացվի 2016 թ. հուլիսի 1-12-ը: Դպրոցը վարելու են ամերիկահայ լրագրող, Պուլիցերյան մրցանակակիր («Բոսթոն Գլոբի» Spotlight թիմի անդամ) Սթեֆըն Քուրքչյանը և «Հետքի» հետաքննող լրագրողները:
Մասնակիցները կուսումնասիրեն լրագրողական հետաքննություններ վարելու ամբողջ գործընթացը՝ սկսած նյութի որոնումից, աղբյուրների հետ աշխատանքից մինչև վարկածների մշակում, փաստերի ստուգում, համադրում, նյութի պատրաստում: Տեսական դասերին զուգահեռ՝ նրանք կաշխատեն իրենց առաջարկած հետաքննական թեմաների վրա և հնարավորություն կստանան հրապարակել դրանք «Հետք» օնլայնում:
Ում համար
Եթե լրագրող եք և ունեք հետաքննության արժանի թեմաներ ու գաղափարներ, ապա այս հնարավորությունը ձեզ համար է: Ամառային դպրոցում ընդգրկվելու են 12 լրագրողներ։ Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով: Նախապատվությունը տրվելու է այն դիմորդներին, ովքեր՝
- ներկայացրել են լրագրողական հետաքննությունների ուշագրավ գաղափարներ առաջարկվածթեմաների շրջանակում,
- ունեն առնվազն 2 տարվա լրագրողական աշխատանքի փորձ:
Ինչ կլինի հետո
Դպրոցի ավարտից հետո մասնակիցների համար կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ՝ լրագրողական հետաքննություն կատարելու և հրապարակելու համար։ Հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն: Դրամաշնորհներին վերաբերող մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Երբ և որտեղ
Դասերն անցկացվելու են ամեն օր ժամը 10:00-18:00-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ): Մասնակցությունը դասընթացին անվճար է: Մարզերից մասնակիցների տրանսպորտի ու կեցության ծախսերը փոխհատուցվելու են:
Մասնակցության հայտերը կարելի է լրացնել հետևյալ հղումով: Դիմելու վերջնաժամկետը 2016թ-ի հունիսի 26-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին (Հեռ.՝ 010 583620) կամ գրել [email protected]էլեկտրոնային հասցեով:
Հետաքննական լրագրության ամառային դպրոցը անցկացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը։ Ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: