«Հայաստան» Համահայկական հիմնադրամի տարբերանշանի մշակման բաց մրցույթ
Հայտարարության էջը ֆեյսբուքում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) նախաձեռնում է Հիմնադրամի տարբերանշանի և վերաոճավորման (rebranding) առաջարկների բաց մրցույթ։ Այն նախ և առաջ նպատակ ունի վերաիմաստավորելու Հիմնադրամի դերը՝ որպես Համահայկական ամբողջական ներուժը միավորող, մեր Հայրենիքի հանդեպ հոգատարություն դրսևորող կառույց։ Հիմնադրամը միշտ սատար է կանգնել պետությանը: Իրականացվել են 1000-ից ավելի խոշոր ծրագրեր Հայաստանում և Արցախում. կառուցվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ` հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ։
Հիմնադրամը շարունակում է պետականաշինությանը նպաստող գործունեությունը:
Ավելի մանրամասն՝ http://himnadram.org/hy/our-mission
Եվ ուրեմն, գրաֆիկական ձևավորման և/կամ հարակից ոլորտների մասնագետներին, կառույցներին և ուղղակի անհատներին կոչ ենք անում կիսվել մեզ հետ իրենց գաղափարներով՝ փորձելով պահպանել ստորև նշված բաց մրցույթի պայմաններն ու կանոնները։
Առաջադրանք
Տարբերանշանի վերաոճավորման հայեցակարգը պետք է ներառի Հիմնադրամի անվանումը հայերեն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ, և դրա կիրառման հնարավորություն տա նաև անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով։ Տարբերանշանը պետք է լինի ժամանակակից ու նորարարական լուծումներով, արտահայտի Հիմնադրամի առաքելությունը։
Հայտատուին ներկայացվող պահանջներ
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված կազմակերպությունները կամ անձինք՝ անկախ բնակության վայրից, մասնագիտությունից և քաղաքացիությունից։
Մրցույթին չեն կարող մասնակցել այն անձիք կամ կազմակերպությունները որոնք՝
• Անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով որևէ ազգակցական կամ գործնական առնչություն ունեն Հիմնադրամի ղեկավար կազմի հետ,
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չունեն տվյալ տեսակի գործունեություն իրականացնելու իրավունք կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվել են այնպիսի պատասխանատվության, որի հետևանքով նրանց արգելվել է հայտ ներկայացնելու պահին իրականացնել տվյալ տեսակի գործունեություն,
• Ներառվել են պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Ներկայացվող փաթեթի պահանջներ
Մշակված առաջարկի փաթեթը պետք է ներառի տարբերանշանի էսքիզն ու դրա կիրառման հնարավոր տարբերակները։ Այն պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ հայերեն կամ անգլերեն, առավելագույնը 10 էջից բաղկացած Adobe Acrobat Reader (PDF) ձևաչափով, որը չպետք է գերազանցի 20 ՄԲ-ը։
Հայտի փաթեթը պետք է կազմված լինի հետևյալ բաղադրիչներից.
1. տարբերանշանի էսքիզ,
2. կիրառման հնարավոր լուծումներ (գունավոր, մոնոխրոմ, մեծ չափերով՝ պաստառի վրա, փոքր չափերով՝ այցեքարտի համար, տարբեր այլ կիրառման հնարավորություններ),
3. գաղափարի հակիրճ տեքստային նկարագրություն,
4. գաղափարի հեղինակների մասին տեղեկատվություն, ինչպես նաև յուրաքանչյուրի մասնակցությունը ներկայացված փաթեթի մշակման գործում։
Ընտրություն
Ներկայացված փաթեթները, որոնք համապատասխանում են մրցույթի առաջադրանքին, ամբողջովին ներկայացվելու են ժյուրիի դատին։ Ժյուրի կազմում են.
1. Արմեն Օհանյան-արվեստագետ
2. Սարհատ Պետրոսյան –ճարտարապետ, «ուրբանլաբ»-ի հիմնադիր
3. Արեգ Բալայան –արվեստագետ
4. Մադլեն Մինասյան- ՊԻՔՍԱՐՏ-ի բովանդակային հարցերի և հանրային կապերի ղեկավար
5. Մարիա Թիթիզյան- EVN Report-ի գլխավոր խմբագիր
Ժյուրիի որոշմամբ ներկայացված փաթեթներից ընտրվելու են 3 հաղթողներ: Յուրաքանչյուր հաղթող տարբերակի համար նախատեսված է 150.000-ական դրամ, որը ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը։ Այնուհետև հաղթող տարբերանշանները հանրային քննարկման ակնկալիքով կտեղադրվեն Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։ Քննարկման արդյունքները հաշվի կառնվեն տարբերանշանի վերջնական ընտրության ժամանակ։
Ժյուրիի կողմից հաղթող ճանաչված գաղափարների իրականացման որևէ պարտավորություն Հիմնադրամը չի ստանձնում։ Սակայն Հիմնադրամի ղեկավարությունը, հիմք ընդունելով մրցույթի արդյունքները, կարող է համագործակցել հաղթող(ներ)ի կամ մասնակիցների հետ։
Ժամկետներ
Հայտերն ընդունվում են 16.01.2019-ից մինչև 16.02.2019-ը ներառյալ: Հայտը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում նշելով New Himnadram Re-Branding։
Լավագույն 3 տարբերանշանների ընտրությունը տեղի կունենա 18.02.2019-ից մինչև 22.02.2019-ի ժամանակահատվածում: Հանրային քննարկումը կկայանա 23.02.2019-ից մինչև 27.02.2019-ի ընթացքում: Վերջնական տարբերանշանի ընտրությունը տեղի կունենա 08.03.2019-ին:
Այլ կարգավորումներ
Ժյուրիի ընտրությանը ներկայացված տարբերակների հեղինակային իրավունքները պահպանվելու են ՀՀ հեղինակային իրավունքի օրենսդրությամբ։
Հայտարարության վերաբերյալ հարցերը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կարող եք ուղղել բաց մրցույթի համակարգող Դավիթ Բանուչյանին։