Իրավական նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է կրթության ոլորտի իրավաբան-հետազոտողի
Ընտրված հետազոտողից ակնկալվում է.
- Ուսումնասիրել ազատազրկված անձանց կրթությանն առնչվող միջազգային իրավական փաստաթղթերը, ներպետական իրավական ակտերը, ծրագրերը, ռազմավարությունները և քաղաքականության փաստաթղթերը, նոր մշակվող իրավական ակտերի նախագծերը, հետազոտությունները, էլեկտրոնային մամուլի հրապարակումները և կատարել դրանց համեմատական վերլուծություն:
- Ուսումնասիրել ազատազրկված անձանց կրթությանն առնչվող միջազգային ու ներպետական փորձը և կատարել դրանց համեմատական վերլուծություն:
- Խորին հարցազրույցների անցկացման համար մշակել հարցաշարեր:
- Հիմնախնդրի վերաբերյալ ծրագրի շահառուների և կարևոր դերակատարների կարծիքը և առաջարկություններն ուսումնասիրելու նպատակով իրականացնել խորին հարցազրույցներ:
- Ամփոփել խորին հարցազրույցների միջոցով ստացված տեղեկատվությունը:
- Փաստաթղթերի վերլուծության արդյունքները համադրել տեղեկատվություն ստանալու վերաբերյալ գրավոր հարցումների և խորին հարցազրույցների միջոցով հավաքագրված տեղեկատվության հետ և մշակել հետազոտական զեկույց:
- Մասնակցել մամուլի ասուլիսների և քննարկումների, անհրաժեշտության դեպքում ներկա լինել շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներին։
Թափուր հաստիքին դիմող անձը պետք է ունենա հետևյալ որակավորումները.
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Ազատազրկված անձանց կրթության ոլորտում հետազոտական աշխատանքներ կատարելու փորձ,
- Հայերենի և անգլերենի՝ իբրև աշխատանքային լեզուների գերազանց իմացություն:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հունիսի 17-ը [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին ուղարկել.
- Ինքնակենսագրություն,
- Նախկինում իրականացված հետազոտությունների կամ զեկույցների օրինակներ,
- 1 երաշխավոր անձի տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածության ոլորտ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ),
- Մատուցվող ծառայությունների գնային առաջարկ (Տե՛ս կից ֆայլում):
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 155 300 հեռախոսահամարով կամ գրել վերոնշյալ էլեկտրոնային հասցեներով։
Առաջին փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրի մասին
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2021թ. հունիսի 1-ից մեկնարկել է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագիրը, որի նպատակն է խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:
Օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի մի շարք խնդիրների պատճառով ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, թեև այն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ և կառավարության կողմից դիտարկվում է որպես վերասոցիալականացման քաղաքականության կարևոր բաղադրիչ:
Առաջարկվող ծրագրի արդյունքում ակնկալում ենք նպաստել նշված հիմնախնդիրների լուծմանը՝ ազատազրկված անձանց կրթության իրավունքին առնչվող հիմնախնդիրների վերհանման և հանրայնացման, համապատասխան օրենսդրության բարելավման, պրակտիկ խնդիրների կարգավորման, պատասխանատու կառույցների միջև համագործակցության խթանման միջոցով։
Այս ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
Կազմակերպության մասին
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն հիմնադրվել է 2017թ.-ին: Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ: Կազմակերպության գործունեության առանցքում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն է: Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր:
Կազմակերպության գործունեությանը կարող եք ավելի մանրամասն կերպով ծանոթանալ ֆեյսբուքյան էջում հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/legalinitiativesngo: