Աշխատանքի հայտարարություն. ծրագրի ղեկավարներ/ծրագրի համակարգողներ
Պաշտոնը` Ծրագրի ղեկավար
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն
Աշխատանքի նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է Հայաստանում հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներով հետաքրքրված և ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառություն ունեցող անհատների, ովքեր կմիանան ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության և թափանցիկ ու հաշվետու կառավարման բարելավմանն ուղղված՝ կազմակերպության ջանքերին հետևյալ ծրագրերի/գործողությունների միջոցով․
- Հակակոռուպցիոն կրթություն
- Պետական ինստիտուտների կոռուպցիոն ռիսկերի գնահատում
Թեկնածուները պետք է լինեն պատասխանատու և նախաձեռնող, ունենան գիտելիքներ հանրային կառավարման հիմնական բաղադրիչների ու գործընթացների վերաբերյալ, ծանոթ լինեն առնչվող օրենսդրությանը, օրենսդրական գործընթացներին, հետաքրքված լինեն հակակոռուպցիոն միջազգային փորձով և հակակոռուպցիոն քաղաքականությամբ, ունենան վերլուծական միտք, գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակերպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում։ Թեկնածուները պետք է օժտված լինեն կազմակերպչական և առաջնորդման գերազանց հմտություններով, ինչպես նաև բանակցային կարողություններով։
Ծրագրի ղեկավարի/համակարգողի աշխատանքի պահանջներն են՝
- Ղեկավարման/համակարգման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագր(եր)ի ղեկավարման/համակարգման համար՝ ապահովելու առաջադրված խնդիրների և գործողությունների իրականացումը, նախանշված արդյունքների ստացումը, ծրագրի ընթացքի և արդյունքների վերլուծությունը, ծրագրի փաստաթղթերի ամբողջականությունը և հաշվետվությունների ներկայացումը սահմանված ժամկետներում, ծառացած խնդիրների լուծումը և մարտահրավերների հաղթահարումը, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը․
- Թիմի առաջնորդման հմտություններ, որոնք անհրաժեշտ են պահանջվող աշխատակազմի ներգրավման և կառավարման, անհրաժեշտ հմտությունների փոխանցման, մասնագիտական ուղղորդման, նպատակների առաջադրման ու գործողությունների վերահսկման, ինչպես նաև գործընկերների հետ համերաշխ համագործակցություն ապահովելու համար․
- Փորձագիտական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են թիմի մասնագիտական ուղղորդման և աջակցության, իրականացվող ոլորտային քաղաքականության վերլուծությունների և առաջարկությունների որակի ապահովման, ըստ անհրաժեշտության՝ զեկույցների ամփոփման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի շրջանում կազմակերպության գործունեության և դրա արդյունքների պատշաճ ներկայացման համար․
- Պրոդուկտներ մշակելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի ընթացիկ և վերջնական արդյունքների ամփոփման, ոլորտային վերլուծական նյութերի ու զեկույցների կազմումն ու առաջարկությունների մշակումն ու ներկայացումն ապահովելու համար․
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ, որոնք անհրաժեշտ են շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետական հաստատությունների, մասնավոր հատվածի կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, փորձագետների, քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ հաղորդակցության ապահովման, ինչպես նաև ԹԻՀԿ գործունեությունը ներկայացնելու ու պատշաճ հաղորդագրություններ ձևակերպելու համար։
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում հանրային քաղաքականության, հանրային կառավարման, քաղաքագիտության, իրավաբանության, տնտեսագիտության կամ հանրային կառավարմանն առնչվող այլ ոլորտներում
- առնվազն 3 տարվա ծրագրի ղեկավարման փորձ
- գիտելիքներ հանրային կառավարման, հակակոռուպցիոն քաղաքականության, մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքների, օրենսդրական գործընթացների վերաբերյալ, միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ տեղեկացվածությունը ցանկալի է
- զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ
- ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու կարողություններ
- հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- ՏՏ գիտելիքներ (MS Office)
- բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցային հմտություններ
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Ստեղծագործ մտածողություն
- Նախաձեռնողականություն
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Շարունակական զարգացման միտում
- Բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու պատրաստակամություն
- Սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացողություն և կատարելության ձգտում
- Հավատարմություն կազմակերպության արժեքներին
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև 2020 թ, հունվարի 12-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Ծրագրի ղեկավար կամ ծրագրի համակարգող և ծրագրի/գործողության անվանումը, որով հետաքրքրված եք (օր․ Ծրագրի համակարգող_hակակոռուպցիոն կրթություն)։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ ռազմավարության հիմքում:
Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: