ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ
Աղբյուրը ՝ KolbaLab
2020-ը լի է ազատ տեղաշարժվելու և ճամփորդելու սահմանափակումներից բխող մարտահրավերներով, որոնք իրենց ազդեցությունն են թողնում մեր անձնական եւ մասնագիտական կյանքի բոլոր կողմերի վրա։ Տարբեր ոլորտների սոցիալական և տնտեսական ազդեցությունների մակարդակը դեռևս գնահատվում է, բայց պետք է նշել, որ գոյություն չունի և ոչ մի ոլորտ, որը շրջանցել է Քովիդի ազդեցությունը։ Տնտեսության ստեղծարար ոլորտը նույնպես բացառություն չէ, և այն, համապատասխան էկոհամակարգերում և մատակարարման ցանցերում, նույնպես աջակցության կարիք ունի:
Կոլբա լաբում մենք հավատում ենք, որ Հայաստանի ստեղծարար ոլորտն ունի ապագա, և ցանկանում ենք ոլորտի զարգացումը խթանել ստարտափ գաղափարների մրցույթի միջոցով։ Մենք փնտրում ենք ապագային ուղղված միջոլորտային համագործակցություններ, որոնք կլուծեն տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրներ, և որոնք կիրականացվեն Շիրակի մարզում։
Դեռևս 2019թ-ին իրականացված ստեղծարար ոլորտների զարգացումը Շիրակի մարզում կանխագիտության/ապագայի մոդելավորման (foresight) քննարկումների և հետազոտության արդյունքում մեր թիմը դուրս է բերել հետեւյալ առաջնային ուղղությունները՝
- Թվային լուծումներ/ծառայություններ մշակութային հաստատությունների (թանգարաններ, թատրոններ, գրադարաններ, պատկերասրահներ) և մշակութային կոթողների, արձանների համար
- Մշակութային վայրերի և ստեղծարար տարածքների ապագան
- Ապագային ուղղված ապրանքներ և ծառայություններ մշակութային տուրիզմի համար
- Տեղական արվեստների և արհեստների թվային գովազդ և մարքեթինգ
- Մշակութային և ստեղծարար ոլորտների մասնագիտական գիտելիքը փոխանցելու համագործակության ձեւաչափ և/կամ հարթակ
- Հին ավանդական արհեստների վերածնում և նորարար առանձնահատկությունների ներկայացում
- Տեղական արտադրանքի առցանց վաճառք
- Էկո արտադրանք նորաձեւության ոլորտում
Այս ցանկը ձեզ համար կարող է ուղեցույց լինել, բայց պարտադիր չէ սահմանափակվել դրանով, կարող եք դիմել ստեղծարար ոլորտի այլ ուղղության զարգացման առաջարկով։ Մենք պատրաստ ենք լսել ցանկացած ստեղծարար գաղափար, որը կունենա դրական սոցիալական արդյունք։ Եթե ունեք գաղափար, որը կիրականացվի Շիրակի մարզում, ապա մենք սպասում ենք հենց ձեր հայտին։ Ակնկալում ենք ստանալ այնպիսի առաջարկներ, որոնք հնարավոր կլինի փորձարկել, մոդելավորել և առաջին անդյունքներն ունենալ առաջիկա 4-5 ամսվա ընթացքում։ Կոլբան կաջակցի ձեր գաղափարի իրագործմանը՝ տրամադրելով գաղափարի ինկուբացման աջակցություն, որը ներառում է մասնագիտական խորհրդատվություն և նախնական ֆինանսավորում 3000-5000 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Արվեստն ու ստեղծարարությունը ներշնչելու, միավորելու և վարքագիծը փոխելու ուժ ունեն թե’ անհատական, թե’ խմբային մակարդակներում։ Ստեղծարարությունն ու փոփոխությունը սերտորեն փոխկապակցված են։ Համայնքային արվեստի կենտրոնները, թարգարանները, թատրոններն ու տարբեր արվեստի փառատոնները մշտապես խթանել են տեղական տնտեսության զարգացումը՝ ոգեշնչելով երիտասարդներին և միավորելով մեզ բոլորիս։ Այսօր թվային տեխնոլոգիաները ստեղծարար ոլորտի մասնագետներին բազում հնարավորություններ են տալիս, որպեսզի նրանք կարողանան կոտրել սահմաններն ու էլ ավելի ընդլայնել իրենց աշխատանքների սոցիալական ազդեցությունը։ Ուրախ կլինենք ստանալ ձեր գաղափարները, որոնք կօգնեն զարգացնել տնտեսությունը։
Լրացրեք առցանց հայտն այստեղ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը ներառյալ։