Հաղորդակցության ավագ ղեկավար․ Աշխատանքի հայտարարություն
Աղբյուրը ՝ Eurasia Partnership Foundation
ՊԱՇՏՈՆԸ. Հաղորդակցության ավագ ղեկավար (12 ամիս՝ պայմանագրի երկարացման հեռանկարով)
ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ. 25 ապրիլի, 2021թ․
Աշխատանքի համառոտ նկարագիր
ԵՀՀ-ն փնտրում է հաղորդակցության փորձված մասնագետի, որը կդառնա մեր դինամիկ, նորարար և հետարդիական թիմի անդամ և կառաջնորդի ԵՀՀ հաղորդակցության թիմին։ Նա հաշվետու կլինի ԵՀՀ տնօրենին, կհամագործակցի հիմնադրամի ծրագրային տնօրենների հետ և կաջակցի ծրագրային թիմերին՝ ԵՀՀ-ի համակողմանի հաղորդակցական ռազմավարությունն իրականացնելիս։
Հաղորդակցության ղեկավարը կազմակերպում է ԵՀՀ արտաքին հաղորդակցությունը։
Հիմնական գործառույթներ.
- Ղեկավարել ԵՀՀ-ի հաղորդակցության թիմը (որն այս պահին ունի երեք աշխատակից), թիմի հետ պլանավորել ԵՀՀ հաղորդակցության բաժնի անելիքները, ապահովելով գործողությունների իրականացումը և թիմի՝ աշխատանքի հանդեպ էնտուզիազմը։
- Ղեկավարել նոր կայքի մշակման և գործարկման աշխատանքները, կազմակերպել կայքը ստեղծող ընկերության ընտրության մրցույթը և հաղթողի հետ պայմանագրային հարաբերությունները, աջակցել կայքի դիզայնի վերջնականացմանը, կազմակերպել նոր կայքի գործարկումը և հնից նորին անցումը։ Դիզայն-մտածողությունն առավելություն է։
- Ստանձնել ԵՀՀ-ի և գործընկերների հեղինակած հայերեն և անգլերեն տեքստերի որակի ապահովման պատասխանատվությունը, ըստ անհրաժեշտության հեղինակելով հայերեն և անգլերեն տեքստեր և/կամ աջակցելով դրանց խմբագրմանը, խմբագրել անգլերենից հայերեն թարգմանված տեքստերը, ըստ անհրաժեշտության կազմակերպել ոչ էլեկտրոնային տպագրությունների ամբողջական շրջափուլը՝ ԵՀՀ չափորոշիչների հիման վրա (ըստ ԵՀՀ տպագրական ուղեցույցի)։
Լրացուցիչ գործառույթներ․
- Կատարել այլ, այդ թվում՝ ոչ-խոսքային հաղորդակցության ոլորտին, օրինակ՝ լուսանկարներին, տեսանյութերին, ձայնագրություններին առնչվող գործառույթներ, ապահովել ԵՀՀ տեսանելիությունն ու ներկայությունը սոցիալական մեդիա հարթակներում՝ հիմնականում հաղորդակցության թիմի աշխատանքի համակարգման միջոցով։
- Անհրաժեշտության դեպքում աջակցել ԵՀՀ-ի ծրագրային թիմերի հաշվետվությունների և զեկույցների պատրաստմանը։
- Մասնակցել ֆոնդահայթայթման և ռազմավարությունների մշակման գործողություններին, ըստ անհրաժեշտության։
- Լրացուցիչ կարողությունները (համացանցից գրագետ և վարժ օգտվելու կարողությունը, նորարար մտածելակերպը և այլն) կարևոր են, այնուամենայնիվ, առանցքային են ռազմավարական մոտեցումը, մարդկային ռեսուրսների կառավարման և գրավոր տեքստերի, մասնավորապես՝ հայերեն տեքստերի հետ աշխատանքի կարողությունը։
Պահանջվող մասնագիտական որակավորումները․
- Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, որը հստակ ապացուցում է հայերեն և անգլերեն բարձրորակ տեքստեր գրելու և խմբագրելու կարողությունները։
- Հաղորդակցության, մեդիայի, հասարակագիտության, հումանիտար գիտությունների, գրավոր խոսքի, արվեստների կամ հարակից այլ ոլորտների կրթական որակավորում, արտասահմանում կրթական և այլ փորձառությունն առավելություն է։
- Թիմեր ղեկավարելու փորձ։
- Առցանց հաղորդակցության առանձնահատկությունների և կայքի ֆունկցիոնալությունների իմացություն։
- Հայերեն և անգլերեն գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցական կարողություն։ Ռուսերենի իմացությունն առավելություն է։
- Գրագիտության բարձր մակարդակ, երկու կամ երեք լեզուներով որակյալ տեքստեր արագ և հեշտ ստեղծելու, խմբագրելու և սրբագրելու փորձ և կարողություն։
- Խնդիրների լուծման համար նորարարական մոտեցումների առաջարկներով հանդես գալու և դրանք իրականացնելու կարողություն։
- Համակարգչային ամենաբազմազան, ներառյալ ծրագրավորման հմտություններն առավելություն են։
Անձնական հատկանիշներ.
- Մանրամասներին ուշադրություն դարձնող և մոտիվացված անհատ, ով կարողանում է հեշտությամբ աշխատել թիմում։
- Դիզայնի հմտությունները և բարձր ճաշակն առավելություն են։
- Հաղորդակցության (հատկապես հայերեն գրավոր տեքստերի) սիրահար, մոտիվացված, ստեղծարար, նորարար գաղափարներ ունեցող, թիմային խաղացող։
Աշխատավարձ․
Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից, կրթությունից, ստեղծարարությունից և այս պաշտոնի համար անհրաժեշտ այլ կարողություններից։
Դիմելու ընթացակարգը.
Դիմելու համար խնդրում ենք [email protected] հասցեով ուղարկել ինքնակենսագրություն (CV) և ձեր հեղինակությամբ կամ խմբագրությամբ հայերեն ու անգլերեն տեքստեր՝ նշելով տեքստի հեղինակման կամ խմբագրման հանգամանքը։
«Թեմա» դաշտում խնդրում ենք մուտքագրել ձեր անունը և այն պաշտոնը, որին դիմում եք, օրինակ՝ Հաղորդակցության բաժնի ղեկավար_Անուն Ազգանուն։
ԵՀՀ-ն հավասար հնարավորությունների թիմ է: Կտեղեկացվեն միայն կարճ ցուցակ անցած թեկնածուները: