Մեդիա կառավարման առցանց դպրոցի մասնակցության հրավեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Դոյչե Վելլե Ակադեմիայի հետ սկսում է նոր ուսումնական ծրագիր՝ նախատեսված լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների, կոմերցիոն և բիզնեսի զարգացման բաժինների պատասխանատուների, կառավարման գործում ընդգրկված այլ մասնագետների, ինչպես նաև՝ մեդիայի կառավարման խնդիրներով հետաքրքրված ուսանողների համար։
Դպրոցը նպատակ ունի զարգացնել հմտություններ լրատվամիջոցների առաջխաղացման ռազմավարության, մարքեթինգի, նախագծերի ստեղծման, ռեսուրսների և ֆինանսների կառավարման ոլորտներում, որոնք կարևոր են ինչպես մեդիա բիզնեսի ընթացիկ պլանավորման, այնպես էլ՝ թվային միջավայրի փոփոխություններին արձագանքելու համար։
Դպրոցը հաջողությամբ ավարտողները՝
- Կկարողանան իրականացնել ռազմավարական պլանավորում,
- Ձեռք կբերեն ծրագրերի, ռեսուրսների և ֆինանսների կառավարման հմտություններ,
- Կկարողանան մշակել լրատվամիջոցի և մեդիա բովանդակության առաջխաղացման մարքեթինգային ռազմավարություն,
- Կտիրապետեն թվային միջավայրում մեդիա բիզնես կազմակերպելու եւ մեդիաարտադրանքն ավելի մրցունակ դարձնելու հմտություններին,
- Կկիրառեն տվյալների վերլուծության տարբեր մեթոդներ՝ թվային հարթակներում լսարանի հետ ավելի արդյունավետ աշխատելու համար։
Դպրոցը կանցկացվի 4 թեմատիկ մոդուլով, որոնք ներառում են տեսական դասեր, իրավիճակների վերլուծություն, անհատական նախագծերի մշակում՝ մենթորների օգնությամբ։
Յուրաքանչյուր մոդուլ կտևի մինչև 4 շաբաթ. դասերը՝ շաբաթական 2 օր, յուրաքանչյուրը՝ մինչև 2 ժամ տևողությամբ:
Ուսուցումը կազմակերպվելու է հիմնականում առցանց։ Դասավանդելու են տեղացի մասնագետներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել Դոյչե Վելլե Ակադեմիայի օնլայն ուսուցման մեթոդաբանությամբ։ Ամենշաբաթյա դասերից բացի՝ կլինեն նաև լրացուցիչ հանդիպումներ Հայաստանից եւ արտերկրից բանախոսների և հյուրերի հետ։
Դասերին մասնակցելը պարտադիր պայման է, քանի որ սովորողի ներկայությունն է նաև ձեւավորելու մոդուլային գնահատականը։
Դպրոցի գործնական առաջադրանքներն ու ուսումնական նյութերը տեղադրվելու են ՄՆԿ-ի առցանց ուսուցման հարթակում։
Ուսումնական ծրագիրը՝ համառոտ
Մոդուլ 1։ Ռազմավարական կառավարում
Մասնակիցները սովորելու են սահմանել հստակ և իրագործելի բիզնես նպատակներ, գտնել եկամտի նոր աղբյուրներ, փնտրել զարգացման հնարավորություններ՝ անգամ ճգնաժամերի փուլում։ Ձեռք են բերելու անձնակազմի և ռեսուրսների արդյունավետ կառավարման հմտություններ։
Մոդուլ 2 Թվային զարգացման ռազմավարություն
Ուսումնասիրելու են թվային միջավայրում մեդիայի առջև ծառացած մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Տիրապետելու են լսարանի չափման և ուսումնասիրության, տեղեկատվության ուղիների ընտրության, առցանց հարթակներում նախագծերի մոնետիզացման ծրագրերին եւ գործիքներին։
Մոդուլ 3։ Մարքեթինգ
Մոդուլը վերաբերում է մեդիա կազմակերպությունների մարքեթինգային հաղորդակցության առանձնահատկություններին՝ դիտարկելով խնդիրը մի դեպքում ՝ լսարանի և սպառման, մյուս դեպքում՝ գործընկեր կազմակերպությունների և բիզնես կապերի տեսանկյունից:
Մասնակիցները սովորելու են սահմանել մարքեթինգային նպատակներ և չափել արդյունքները, կառավարել գովազդն ու ֆինանսական հոսքերը։
Մոդուլ 4։ Ֆինանսների կառավարում
Ներկայացվելու են ֆինանսների կառավարման և վերլուծության հիմնական սկզբունքները, որոնք կարեւոր են բիզնես որոշումների կայացման համար՝ ռեսուրսների պլանավորում, բյուջեի կազմում, դրամական միջոցների հոսքերի կանխատեսում, ֆինանսական հաշվետվությունների ընթերցում, հարկային խնդիրների կարգավորում և այլն:
Անհատական աշխատանք (նախագծի մշակում)
Ուսումնական ծրագրի ավարտին սովորողները մենթորների աջակցությամբ մշակելու են բիզնես նախագծեր։ Դրանք կարող են վերաբերել նոր մեդիա արտադրանք, ծառայություն գործարկելուն, մարքեթինգի և սոցիալական մեդիայի ռազմավարություն մշակելուն եւ այլն:
Ինչպես դիմել
Դպրոցում սովորելու համար պետք է ներկայացնել բիզնես նախագծի գաղափար (Առավելագույնը մեկ էջ) և լրացնել առցանց հայտը։ Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Առաջնահերթությունը տրվելու է մրցունակ գաղափարներին և դիմողի աշխատանքային փորձին։
Դպրոցի առաջին փուլի մասնակիցների համար դասերը կսկսվեն ապրիլի 25-ից և կտևեն երեք ամիս։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 20-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected]; 055 89 57 00։