Հարևաններ․ համատեղ մուլտիմեդիա արտադրության դրամաշնորհներ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Ինտերնյուզ ԱՄՆ-ի կողմից
Աղբյուրը՝ www.media.am
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, համագործակցելով ԱՄՆ-ի Ինտերնյուս կազմակերպության հետ, սկսում է լրատվամիջոցների միջազգային համագործակցությանը ուղղված «Հարևաններ» ծրագիրը։
Այն համատեղ մուլտիմեդիա արտադրանք ստեղծելու նախաձեռնություն է, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր երկրի հանրությանը տեղեկացնել հարևան երկրներում համանման խնդիրներին, լուծման եղանակներին, մարտահրավերներին։
Մրցույթով ընտրված հայաստանյան լրատվամիջոցները համատեղ մուլտիմեդիա պատմությունների փաթեթներ կստեղծեն հետևյալ երկրներից որևէ մեկի գործընկերների հետ․
Ալբանիա, Բոսնիա, Մոնտենեգրո, Մակեդոնիա, Սերբիա, Կոսովո, Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան։
Մասնակցելու ցանկություն ունեցող լրատվամիջոցները պետք է ներկայացնեն հետաքրքիր, արդիական թեմաներ և դրանք մուլտիմեդիա ձևաչափերով պատմելու գաղափարներ։
Ինտերակտիվությունը, ժամանակակից առցանց գործիքները, նորարարական մոտեցումը մրցույթի գլխավոր պայմաններն են։
Ներկայացված գաղափարները պետք է հանրային հետաքրքրություն և կարևորություն ունենան (օրինակ՝ քաղաքականություն, ընտրություններ, տնտեսություն, բնապահպանություն, կրթություն, կոռուպցիա, Եվրոպական ինտեգրացիա և միջազգային համագործակցություն, արտագաղթ, փախստականներ, փոքրամասնություններ, հաշմանդամություն, հակամարտություններ և այլն)։
Մասնակիցները պետք է ներկայացնեն մեկ թեմատիկ փաթեթի գաղափար, որը պետք է ներառի առնվազն երկու առանձին մուլտիմեդիա պատմություն՝ առցանց գործիքներով, նորարարական մոտեցումներով, տեխնիկակական լուծումներով։
Վերջնական արտադրանքը կթարգմանվի, կհրապարակվի և կտարածվի ցանցի պրոդյուսերների միջոցով։ Միևնույն ժամանակ, հեղինակները պետք է ներկայացնեն տարածման և հրապարակման սեփական տարբերակները։
Մանրամասների համար այցելեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Մեդիա․am կայք։