«Հյուսիսային լուծումներ կայուն քաղաքների համար» աշխատաժողով
Աղբյուրը՝ www.facebook.com
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Երևանում Շվեդիայի դեսպանությունը համատեղ կազմակերպում են «Հյուսիսային լուծումներ կայուն քաղաքների համար» ցուցահանդես և համանուն աշխատաժողովներ սույն թվականի ապրիլի 9-ին, ՀԱՀ-ում: Միջոցառումն իրականացվում է Շվեդական ինստիտուտի կողմից ֆինանսական օժանդակությամբ :
Ցուցահանդեսի և աշխատաժողովների նպատակն է Երևանում և Հայաստանում քաղաքաշինության ոլորտում բնապահպանական ու սոցիալական կայունության թեմայի շուրջ քննարկումների սկիզբ դնել՝ հյուսիսային քաղաքներում քաղաքաշինության պլանավորման և խելացի տեխնոլոգիաների նորարարությունները ցուցադրելու և քննարկելու միջոցով:
Աշխատաժողովների մասին
Աշխատաժողովների ընթացքում երեք հյուսիսային երկրների փորձագետներ իրենց փորձը կփոխանակեն շարժունակ քաղաքաշինության, ճանապարհային անվտանգության և օդի որակի վերաբերյալ: Բանախոսությունների թեմաներն են՝
--«Հեծանվային քաղաքաշինությունը և Կոպենհագենի հեծանվային պատմությունը» (Դանիա/Copenhagenize)
--«Ցատկ կատարել. ճանապարհային անվտանգության լուծումների օրինակներ» (Շվեդիա/ SweRoad)
«Օդի որակի մշտադիտարկման նոր մոտեցումները և տեղական օդի որակի կառավարման մեջ դրանց ներուժի օգտագործումը» (Ֆինլանդիա/Vaisala Oyj),
Միջոցառումը կմեկնարկի Երևանի առաջին փոխքաղաքապետի, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի,Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի դեսպանների կամ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենի և ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի ողջույնի խոսքով:
Ցուցահանդեսի մասին
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ՀԱՀ-ի գլխավոր մասնաշենքի Աղբաբյան սրահում, ապրիլի 9-ին և հանրության համար բաց կլինի մինչև ս.թ. ապրիլի 30-ը: Այն կներկայացնի հյուսիսային հինգ երկրների (Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա և Իսլանդիա) կայուն քաղաքաշինության լավագույն փորձը: Ցուցահանդեսը կներառի կանաչ քաղաքաշինական պլանավորում, ճանապարհային անվտանգություն, ածխածնի ոտնահետքի կրճատում, կանաչ շարժունակություն (ներառյալ այլընտրանքային տրանսպորտ), օդի որակի մշտադիտարկում, թափոնների կառավարում և վերամշակում, ինչպես նաև քաղաքացիների մասնակցություն:
Միջոցառման լեզուն՝ անգլերեն, հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Մուտնք ազատ է: Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը՝ https://bit.ly/2FQKWRC:
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ http://nordic.ace.aua.am: