Քննադատական մտածողության դպրոց․ մասնակցության հրավեր
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Տավուշի մարզում բնակվող 18-25 տարեկան երիտասարդներին և ուսանողներին մասնակցելու կրթության հիմնահարցերին նվիրված «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 4-ից 6-ը, Դիլիջանում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և տեղեկատվական հոսքերի վերլուծական հմտությունների զարգացման հիմունքները։
Դպրոցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու քննադատական մտածողության մեթոդաբանությանը, ձևավորելու տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման հմտություններ։ Դասընթացի ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի կրթական հիմնախնդիրների, ուսանողական ժողովրդավարության հիմունքների քննարկմանը և բուհերի կառավարման գործում ուսանողների ներգրավման հարցերին։ Դասընթացի մեթոդաբանությունը մասնակցային է և ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, գործնական աշխատանք։ Քննադատական մտածողության դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։
Դպրոցի խնդիրներն են․
- Խթանել քննադատական մտածողության զարգացումը և վերլուծական հմտությունների ձևավորումը։
- Տրամադրել համապատասխան գիտելիքներ ինֆորմացիոն հոսքերում ճիշտ կողմնորոշվելու համար։
- Անդրադառնալ Հայաստանի բուհական համակարգում ուսանողական ժողովրդավարության հարցերին, խոչընդոտներին և հնարավորություններին։
Դիմելու կարգը.
Մասնակցել ցանկացողները (18-25 տարեկան) պիտի մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ն ուղարկեն ինքնակենսագրական (CV) Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց. Դիմորդի Անուն Ազգանուն» և լրացնել առցանց հայտը:
Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում, խնդրում ենք գրել Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] էլ. հասցեով։
Մասնակցության պայմանները.
Մասնակցությունը դասընթացին անվճար է։ Տավուշի այլ բնավայրերից Դիլիջան հասնելու ճանապարհածախսը կփոխհատուցվի կազմակերպիչների կողմից։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր (10:00-19:00): Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:
***
Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։