«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» մրցույթի շրջանակներում իրականացրած hետազոտությունների հիման վրա էլեկտրոնային ժողովածու ստեղծելու մրցույթ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» մրցույթի շրջանակներում իրականացրած հետազոտությունների սրբագրման ու դրանց հիման վրա էլեկտրոնային ժողովածու ստեղծելու նպատակով համագործակցության է հրավիրում փորձառու մասնագետների կամ կազմակերպությունների:
Էլեկտրոնային ժողովածուի (գրքի) ստեղծումը Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի մասն է: Ծրագրի նպատակն է խթանել խտրականության դեմ պայքարը Հայաստանում՝ համապարփակ օրենսդրության մշակմանը, քաղաքացիական հասարակության և Հայաստանի կառավարության շրջանում խտրականության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և անկողմնակալ լրատվական լուսաբանմանը օժանդակելու միջոցով:
Ծրագրի բաղադրիչներից էր հայ գրականության մեջ հանդուրժողականության և/կամ անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, որի նպատակն էր ուսումնասիրել և գիտահանրամատչելի ձևով ներկայացնել, թե որքանով են հայ գրականության մեջ դրսևորվել հանդուրժողականության և/կամ անհանդուրժողականության երևույթները: Այդ նպատակով 2016թ. մայիսին ԵՀՀ-ն հայտարարել էր «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված հետազոտողներն ու հետազոտական խմբերն իրականացրել են հետևյալ 8 հետազոտությունները՝
1. Արքմենիկ Նիկողոսյան, Աշոտ Գաբրիելյան. «Քյառթուի» կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում»;
2. Հայկ Համբարձումյան. «Թշնամու նկատմամբ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ միջնադարյան ավանդավեպերում և «Սասնա ծռեր» էպոսում»;
3. Գայանե Մկրտչյան. «Զարմանալի և աննախադեպ հանդուրժողականությունը Հակոբ Մնձուրու գրականության մեջ»;
4. Մհեր Քումունց, Լուսինե Ներսիսյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները Խ. Աբովյանի բանահյուսական ակունք ունեցող ստեղծագործություններում»;
5. Լիլիթ Ավդալյան, Նարինե Հովսեփյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ նոր և նորագույն գրականության մեջ»;
6. Վալերի Միրզոյան. «Հանդուրժող խոսք»;
7. Արմինե Դավթյան, Կարինե Խոջայան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության թեմաները Հայ գրականության, Հայ ժողովրդի պատմության և Հայոց եկեղեցու պատմության 9, 10, 11-րդ դասարանների դասագրքերում»;
8. Սոնա Մելիքջանյան. «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում»:
Վերը նշված հետազոտությունների հիման վրա հայ գրականության մեջ հանդուրժողականության և/կամ անհանդուրժողականության երևույթների դրսևորման ամփոփ պատկերը կազմելու համար հայ առաջատար գրականագետների կողմից իրականացվել է երկու վերլուծական աշխատանք, որոնք նույնպես պիտի տեղ գտնեն էլեկտրոնային ժողովածույում:
Ծառայությունների մատուցման շրջանակը.
1. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» մրցույթի շրջանակներում իրականացրած վերը նշված 8 հետազոտությունների ու դրանք ամփոփող 2 վերլուծական աշխատանքների սրբագրում;
2. Էլեկտրոնային ժողովածուի կազմում, որը պիտի բաղկացած լինի՝
• կազմից;
• ողջույնի խոսքերից կամ ուղերձներից;
• բովանդակային ցանկից;
• «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» մրցույթի շրջանակներում իրականացրած վերը նշված 8 hետազոտություններից;
• Վերոգրյալ 8 հետազոտություններն ամփոփող 2 վերլուծական աշխատանքներից:
Գումարային ժողովածուի էջերի քանակը կազմում է 270 էջ (530,000 նիշ առանց տառանջատումների, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12 (Word document), տողերի միջև հեռավորությունը` 1), ինչը կարող է նվազել կամ ավելանալ՝ կախված էլեկտրոնային գրքի պատրաստման ժամանակ կիրառված տառատեսակից, տառաչափից, տողերի միջև հեռավորությունից և այլ գործոններից:
Պահանջվող որակավորումները.
Մասնագետը պիտի համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
• Բարձրագույն կրթություն, ցանկալի է գրականագիտության, լեզվաբանության ոլորտներում;
• Հայերեն լեզվի գերազանց իմացություն;
• Էլեկտրոնային գրքերի, ժողովածուների, ուսումնական ձեռնարկների, գործնական ուղեցույցների և աշխատանքային փաստաթղթերի պատրաստման փորձ:
Դիմելու կարգը.
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
• ինքնակենսագրություն (CV), կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության գործունեության հակիրճ նկարագիրն ու պորտֆոլիոն;
• նախկինում պատրաստված (ներառյալ՝ սրբագրումը) էլեկտրոնային գրքերի կամ այլ նմանօրինակ փաստաթղթերի 1-2 օրինակ;
• աշխատանքի ժամանակացույց (առավելագույնը 45 օր);
• գնային առաջարկ։
Մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկել Անուշ Մարգարյանին` [email protected] հասցեով, գլխագրում նշելով «Electronic book on (In)tolerance»: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել 093 251594 կամ 010 251575x111 հեռախոսահամարներով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թ. մարտի 26-ն է։