2020 թ. ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ 1-ԻՆ ՄՐՑՈՒԹԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 2020 թվականի 1-ին մրցութաշրջանի բացումը, որը միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի ներդրման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ
Մրցույթն անցկացվում է 9 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:
◆ Երաժշտարվեստի և պարարվեստի ոլորտների նախագծեր և միջոցառումներ
◆ Կինոարվեստի ոլորտի միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի)
◆ Թատերարվեստի ոլորտի նախագծեր և միջոցառումներ
◆ Մշակութային կրթության նախագծեր և միջոցառումներ
◆Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ
◆ Թանգարանային և գրադարանային ոլորտների նախագծեր և միջոցառումներ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
◆ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացմանը, մշակութային ժառանգության, արևմտահայերենի պահպանության և հանրայնացման, Հայաստան – Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական և հեռանկարային նախագծեր:
◆ Հայտերը ներկայացվում են նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգի* համապատասխան: *Ծանուցում. Դրամաշնորհային մշակութային ծրագրերին մասնակցելու մանրամասն տեղեկատվությունը ներառված է կարգում:
◆ Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաև դեբյուտային, համաֆինանսավորվող, թիրախավորված և երկարատև արդյունավետություն ապահովող ծրագրերին։
Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝
◆ Հայտաձև՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1),
◆ Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2),
◆ Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
◆ Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
◆ Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին,
◆ Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:
Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:
Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։
Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով (նյութերի ծավալը չպետք է գերազանցեն 20 MB)՝ և ընդունվում է մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Մասնակիցը չի կարող նույն անվանակարգով, նույն մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող և թերի լրացված հայտերը մերժվում են:
ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
1-5-ՐԴ և 9-ՐԴ ԱՆՎԱՆԱԿԱՐԳ
Մրցույթի մեկնարկ 18.12.2019
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 17.01.2020
Մրցույթի արդյունքների հայտարարում 27.02.2020
6-8-ՐԴ ԱՆՎԱՆԱԿԱՐԳ
Մրցույթի մեկնարկ 18.12.2019
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 13.01.2020
Մրցույթի արդյունքների հայտարարում 30.01.2020
ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ
Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես` բացառությամբ գիշերային ակումբների, խաղատների և բուքմեկերական ընկերությունների։
Հայաստանյան և միջազգային ընդգրկում ունեցող այն ծրագրերը, որոնց նախապատրաստման համար պահանջվում է ավելի ժամանակ, քան մրցույթի մեկ պարբերաշրջանն է, կարող են առաջարկվել նախորդ պարբերաշրջաններում, պայմանով, որ հայտադիմումի մեջ հստակ հիմնավորվի դրանց ընդգրկունությունը և աշխատանքային ժամանակացույցի մեջ մանրամասն նշվեն իրականացման փուլերը։