Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն
Աղբյուրը՝ www.pjc.am
Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունն իր գործընկերներ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, ինչպես նաև ISTC- Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության «Աջակցություն Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագրի հետ համագործակցությամբ, մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ, որի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության համար նորարար լուծումների մշակմանը:
Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան և Համաշխարհային բանկի աջակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է միավորել Հայաստանի փորձագիտական, մասնագիտական, քաղհասարակության և տեխնոլոգիական ներուժը՝ խթանելու Հայաստանում բաց կառավարումն ու ստեղծելու օգտակար ծրագրեր, որոնք ապահովում են թափանցիկ ու հաշվետու կառավարում, նպաստում են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում։
“Բաց ու թափանցիկ կառավարումն ապահովելը պետության պատասխանատվությունն է, սակայն կարծում եմ, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված նախաձեռնություններում մեր երկրի յուրաքանչյուր բնակչի մասնակցությունը կարևոր է: Միայն թափանցիկ ու հաշվետու կառավարումն է ապահովում քաղաքացի-պետություն հարաբերություններում վստահությունը, ինչը կարևոր նախապայման է պետության զարգացման համար”, - ասում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ նախագահ Սեդա Մուրադյանը։
Այս հեքըթոնը Հանրային լրագրության ակումբի նմանատիպ 6-րդ նախաձեռնությունն է։ «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն» մրցույթի անցկացման արդյունքում ակնկալվում է խթանել ջրային և հողային ռեսուրսների, սոցիալական, առողջապահության բնագավառների համար մի շարք նորարար գաղափարների ու լուծումների նախատիպերի ստեղծումը, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ կունենան։ Հաղթող թիմերը կստանան ֆինանսական աջակցություն և կօգտվեն մասնագիտական մենթորշիփի հնարավորությունից։
«Հեքըթոնի ձևաչափը թույլ է տալիս համագործակցության ձևաչափեր ստեղծել կառավարման, տեխնոլոգիական ու մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրույթի միջև: Միավորելով այս բազմազանությունը ընդհանուր օրակարգի շուրջ՝ հեքըթոնը թույլ է տալիս ստեղծել այնպիսի լուծումներ, որոնք մարդակենտրոն են, մասնակցային ու նորարար, և որոնք հնարավոր չէին լինի, եթե այս կառույցները միայնակ փորձեին լուծումներ մշակել»,-նշում է Հանրային լրագրության ակումբի այս ծրագրի համակարգող և նորարարության խորհրդատու Մարինա Մխիթարյանը:
“Շատ կարևոր է կառավարություն և քաղ. հասարակություն երկխոսության և համագործակցության ձևավորումը՝ հաշվետու, թափանցիկ, մասնակցային և նորարարական կառավարություն ձևավորելու գործընթացում՞, Բաց կառավարման գործընկերության գործողություների ծրագրի հանձնառությունները նպաստում են դրանց իրականացմանը”, - նշում է ԱԶԿ ՀԿ գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը։
Նախաձեռնությունն ընդգրկուն դարձնելու նպատակով տարվում են բանակցություններ՝ ինչպես քաղհասարակության շրջանում, այնպես էլ պետական կառույցների հետ։
“Կարծում եմ շատ կարևոր է շարունակական երկխոսություն պահել տեխնոլոգիական ոլորտի և կառավարության միջև, իրար խնդիրներից տեղյակ լինելու և լուծումներ առաջարկելու նպատակով: Այս միջոցառմամբ կփորձենք գտնել հետաքրքրված թիմերի բաց կառավարմանն աջակցող լուծումներ ստեղծելու նպատակով, որոնք հեքըթոնից հետո ևս մի քանի ամիս ինկուբացիա կանցնեն, որպեսզի լուծումները հասցնեն լիարժեք վիճակի” , - ասում է ԻԼՏԿ Հիմնադրամի տնօրեն Արեգ Գևորգյանը:
Բաց տվյալները Հայաստանում
Տվյալների մի շարք պետական շտեմարաններ պարունակում են ահռելի ծավալի տեղեկատվություն, որը կարևոր նյութ է լրագրողական հետաքննությունների, հակակոռուպցիոն և հանրության կողմից պետական կառավարման՝ վերահսկման համար։
Հանրությանը նորարար ու պարզ ձևաչափերով այդ տվյալները մատուցելու համար անհրաժեշտություն կա ստեղծել նոր գործիքներ ու ծրագրեր, որոնք կապահովեն բաց ու թափանցիկ կառավարում ու տվյալների ներկայացում՝ տարբեր ոլորտներում։
2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (“Open Government Partnership”) նախաձեռնությանը (մանրամասները հասանելի են այստեղ https://www.ogp.am/en/ ): Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:
2016-2018թթ. Հայաստանի ԲԿԳ գործողությունների ծրագրի մեջ մասնավորապես ներառված է բաց տվյալների սկզբունքների կիրառումը պետական կառավարման համակարգում՝ բյուջետային համակարգի թափանցիկության ապահովման համար։
Տվյալների կիրառման նոր հնարավորություններ են պարունակում նաև 2018-2020 գործողությունների ծրագրում նախատեսված բնական ռեսուրսների և առողջապահության հաշվետվողականության հանձնառությունները:
Ի˚նչ է Հեքըթոնը
Սիլիկոնյան հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկել:
Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթն առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է 2011 թվականին, Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպության ու Հայաստանում Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնի նախաձեռնությամբ։ Միջոցառումը սովորաբար տևում է 24 ժամ, որի ընթացքում ՏՏ ոլորտ ներկայացնող թիմերը մշակում են խնդիրների լուծումներ առաջարկող հավելվածներ կամ ծրագրեր և մրցում իրենց նորարար գաղափարներով։ Մասնագիտական անկախ ժյուրին ընտրում է հաղթող թիմերին, որոնք ստանում են մրցանակներ, ինչպես նաև ներդրումային այլ հնարավորություններ։
Համագործակցող ծրագրերի նկարագրություն
Կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված նորարար գաղափարների հեքըթոնը նախաձեռնել է Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ-ն, իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, ինչպես նաև ISTC- Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թ․ փետրվարին, տևելու է հինգ ամիս։ Ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու պարբերաբար թարմացումներ կլինեն ՀԼԱ կայքում՝ www.pjc.am:
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։
«Աջակցություն Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է ստեղծել տեղական/ազգային մակարդակով հանձնառությունների փաթեթ՝ ի նպաստ կառավարության թափանցիկության և հաշվետվողականության, ինչպես նաև քաղաքացիների ներգրավվածության բարձրացման ու կառավարության պատասխանատվության: