Ձեռնարկատիրական հնարավորություն ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորից
ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սիրիահայ եւ տեղացի
ձեռնարկատերերին առաջարկում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական
շղթա՝ ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաեւ ֆինանսավորում՝
դրամաշնորհների եւ փոխառությունների միջոցով:
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական
հասարակական կազմակերպության եւ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա»
հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի եւ տեղացիների
դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ ծրագիր) շրջանակում: Ծրագիրը
ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման
տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման գործակալության եւ
Ավստրիական Կարմիր խաչի կողմից։
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի եւ տեղացիների
տնտեսական ինտեգրմանը եւ բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝
խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես ինկուբատոր սկսնակ
ընկերությունների համար: Ինկուբատորի հիմնական խնդիրն է նպաստել կայուն եւ մրցունակ
ՓՄՁ-ների ստեղծմանն ու զարգացմանը՝ ձեռներեցներին տրամադրվող բիզնես աջակցության
միջոցով շուկա դուրս բերելու համար:
ԵՄ կողմից ֆինանսավորվող ԻՐԻՍ ծրագրի շրջանակում ավելի քան երեք հարյուր ձեռներեց
կմասնակցի դասընթացների, նրանցից հարյուր քառասունը ֆինանսավորման
հնարավորություն կստանա։ Ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի
դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է 712, 400 եվրո, փոխառությունների ֆոնդը՝
474,600 եվրո։
Հայտադիմումների ընդունում
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ԻՐԻՍ ծրագրի շրջանակում հայտարարում է հայտադիմումների
ընդունման երկրորդ փուլը SPARK, BUILD եւ START ծրագրերի համար, որոնք ուղղված են ԻՐԻՍ ծրագրի եւ ԻՐԻՍ ԲԻ-ի թիրախային խմբերի, մասնավորապես՝ սիրիահայերի եւ տեղացիների
բիզնես նախաձեռնությունների աջակցությանը Հայաստանի Հանրապետության տարածքում։
Ծրագրի 3-րդ փուլի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է Հայտադիմումների
ընդունման սույն հայտարարության միջոցով։
ԻՐԻՍ ԲԻ-ի հայտադիմումների ընդունման 3-րդ
փուլի հայտարարությունը գործում է 2021 թ. հունիսի 1-ից, հայտադիմումների ընդունման
վերջնաժամկետը 2021 թ. հունիսի 30-ն է։
Հայտադիմումները հասանելի են առցանց Facebook սոցիալական ցանցի ԻՐԻՍ ԲԻ-ի էջում՝
https://www.facebook.com/IRISBusinessIncubator եւ ԻՐԻՍ Բի պաշտոնական կայք-էջում
www.irisbi.am, ինչպես նաեւ ԻՐԻՍ ԲԻ-ի հիմնադիր կառույցների կայք էջերում՝
www.caritas.am եւ www.sme.am։
Հայտադիմումներն ընդունվում են հայերեն (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն) լեզվով։
ԻՐԻՍ ԲԻ-ը հրապարակել է միաժամանակ ընթացող երեք ծրագրի հայտադիմում՝ SPARK,
BUILD, START:
- SPARK ծրագրի հայտադիմումը նախատեսված է ինքնազբաղված անձանց թիրախային
խմբի համար,
- BUILD ծրագրի հայտադիմումը նախատեսված է ՓՄՁ ոլորտի ստարտափ թիրախային
խմբի համար,
- START ծրագրի հայտադիմումը նախատեսված է ՓՄՁ թիրախային խմբի համար։
Թիրախային խմբերի սահմանումներ
ԻՐԻՍ ԲԻ-ի ծրագրերը նախատեսված են հետեւյալ թիրախային խմբերի համար.
Ինքնազբաղվածներ. ինքնազբաղված են համարվում ՀՀ օրենքով սահմանված
տնտեսական գործունեություն իրականացնող ռեզիդենտ ֆիզիկական անձինք կամ անհատ
ձեռներեցները։
Ստարտափներ. ստարտափ են հանդիսանում դեռեւս պետական գրանցում չունեցող բիզնես
նախաձեռնությունները կամ անհատ ձեռներեցները, ինչպես նաեւ «Փոքր եւ միջին
ձեռնարկության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված գերփոքր եւ փոքր
ձեռնարկությունները, որոնց պետական գրանցման պահից չի անցել 3 տարի։
Փոքր եվ միջին ձեռնարկություններ (ՓՄՁ). ԻՐԻՍ ԲԻ ծրագրի շրջանակում ՓՄՁ
թիրախային խմբի մեջ են մտնում այն փոքր եւ միջին ձեռնարկությունները, որոնք գրանցված
իրավաբանական անձ են կամ անհատ ձեռներեց, գործում են երեք տարուց ավելի եւ որոնց
գործունեությունից ստացված տարեկան հասույթը չի գերազանցում 100 մլն ՀՀ դրամը (մոտ
190.000 եվրո)։
ԻՐԻՍ ԲԻ ծրագրերին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք՝ սիրիահայեր, տեղահանված
այլ անձինք, հայրենադարձներ, լիբանանահայեր, ԵՄ եւ այլ երկրներից վերադարձած հայ
միգրանտներ, ինչպես նաեւ տեղացիներ, ովքեր բնակվում եւ գործունեություն են ծավալում
Հայաստանում։
Առաջնային ոլորտներ
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն իր ծառայությունները նախատեսում է ավանդական ՓՄՁ ոլորտի
համար՝ առաջնայնություն տալով հետեւյալ ուղղություններին՝
- Բիզնեսներ, որոնք նորարար են եւ սոցիալական ազդեցություն ունեն
(դրական փոփոխություններ են բերում մարդկանց մտածելակերպի, մշակույթի,
կրթական մակարդակի, շրջակա միջավայրի պահպանության մեջ, աշխատելու
հնարավորություն են ընձեռում հաշմանդամություն ունեցող անձանց, միգրանտներին,
փախստականներին, հայրենադարձներին եւ խոցելի այլ խմբերի ներկայացուցիչներին,
կամ իրենց բիզնեսից ստացված եկամտի մի մասը սոցիալական նպատակների
իրականացման համար ներդնելու միտում ունեն)։
- Ոլորտներ, որտեղ սիրիահայերը առավել արդյունավետ կարող են ներդնել
իրենց մասնագիտական հմտությունները (ոսկերչություն, ռեստորանային
բիզնես, սննդի եւ տեքստիլի արտադրություն, կոշկակարություն, ատաղծագործություն
եւ այլն)։
- Բիզնեսներ, որոնք նպաստում են ՓՄՁ ոլորտի զարգացման՝ ՀՀ
կառավարության ռազմավարության իրականացմանը (գյուղատնտեսություն,
արդյունաբերության եւ վերամշակում, տուրիզմ)։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ստարտափները չեն հանդիսանում ԻՐԻՍ բիզնես
ինկուբատորի առաջնային թիրախային խումբ, քանի որ երկրում արդեն իսկ գործում են մի
շարք նախաձեռնություններ՝ ուղղված դրանց աջակցությանն ու ֆինանսավորմանը։
Այնուամենայնիվ, եթե տեխնոլոգիական լուծումները միտված են՝ նպաստելու վերոնշյալ
առաջնային ոլորտների բիզնես գաղափարների իրականացմանը, այդ ստարտափները եւս
կդիտարկվեն։
Մասնակցության պայմաններ
Ընդունելության բոլոր փուլերում բոլոր դիմորդների եւ մասնակիցների համար կգործեն
հետեւյալ պայմանները.
ա. Նախքան հայտադիմումի հանձնումը յուրաքանչյուր դիմորդ ծանոթանում է սույն
փաստաթղթին եւ առանց բացառության ընդունում փաստաթղթում ներկայացված բոլոր
պայմանները։
բ. Հայտադիմումով ներկայացված բիզնես նախաձեռնությունը հստակ ձեւակերպված է,
պատկանում է դիմորդին եւ հանդիսանում նրա մտավոր սեփականությունը:
գ. Դիմորդը հաստատում է, որ որեւէ երրորդ կողմ հայտադիմումով ներկայացված բիզնես
նախաձեռնության հանդեպ չունի մտավոր սեփականության կամ այլ իրավունք, որը
կարող է խոչընդոտ հանդիսանալ դրա իրականացմանը. հակառակ դեպքում թեկնածուն
դուրս կմնա ծրագրից:
դ. Դիմորդը պատրաստ է պայմանագիր կնքել՝ համաձայնելով, որ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի
թիմը հետեւի եւ վերահսկի դիմորդի բիզնես նախաձեռնության զարգացման ընթացքը բոլոր
փուլերում։
ե. Ֆինանսավորման փուլ մտած ինքնազբաղված անձինք եւ ստարտափ թիմերը
պարտավորվում են գրանցել իրենց բիզնես նախաձեռնությունը Հայաստանի
Հանրապետության տարածքում՝ որպես անհատ ձեռներեց կամ շահույթ հետապնդող այլ
կազմակերպաիրավական ձեւով։
զ. Ծրագրում ընդգրկված մասնակիցը պարտավորվում է մասնակցել ծրագրային բոլոր
պարտադիր բաղադրիչներին, այլապես դուրս կմնա ծրագրից։
է. Ցանկացած պահի դիմորդը եւ/կամ ծրագրի մասնակիցը կարող է որակազրկվել եւ դուրս
մնալ ծրագրից, եթե որեւէ կերպ մեղավոր ճանաչվի մասնագիտական խարդախության,
կոռուպցիայի, հանցավոր կապերի, փողերի լվացման կամ ահաբեկչության
ֆինանսավորման, անչափահասների վարձու աշխատանքի կամ մարդկային թրաֆիկինգի
այլ ձեւերի մեջ։
Դիմորդի կողմից հետեւյալ հմտություններին տիրապետելը պարտադիր է՝
- Արեւմտահայերենի կամ արեւելահայերենի իմացություն,
- Համակարգչից օգտվելու հմտություններ, ինչպես նաեւ Microsoft Word,
Excel, Power Point ծրագրերի իմացություն,
- էլեկտրոնային փոստով հաղորդակցվելու հմտություն։
Ընտրության փուլերը եվ ընտրության չափանիշները
1. Հայտադիմումների ստուգում եւ նախնական ընտրություն
2021 թ.-ի հունիսի 30-ին հայտադիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիմը կիրականացնի հայտադիմումների նախնական
ուսումնասիրություն եւ ընտրություն։ Նախնական փուլի համար կընտրվի մինչեւ 160 դիմորդ՝
ոչ ուշ, քան դիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային
օրվա ընթացքում։ Նախնական փուլ անցած բոլոր դիմորդները կստանան հաջորդ փուլ
անցնելու մասին հավաստող էլեկտրոնային ծանուցում, որը կներառի բիզնես մոդելավորման
միջոցառմանը մասնակցելու հրավեր։ Այն դիմորդները, որոնք չեն անցնի հաջորդ փուլ,
կստանան այդ մասին էլ. ծանուցում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կողմից՝ դիմումների
ընդունման վերջնաժամկետից հետո ոչ ուշ, քան 4 շաբաթվա ընթացքում։
Ընտրության չափորոշիչներ. Հայտադիմումների ընտրությունը կիրականացվի ԻՐԻՍ
բիզնես ինկուբատորի թիմի 3 անդամից բաղկացած գնահատողների խմբի կողմից հետեւյալ
հիմունքներով՝
ա. Դիմումների մեջ արտացոլված բիզնես գաղափարները պետք է լինեն բիզնես
ուղղվածությամբ, այլ ոչ ծրագրային։ Հաջորդ փուլ կանցնեն այն բիզնես
նախաձեռնությունները, որոնք բիզնեսի ստեղծման հստակ նպատակ ունեն, այլ ոչ
ժամանակավոր ծրագրեր են։
բ. Պատասխանատվություն. մրցունակ կհամարվեն այն ձեռներեցները, որոնք հանդես
կգան հստակ բիզնես գաղափարներով եւ առավել պատրաստակամ կլինեն դրանք
հաջողությամբ իրագործելու։
Նախնական ընտրությունը կիրականացվի՝ հիմք ընդունելով հետեւյալ բաղադրիչների
գնահատումը՝
- բիզնես նախաձեռնության զարգացման աստիճանը.
- շուկայի ներուժը.
- թիմը եւ իրագործելու կարողությունները.
- մոտիվացիան.
- բիզնես մոդելի վերաբերյալ հստակ պատկերացումը.
- հայտադիմումի ամբողջականությունը։
Եթե դիմորդների բիզնես գաղափարները գնահատման փուլում հավասար միավորներ
ունենան, առավելությունը կտրվի սիրիրահայերին եւ/կամ այն բիզնես
նախաձեռնություններին, որոնք ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կողմից առաջնային համարվող
ոլորտներում են գործելու։
2. Բիզնես մոդելի կազմում եւ փիչինգ
Նախնական փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն՝ ներկայացնելու իրենց բիզնես
մոդելները ժյուրիին, որն իրավասու է վերջնական «այո/ոչ» որոշում կայացնելու:
Բիզնես մոդելների ներկայացման օրվա միջոցառումը՝ փիչինգը, կկազմակերպվի հայտերի
ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում։ Այս
ընթացքում նախնական ընտրությունն անցած բոլոր դիմորդները կհրավիրվեն Բիզնես
մոդելավորման դասընթացին, որին կհաջորդի «Ինչպե՞ս ներկայացնել Ձեր բիզնես մոդելը»
դասընթաց-աշխատարանը:
Գաղափարների ներկայացման ձեւաչափը 3 + 7 է (3 րոպե ներկայանալու համար, 7 րոպե՝
ժյուրիի կողմից տրված հարցերին պատասխանելու համար): Արդյունքների մասին
մասնակիցները կտեղեկացվեն ոչ ուշ, քան բիզնես մոդելների ներկայացման միջոցառումների
ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Ժյուրիի կազմը եւ պարտականությունները.
Ժյուրին բաղկացած կլինի հետեւյալ 7 անդամից՝
- ԻՐԻՍ ԲԻ-ի աշխատակազմից մեկ ներկայացուցիչ
- Մեկ հաջողակ սիրիահայ ձեռներեց
- Երկու անկախ փորձագետ (ձեռներեցության, բիզնեսի աջակցության կամ
բանկային/ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ)
- «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի մեկ ներկայացուցիչ
- «ՓՄՁ համագործակցության ասոցացիա» ՀԿ-ի մեկ ներկայացուցիչ
- Ավստրիական Կարմիր խաչի մեկ ներկայացուցիչ։
Ժյուրիի յուրաքանչյուր անդամ կգնահատի 1-ից 5 բալային համակարգով։ Ժյուրիի
անդամները որոշում են կայացնելու դիմորդի՝ ծրագրին մասնակցելու պատրաստվածության եւ
ծրագիր մուտք գործելու համապատասխան փուլի վերաբերյալ՝ գնահատման համակարգի
հիման վրա տրամադրելով հիմնավորված մեկնաբանություններ։
Ընտրված դիմորդները կհրավիրվեն մասնակցելու հետեւյալ ծրագրերից մեկին.
- “SPARK” ծրագիր՝ զարգացման վաղ փուլում գտնվող թիմերի համար, որոնք
հնարավորություն կունենան օգտվելու նախաինկուբացիոն ծառայություններից՝
նախատեսված գաղափարը, տեխնոլոգիան եւ բիզնես մոդելը վավերացնելու համար:
- “BUILD” ծրագիր՝ այն թիմերի համար, որոնք ունեն վավերացված բիզնես գաղափար
եւ բիզնես մոդել, եւ կստանան աջակցություն՝ հավաստի բիզնես եւ ֆինանսական
նախագիծ կազմելու համար:
- “START” ծրագիր՝ համոզիչ բիզնես եւ ֆինանսական նախագիծ ունեցող թիմերի եւ
ձեռներեցների համար, որոնք հնարավորություն կստանան օգտվելու ինկուբացիոն եւ
ֆինանսավորման ծառայություններից:
ԻՐԻՍ ԲԻ-ը հայտադիմումների ընդունման յուրաքանչյուր փուլում կարող է ընդունել մինչեւ 50
մասնակից՝ 20 SPARK, 20 BUILD եւ 10 START մոտավոր հարաբերակցությամբ։
3. Ինկուբացիոն փուլ
ԻՐԻՍ ԲԻ-ի ծրագրերից յուրաքանչյուրի համար ընտրված մասնակիցները դառնում են ԻՐԻՍ
ԲԻ-ի ռեզիդենտներ եւ մուտք են գործում ԻՐԻՍ ԲԻ-ի ակադեմիա (տեւողությունը՝ առնվազն 3
ամիս, կախված բիզնես նախաձեռնության զարգացման փուլից)։ ԻՐԻՍ ԲԻ ակադեմիայի
ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց բիզնես
պլանները Ժյուրիին (տե՛ս կազմը վերեւում)։ Այն մասնակիցները, որոնց բիզնես պլանները
կհաստատվեն ժյուրիի կողմից, կստանան ֆինանսավորում եւ հնարավորություն կունենան՝
մասնակցելու ԻՐԻՍ ԲԻ-ի քոուչինգի եւ մենթորինգի ծրագրերին՝ 6 ամիս տեւողությամբ։
Այն մասնակիցները, որոնց բիզնես պլանները չեն հաստատվի, դուրս կմնան ԻՐԻՍ ԲԻ
ծրագրերի հետագա փուլերից։
4. Ֆինանսավորման փուլ
ԻՐԻՍ ծրագրի շրջանակում ֆինանսավորում կտրամադրվի ընտրված մասնակիցներին՝
հետեւյալ նպատակներին հասնելու համար.
ա. նպաստել սիրահայերի եւ տեղացիների տնտեսական ինտեգրմանը.
բ. նպաստել ստարտափների հիմնադրմանը եւ կայացմանը.
գ. նպաստել ինքնազբաղված անձանց կայուն եկամտի ապահովմանը եւ բիզնես
նախաձեռնությունների զարգացմանը.
դ . աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը.
ե. ներդրում ունենալ ՀՀ բիզնես միջավայրի զարգացման գործում՝ նորարար մոտեցումների
միջոցով աջակցելով ձեռներեցների տարբեր խմբերին։
- SPARK ծրագրի ընտրված մասնակիցները կստանան մինչեւ 1.8 մլն ՀՀ դրամի չափով
դրամաշնորհ։
- BUILD ծրագրի ընտրված մասնակիցները կստանան դրամաշնորհի եւ փոխառության
համադրություն մինչեւ 7 մլն ՀՀ դրամի չափով։
- START ծրագրի ընտրված մասնակիցները կստանան մինչեւ 7 մլն ՀՀ դրամի չափով
փոխառություն։
Յուրաքանչյուր մասնակցի համար դրամաշնորհի եւ փոխառության չափը կախված կլինի
ներկայացված բիզնես պլանից եւ դրանում արտացոլված ֆինանսական կարիքներից։ BUILD եւ
START ծրագրերի շրջանակում համապատասխանաբար՝ յուրաքանչյուր փոխառության
համար կկիրառվի հետվճարման անհատական մոտեցում` առավելագույնը 24 ամիս մարման
ժամկետով։
Ֆինանսավորում ստանալու նպատակով յուրաքանչյուր մասնակցի հետ կնքվելու է
ֆինանսավորման պայմանագիր։ Փոխառությանը դիմելու համար մասնակիցները պետք է
ներկայացնեն ռիսկերի ապահովման հետեւյալ մեխանիզմներից որեւէ մեկը՝
- Առնվազն 2 երաշխավոր.
- եւ/կամ գրավ:
5. Աճի եւ զարգացման փուլ
Ֆինանսավորում ստանալուց հետո ԲԻ-ի ռեզիդենտները եւս 6 ամիս հնարավորություն
կունենան օգտվելու քոուչինգի եւ մենթորության ծրագրերից՝ կախված բիզնեսի զարգացման
փուլից։ Նրանք նաեւ հնարավորություն կունենան՝ օգտվելու ԻՐԻՍ ԲԻ-ի համաշխատանքային
(CoWork) տարածքից եւ լայն գործընկերային լայն ցանցից։
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ծրագրերի հայտադիմումների ընդունման
հղումները ստորեւ՝
SPARK ծրագիր
BUILD ծրագիր
START ծրագիր
BUILD եւ START ծրագրերի հայտադիմումները լրացնելու համար, անհրաժեշտ է
ունենալ Gmail հաշիվ։
Հետադարձ կապ
ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր
12/2 Ամիրյան փողոց, 0010, Երեւան, Հայաստան
Հեռ.՝ 011 474724; 044 474724
Էլ. հասցե՝ [email protected]