Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին․ դրամաշնորհային ծրագրերի մրցույթ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), ՀՀ Պրոբացիայի ծառայության (ՊԾ) հետ համատեղ հայտարարում է ՊԾ շահառուների համար նախատեսված վերասոցիալականացման ծրագրերի մշակմանը և պիլոտային փորձարկմանն ուղղված դրամաշնորհային նախագծերի մրցույթ։ Դրամաշնորհները տրամադրվում են «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։
ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության համաձայն՝ պրոբացիայի շահառուների վերասոցիալականացումը սահմանվել է որպես ռազմավարության ուղղություն, որի նպատակներից է ապահովել Պրոբացիայի շահառուների՝ հասարակությունում վերաինտեգրվելուն ուղղված քաղաքականությունը՝ իրականացնելով վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրման ծրագրեր։ Վերասոցիալականացման միջոցառումների շարքում հատուկ նշանակություն ունի Պրոբացիայի շահառուների մասնագիտական կրթության ծրագրերի ներդնումը՝ զբաղվածության գործունեությունը ապահովելու համար։ Ներկայումս ՊԾ-ն իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր, մասնավորապես՝ օտար լեզուներ, համակարգչային հմտություններ, բիզնես կարողություններ և այլ դասընթացներ։ Դրանց արդյունավետությունը բարձր է, և կարիք է զգացվում ընդլայնելու մասնագիտությունների ցանկը, կատարելագործելու դասավանդման եղանակներն ու խորացնելու դասընթացավարների ընդգրկվածությունը։
Այսպիսով, սույն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն կֆինանսավորի նախագիծ, որը կկատարի.
- կարիքների գնահատում՝ բացահայտելու, թե ՊԾ շահառուները ինչ կարողություններ և նախապատվություններ ունեն և ինչ բնույթի կիրառական մասնագիտությունների ձեռքբերումը կնպաստի նրանց վերասոցիալականացմանը,
- աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների գնահատում՝ հաշվի առնելով ՊԾ կողմից նշված մասնագիտությունները և ՊԾ շահառուների կարողությունների զարգացման հնարավորությունները,
- արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների քարտեզագրում և դրանց հետ մասնագիտական դասընթացների ընդլայնման և վերաորակավորման տեսանկյունից ՊԾ համագործակցության հեռանկարի գնահատում, առաջարկների ձևակերպում,
- հետազոտությունից բխող առնվազն մեկ ոլորտում մասնագիտական ծրագրի մշակում և պիլոտային կիրառում։
Մրցույթին դիմելու կարգը․
Մրցույթին կարող են դիմել իրավաբանական անձինք։ Մեկ դրամաշնորհի չափը կարող է կազմել առավելագույնը 7,000,000 ՀՀ դրամ։
Մրցույթի շրջանակում չեն ֆինանսավորվում․
- Մասնակցություն կոնֆերանսների, դասընթացների, դատախաղերի կամ այլ միջոցառումների,
- Քաղաքական կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները,
- Ապրանքների ձեռքբերումը ոստիկանության կամ իրավապահ մարմինների այլ գործողություններին աջակցելու համար,
- Վերանորոգման աշխատանքները։
Դիմումատուն կարող է սարքավորումներ (այդ թվում համակարգչային ծրագրեր) ձեռք բերել այն դեպքում, եթե դրանց կարիքը բխում է որոշակիորեն նշված գործողություններից։ Գույքի կամ սարքավորումների արժողությունը չի կարող գերազանցել ծրագրի բյուջեի 15%-ը։
Դրամաշնորհի տևողությունը մինչև 7 ամիս է։ Ծրագրի իրականացման ընթացքում ԵՀՀ-ն և գործընկեր կազմակերպությունները կարող են տրամադրել խորհրդատվություն բովանդակային և տեխնիկական հարցերով։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը և անհրաժեշտ փաստաթղթերը․
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021 թ. ապրիլի 30-ն է։ Ծրագրին մասնակցելու համար իրավաբանական անձ հայտատուները պետք է լրացնեն ստորև ներկայացված փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով:
- Հայտադիմում (Annex 1_Application form),
- Ծրագրային բյուջե (Annex 2_Budget),
- Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն։
Նշում. առաջարկը պիտի կազմված լինի հայերեն կամ անգլերեն լեզվով, համակարգչային Word ծրագրով, Sylfaen տառաձևով, 11 տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Կցված հավելվածները պարտադիր չէ, որ համապատասխանեն սույն պայմաններին:
Հայտերը ուղարկել [email protected] էլ․ հասցեով՝ էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line) նշելով “Justice_Reform_Grants_Competition”։
Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները․
Չափանիշ |
Միավոր | |
1 |
Ծրագրի համապատասխանությունը մրցույթի նպատակին | 40 |
2 |
Ծրագրի գործողությունների և արդյունքների չափելիությունը, հստակությունը և նորարարությունը | 30 |
3 |
Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը/համաչափությունը | 30 |
Մանրամասների համար կարող եք դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանին` [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ +37491 501027 հեռախոսահամարով։
Ծրագիրը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի և Իրավունքի ուժ ՀԿ-ի հետ համատեղ։