Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների «SAP UP» մրցույթ
Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են պաշտոնական վեբկայքում, սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 7-ը
SAP կորպորացիան չորրորդ անգամ անց է կացնում սոցիալական ձեռներեցների համար նախատեսված «SAP UP» մրցույթը, որն այս տարի առաջին անգամ անց է կացվում նաեւ Հայաստանում։
Մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները ստանալու են դրամական պարգեւներ եւ հնարավորություն՝ ուղեւորվելու սոցիալական ձեռներեցության աջակցության եվրոպական կենտրոններից մեկը՝ վերապատրաստման ու փորձի փոխանակման նպատակով։
«Հուսով ենք, որ «SAP UP» մրցույթն ամենամյա կդառնա նաեւ Հայաստանում, կստեղծի նոր հնարավորություններ ինչպես արդեն իսկ գոյություն ունեցող, այնպես էլ դեռեւս գաղափարի փուլում գտնվող սոցիալական ձեռնարկությունների համար», - նշեց Հայաստանում SAP ԱՊՀ-ի ներկայացուցչության ղեկավար Իլյա Շուլիպինը։
«SAP UP» մրցույթին կարող է մասնակցել ցանկացած սոցիալական նախագիծ, որն աշխատում կամ աշխատելու է հետեւյալ ոլորտներից որեւէ մեկում. Բնապահպանություն, նոր տեխնոլոգիաներ, տարածքների զարգացում, հավասար հնարավորությունների ապահովում, մշակույթ, բժշկություն եւ առողջապահություն, առողջ կենսակերպ կամ սպորտ։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկությունների, մասնակցության կարգի եւ պայմանների համար խնդրում ենք այցելել պաշտոնական վեբկայք՝ http://www.sap-up.org։
«SAP UP» մրցույթը մեկնարկել է 2018 թ. սեպտեմբերին եւ բաղկացած է մի քանի փուլից՝ հայտերի հավաքում առցանց համակարգի միջոցով, հայտերի գնահատում մրցույթի փորձագետների կողմից, եզրափակիչի մասնակիցների ընտրություն եւ եզրափակիչ միջոցառում, որի ընթացքում լավագույն 10 հայտերի հեղինակները ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները։
Մրցույթի ժյուրիի կազմում են սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի փորձագետներ, SAP ընկերության գործընկերների, հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայաստանում որպես մրցույթի գործընկեր-կազմակերպիչներ հանդես են գալիս UWC Dilijan քոլեջը եւ Scholae Mundi Armenia հիմնադրամը։ Եզրափակիչը տեղի կունենա ս/թ նոյեմբերին, Դիլիջանում։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել՝
Արամազդ Ղալամքարյանին՝ +374 98 700 461, [email protected], կամ
Դարյա Գերասիմովային՝ [email protected]։