Հետազոտական հայտերի ընդունման հրավեր. ստվերային զեկույց Համայնքային սեփականության կառավարումը խոշորացված Թումանյան, Դիլիջան և Տաթև համայնքներում
Ստվերային զեկույց
Համայնքային սեփականության կառավարումը խոշորացված Թումանյան, Դիլիջան և Տաթև համայնքներում։
Հետազոտական հայտերի ընդունման հրավեր
Նախաբան
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Հանրային Մասնակցություն Տեղական Ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հրավիրում է համապատասխան մասնագիտական փորձ ունեցող հետազոտողներին մասնակցելու «Համայնքային սեփականության կառավարումը խոշորացված Թումանյան, Դիլիջան և Տաթև համայնքներում» թեմայով հետազոտական զեկույց պատրաստելու մրցույթի։
ՀաՄաՏեղ ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, ԵՀՀ և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից:
Զեկույցի նպատակները.
- Ուսումնասիրել և գնահատել համայնքային սեփականության կառավարման գործընթացը և հիմնախնդիրները խոշորացված համայնքներում,
- Համեմատել համայնքային սեփականության կառավարումը մինչև խոշորացումը և խոշորացումից հետո,
- Գնահատել համայնքային սեփականության գույքի կառավարման մեխանիզմների արդյունավետությունը և թափանցիկությունը,
- Գնահատել խոշորացված համայնքներում գույքի կառավարման արդյունավետության ազդեցությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (նախադպրոցական, արտադպրոցական կրթական հաստատություններ, գրադարաններ, թանգարաններ, մշակույթի տներ և այլն) կողմից մատուցվող ծառայությունների որակի, համայնքի բնակիչների համար դրանց մատչելիության վրա
- Մշակել առաջարկություններ բազմաբնակավայր համայնքների համայնքային սեփականության կառավարման թափանցիկության և արդյունավետության բարձրացման վերաբերյալ
Հետազոտությունը կատարելու համար ԵՀՀ–ն տրամադրում է 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (գումարն ընդգրկում է հարկերը)։
Հետազոտության արդյունքները լայնորեն կտարածվեն շահառուների մեջ և կներկայացվեն պատկան մարմիններին։ Դրանք կօգտագործվեն նաև ծրագրի հետագա փուլերում։
Ով կարող է դիմել.
Անհատ հետազոտողներ կամ հետազոտողների խմբեր
Տևողությունը՝ 3 ամիս
Դիմումի փաթեթ.
- Հետաքրքրության նամակ
- Գործողությունների պլան, ներառյալ առաջարկվող մեթոդաբանությունը
- Ծրագրի բյուջեն, որը կարող է ընդգրկել հետևյալ ծախսերը՝ տրանսպորտային ծախսեր, կացության ծախսեր, հոնորար
- Վերջին երկու-երեք նման հետազոտությունների կարճ նկարագիր կամ այլ աշխատանք, որ կհիմնավորի դիմորդի կարողությունները հետազոտություն կատարելու համար (նկարագրերը չպիտի գերազանցեն 1-2 էջը, հետազտությունն ամբողջությամբ կարելի է կցել)
- Ինքնակենսագրական/CV
Ակնկալվող արդյունք.
30-40 էջի սահմաններում զեկույցը պիտի պարունակի.
- Համառոտագիր, որը պիտի ներկայացնի զեկույցի առավել կարևոր դրույթները (3-5 էջ)
- Ուսումնասիրության մեթոդաբանության կարճ նկարագրություն
- Հավաքագրված նյութի վերլուծություն
- Հավաքագրված նյութի կարճ ներկայացում
- Ուսումնասիրության շրջանակներում կատարված աշխատանքի կարճ նկարագրություն
- Եզրակացություններ և առաջարկություններ
- Հավելվածներ
Ընտրությունը.
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2017թ. մայիսի 22, ժամը 17։00։
Դիմումները պետք է ուղարկել Ծրագրի օգնական Ջուլյա Սահակյանին, [email protected] էլ-փոստով:
Միայն կարճ ցուցակում ներգրավված դիմորդները կստանան պատասխան և կհրավիրվեն հարցազրույցի։