Մասնագիտացված կարճաժամկետ դասընթացներ հոգեբանների, սոցիալական աշխատողների և իրավաբանների համար
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը (ԵՊՀ ԳՀԱԿ) Կանանց ռեսուրսային կենտրոն (ԿՌԿ) և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն (ՍԲՃԿ) ՀԿ-ների հետ համատեղ կազմակերպում է մասնագիտացված կարճաժամկետ դասընթացներ հոգեբանների, սոցիալական աշխատողների և իրավաբանների համար։ Դասընթացները նվիրված են նշված մասնագիտական ուղղություններում գենդերային բռնության դեպքերի հետ աշխատանքի պրակտիկ գիտելիքներին և հմտություններին։
Մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը նախատեսվում է ունենալ 5 կարճաժամկետ դասընթաց, որոնց ընթացքում սոցիալական աշխատանքի, հոգեբանության, իրավաբանության մասնագետները ոլորտի առաջատար մասնագետների հետ կսովորեն կամ կխորացնեն իրենց գիտելիքները գենդերային զգայուն մոտեցումների վերաբերյալ, ինչպես նաև ձեռք կբերեն հմտություններ՝ աշխատելու գենդերային բռնության դեպքերի հետ։
Դասընթացը տևում է 6 օր, յուրաքանչյուր օր 2,5-3 ժամ (ներառյալ ընդմիջում)։ Դասընթացի հստակ օրերի, պլանի, ինչպես նաև նեղ թեմատիկ ուղղությունների մասին տեղեկատվությունը կտրամադրվի ընտրված մասնակիցներին։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախնական գրանցում, որից հետո մեր թիմը կհրավիրի ձեզ հարցազրույցի։ Եթե դուք գրանցվել եք առաջին խմբում ընդգրկվելու համար, սակայն այդ խումբն արդեն համալրվել է, հոգ չէ, մենք ձեզ կներառենք հաջորդ խմբերից որևէ մեկում՝ նախապես ձեզ տեղեկացնելով։ Դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf1TCgQROOnR7iEVB1J3hPshDQ6L9ditY8NwXJYWOXusOVBNg/viewform
Դասընթացի մասնակցության ավարտին դուք ձեռք կբերեք
- բազմակողմանի պրակտիկ գիտելիքներ
- նոր և ավելի ընդլայնված մասնագիտական ցանց
- ԵՊՀ ԳՀԱԿ վկայական
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վկայականն ի վերջո ստանալու համար հաշվի են առնվելու հետևյալ գործոնները․
- Մասնակցություն դասընթացի բոլոր օրերին
- Բովանդակային ակտիվություն
- Թեստավորման արդյունքներ
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 15-ը։
Դասընթացի առաջին խմբի մեկնարկը՝ մարտի 3-ից։
Դասընթացը կվարեն գենդերային բռնության դեպքերի հետ աշխատանքի փորձառություն ունեցող մասնագետներ՝
Սիրանուշ Դավթյան․ 2010թ. ավարտել է ԵՊՀ-ի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը: 2012թ. ստացել է Կլինիկական հոգեբանի մագիստրոսի կոչում: Այժմ ԵՊՀ սոցիալական հոգեբանության ասպիրանտ է:
Աննա Հովհաննիսյան․ 2011թ. ավարտել է ԵՊՀ-ի սոցիալական աշխատանքի բաժինը, իսկ 2013թ.՝ ԵՊՀ-ի սոցիալական քաղաքականություն և վարչարարություն մագիստրոսական ծրագիրը:
Նվարդ Փիլիպոսյան․ 2013թ․ավարտել է ՀԱՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2012թ․ ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր /1550/։