Կրթական ոլորտի փոքր դրամաշնորհային ծրագրեր 2018թ.
Աղբյուրը՝ www.osf.am
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը շարունակում է կրթական ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված համայնքային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և հայտարարում է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի 2018թ. փուլը:
Նախաձեռնության նպատակն է խթանել կրթության ոլորտում սոցիալական արդարության և հավասարության, կրթության որակի ու հասանելիության շուրջ պահանջատիրական վերաբերմունքի ձևավորումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և համայնքներում՝ ծնողների և ուսուցիչների, համայնքի ու դպրոցի ակտիվ երիտասարդների և այլ շահագրգիռ կողմերի շրջանում: Նախաձեռնության նպատակն է նաև հանրակրթության ոլորտում ձևավորել շահառուների ազդեցիկ խումբ՝ զարգացնելով ինչպես այլընտրանքային ծնողական խմբերն ու հարթակները, այնպես էլ ուսումնական հաստատություններում գործող ծնողական խորհուրդները:
Փոքր դրամաշնորհային ծրագրերի 2018թ. փուլի թեմատիկ առաջնահերթություններն են.
- բոլոր երեխաների կրթության իրավունքի հավասար, արդար ու համաչափ իրացում,
- որակյալ նախադպրոցական կրթության և հանրակրթության մատչելիություն, այդ թվում ներառական հանրակրթության հասանելիություն,
- կրթության համակարգում (այդ թվում՝ բուհերում) կոռուպցիայի և քաղաքականացվածության ազդեցության վերաբերյալ իրազեկության բարձրացում,
- կրթական հաստատությունների գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն:
Ներկայացվող ծրագրային առաջարկները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալ գործողությունների իրականացմամբ.
- կրթության ոլորտում սոցիալական արդարության, հավասարության, որակյալ կրթության հասանելիության խթանմանն ուղղված նախաձեռնող խմբերի հիմնադրում և զարգացում:
- թեմատիկ քննարկումների կազմակերպում՝ ծնողների, համայնքի բնակիչների, տեղական կրթական համայնքի ներկայացուցիչների, ուսանողների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
- երեխաների կրթության իրավունքի իրացման սահմանափակումների վերաբերյալ դեպքերի հավաքագրում և հանրայնացում:
- սոցիալ-տնտեսական կամ այլ պատճառներով կրթությունից դուրս մնացած երեխաների դեպքերի հավաքագրում և հանրայնացում:
- քարոզարշավների և շահերի պաշտպանության այլ գործողությունների իրականացում:
Փորք դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել.
- տվյալ նախաձեռնության նախորդ փուլերի շրջանակում հիմնադրված համայնքային ակտիվ խմբերի և ծնողական խմբերի ներկայացուցիչներ,
- կրթության որակի և հասանելիության խնդիրներով մտահոգ ակտիվ քաղաքացիներ, ովքեր ցանկություն ունեն և կարող են նախաձեռնել և իրականացնել կրթական հաստատություններում և համայնքներում վերոհիշյալ խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ,
- նախադպրոցական կրթական հաստատությունների և դպրոցների ծնողական խորհուրդների ներկայացուցիչներ,
- ակտիվ ուսանողներ:
Ներկայացվող ծրագրերի բյուջեն չպետք է գերազանցի 1500 ԱՄՆ դոլարը՝ 1 ծրագրի համար: Ծրագրերը պետք է սկսվեն 2018թ. սեպտեմբերի 1-ի և ունենան մինչև 3 ամիս տևողություն: Ծրագրերի իրականացման աշխարհագրությունը կարող է սահմանափակվել ինչպես մեկ պետական ուսումնական հաստատությամբ (մանկապարտեզ, դպրոց, բուհ), այնպես էլ մեկ համայնքի, մարզի կամ Երևան քաղաքի շրջանակով: Ծրագրերը կարող են ներկայացվել ինչպես առանձին անհատների, այնպես էլ անհատների խմբի կողմից: Յուրաքանչյուր անձ կամ անձանց խումբ կարող է ներկայացնել միայն 1 ծրագրային առաջարկ: Միևնույն մարդը կարող է ներառվել միայն մեկ ծրագրի իրականացման թիմում:
Հետաքրքրված անձիք պետք է մինչև սույն թվականի ապրիլի 26-ը, ժամը 17.00 ներկայացնեն առաջարկվող ծրագրի լրացված դիմում-հայտի ձևը և ինքնակենսագրություն (CV) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ [email protected]: Դիմումների գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարելի դիմել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]:
Ծրագրի պայմանների և ուղղությունների, ինչպես նաև առաջարկվող թեմատիկ առաջնահերթությունների վերաբերյալ մանրամասն պարզաբանումները կներկայացվեն ապրիլի 11-ին Երևանում՝ Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Վիվալդի սրահում կայանալիք տեղեկատվական հանդիպման ժամանակ: