Ընդունելություն Հայաստանի դիվանագիտական դպրոցում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մասնակցության մրցույթ հայտարարել է ամեն տարի նոյեմբերին: 2010-2015թթ. դիմորդների գործերն ընդունվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին, իսկ ընդունելության քննությունն անց է կացվել հունվար-փետրվար ամիսներին: 2010-2015թթ. դասընթացները սկսվել են փետրվարի վերջին և ավարտվել են դեկտեմբերի վերջին:
Ընդունելության նոր կարգի համաձայն, այսուհետ ուսումնական ծրագիրը կսկսվի սեպտեմբերին և կավարտվի հուլիսի վերջին: 2016-17թթ. ուսումնական ծրագրի ընդունելության մրցույթի համար դիմորդների գործերը կընդունվեն 2016թ.մայիսի 16-ից մինչև հունիսի 27-ը, իսկ ընդունելության քննությունները կացկացվեն 2016թ. հուլիսին:
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 35 (2015թ. դասընթացից սկսած) տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N1191-Ն որոշմամբ հաստատված`«Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով» սահմանված որակավորում:
(Ուշադրություն. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը փոփոխվել է ՀՀ կառավարության` 2016թ. ապրիլի 28-ի N411-Ն որոշմամբ և այժմ ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ընդունված բոլոր մասնագիտությունները:)
Ուսումն անվճար է:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ.
- Դիմում
- Ինքնակենսագրություն շարադրված ազատ ոճով (450-600 բառ, մինչև 1 էջ),
- Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (450-600 բառ, մինչև 1 էջ),
- 2 լուսանկար (3x4սմ),
- Անձնագրի պատճենը,
- Առողջական վիճակի մասին ուսման համար սահմանված ձևի տեղեկանք` քաղվածք ամբուլատոր քարտից*,
- Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը
- Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:
Դիմորդները մրցույթի մասնակցության դիմումը լրացնում են առցանց և դիմումի տպագրված և ստորագրված տարբերակը պահանջվող մյուս փաստաթղթերի հետ անձամբ ներկայացնում Դիվանագիտական դպրոց:
Բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները հրավիրվում են գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով): Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 27 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:
Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները հանձնում են ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ, մաս են կազմում հանրագումարային գնահատականի:
Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները ստանում են ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:
Դասընթացն անցկացվում է Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվում են ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին:
Փաստաթղթերի ընդունումը կատարվում է ՀՀ դիվանագիտական դպրոցում` Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, ժամը 14.00-ից մինչև 17.00:
* Դիմորդները չպետք է ունենան «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված որևէ հիվանդություն: