Դասընթացի հնարավորություն Հանրային լրագրության ակումբի կողմից․ Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի առաջին՝ 2022 թ-ի դասընթացի դիմորդների ընդունելություն։
Այս բացառիկ և անվճար դասընթացն անց են կացնելու իսպանական Մալդիտա` փաստերի ստուգման ուղղությամբ մասնագիտացած ընկերության ու հայաստանցի փորձառու մասնագետներ։
Դասընթացին կարող են դիմել Երևանի և մարզերի լրագրողներ, մեդիա աշխատակիցներ, լրագրության ֆակուլտետների ուսանողներ։
Աքսելերատորն առցանց/անցանց (online/offline) նորարարական կրթական միջավայր է, որտեղ կարճ ժամանակահատվածում, վերապատրաստումների միջոցով մասնակիցներին տրվում է անհրաժեշտ հմտությունների, գիտելիքների և փորձի ձեռքբերման, կարողությունների զարգացման ու դրանց կիրառման հնարավորություն։
Մեդիա և տեղեկատվական գրագիտության (ՄՏԳ) աքսելերատորը մարզային և երևանյան մեդիա աշխատողների՝ լրագրողների, խմբագիրների, ֆոտոլրագրողների, ուսանող լրագրողների համար մեկնարկած շարունակական կրթության հարթակ է, որի արդյունքում լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան իրականացնել անհատական նախագծեր՝ ստանալով դրամաշնորհներ։
Աքսելերատորի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները մեդիագրագիտության, փաստերի ստուգման, ապատեղեկատվության բացահայտման գործում, բարելավել Հայաստանի, հատկապես՝ մարզերում գործող մեդիա ոլորտի ներկայացուցիչների և հանրության թվային, ինչպես նաև տվյալների անվտանգության վերաբերյալ հմտությունները:
Դասընթացի շրջանակում մեր գործընկերներն Իսպանիայից և Հայաստանից կկիսեն իրենց փորձն ընտրված 12 մասնակիցների հետ՝ հետևյալ թեմաներով․
- մեդիա և տեղեկատվական գրագիտություն,
- փաստերի ստուգում և տեղեկությունների ճշգրտում,
- ապատեղեկատվության նույնականացում,
- ապատեղեկատվության և մեդիա մանիպուլյացիաների դեմ պայքար,
- քննադատական մտածողություն,
- բաց աղբյուրների տվյալներ,
- տեղեկատվության ազատություն,
- թվային և առցանց անվտանգություն,
- անձնական տվյալների պաշտպանություն,
- հաղորդակցություն և էլեկտրոնային հաղորդակցության գործիքներ։
Դասընթացի մանրամասներ
Աքսելերատորի 2022 թ-ի դասընթացի տևողությունը երկու ամիս է, որի ընթացքում անցկացվելու է 8 վեբինար՝ իսպանացի և 2 սեմինար՝ հայաստանյան փորձագետների կողմից։ Առաջին դասընթացն անցկացվելու է ս․թ․ սեպտեմբեր-նոյեմբերին։
Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն ու հայերենն է՝ համաժամանակյա թարգմանությամբ։ ՀԼԱ-ն կապահովի սեմինարների բոլոր մասնակիցների ճանապարհածախսը և սնունդը։
Նվազագույնը 75% ակտիվ մասնակցություն ցուցաբերած և գործնական առաջադրանքները կատարած մասնակիցներին շնորհվելու է ՄՏԳ աքսելերատորի ավարտական վկայական։
Դիմելու կարգը
Հետաքրքրված անձինք պետք է․
- Լրացնեն աքսելերատորի դասընթացին մասնակցելու առցանց հայտը։
- Հայտում կցեն իրենց ինքնակենսագրականը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ հուլիսի 28 -ն է։ Դասընթացի և ծրագրի մասին մանրամասներ իմանալու համար կարող եք կապ հաստատել ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։ Նամակի թեմա դաշտում հարկավոր է նշել՝ «MILA_Accelerator_Q&A»:
Ոչ ամբողջական, մաս-մաս ուղարկված, ոչ հայատառ լրացված հայտերը չեն դիտարկվելու։
Միայն ընտրության առաջին փուլ անցած դիմորդները կծանուցվեն արդյունքների մասին՝ հայտարարության վերջնաժամկետին հաջորդող 1 ամսվա ընթացքում։
Մալդիտայի մասին
«Maldita.es»-ը շահույթ չհետապնդող հիմնադրամ և առցանց պարբերական է, որը պայքարում է ապատեղեկատվության դեմ և նպաստում թափանցիկությանը՝ փաստերի ստուգման և տվյալների լրագրության տեխնիկայի կիրառման միջոցով: Կազմակերպության հիմնական առաքելությունն է քաղաքացիներին տրամադրել գործիքներ, տեխնոլոգիաներ և տեղեկություն, որպեսզի նրանք կարողանան իրազեկված կերպով կայացնել որոշումներ: «Maldita.es»-ը միացել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի սկզբունքներին և ներկայում ղեկավարում է եվրոպական նախագիծ, որի նպատակն է տարածաշրջանում փաստերի ստուգման չափանիշների ստեղծումը:
«Maldita.es»-ի՝ մեդիագրագիտությանը նվիրված կրթական ծրագրի (Maldita Educa) միջոցով ամեն տարի իրականացվում է ավելի քան 200 դասընթաց, սեմինար և վերապատրաստում դպրոցներում, համալսարաններում, պետական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում և մասնավոր ընկերություններում։
Կազմակերպությունն աշխատում և համագործակցում է աշխարհի առաջատար երկրների լավագույն համալսարանների հետ՝ խթանելով լրագրողների կարողությունների զարգացմանը, փաստերի ստուգման ոլորտում կառույցների զարգացմանն ու ցանցերի ստեղծմանը։
Ծրագրի նկարագրություն
Դասընթացն անցկացվում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ։