ԹԻՀԿ Հակակոռուպցիոն 6-րդ դպրոցի մասնակցության հրավեր
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է հակակոռուպցիոն կրթությանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկում է «Հակակոռուպցիոն դպրոցի» 6-րդ խմբի ընդունելությունը:
Դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության, միջազգային պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի մասին: Մասնակիցները նաև ձեռք կբերեն գիտելիքներ հանրային մասնակցության և վերահսկողության մեթոդների մասին, կմասնակցեն քննարկումների, կայցելել կոռուպցիայի դեմ պայքարի պետական մարմիններ, կզարգացնեն քննադատական մտածողության և առաջնորդության հմտություններ։
Դպրոցում դասախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ։ Դասընթացի առնվազն 80%-ին մասնակցություն ցուցաբերած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր։
Ընդունելությունը բաց է ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի 18-35 տարեկան երիտասարդների համար: Ուսուցումն անցկացվելու է հայերենով և անվճար։
6-օրյա դպրոցը տեղի կունենա նոյեմբերի 11-12-13-ին և նոյեմբերի 18-19-20-ին։ Դասերը կանցկացվեն ամբողջ օրով, ՀՀ մարզերից որևէ մեկում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ լրացնել սույն հայտը։ Նախնական փուլը հաղթահարած դիմորդները հնարավոր է հրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 94343605 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` պատասխանատու Շուշանիկ Ավագյանին։