Վերապատրաստման դասընթացներ և դրամաշնորհներ ՔՀԿ-ների և լրատվամիջոցների համար
Ծրագրի նկարագիր․
Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ եւ դրամաշնորհներ 90 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք իրականացվելու են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի կողմից Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։
Երևանյան և մարզային վերապատրաստումների շնորհիվ ՔՀԿ-ները կհարստանան անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով՝ աջակցելու քաղաքացիներին ստանալ հավաստի տեղեկատվություն: Դասընթացները ՔՀԿ-ներին կօգնեն ԵՄ-ի կողմից Հայաստանում ոլորտային զարգացման ծրագրերին ցուցաբերվող օժանդակության մասին ծրագրեր իրականցնել։ Այդ ոլորտները ներառում են հանրային առողջապահությունը, տրանսպորտը, շրջակա միջավայրը, էներգաարդյունավետությունը և այլն։ Դասընթացների ընթացքում ՔՀԿ-ներին կներկայացվի նաև պետական բյուջեի մշտադիտարկման մեթոդաբանությունը:
Դասընթացների ավարտից հետո նախատեսվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին տրամադրել 20 դրամաշնորհ, որոնցից 10-ի շնորհիվ ՔՀԿ-ները կկարողանան համագործակցել պետական մարմինների հետ և վերնոշյալ ոլորտներում բյուջետային բաշխումների վերահսկմանն առնչվող ծրագրեր իրականցնել: Ծրագրի շրջանակում նախատեսվող մյուս 10 դրամաշնորհները դասընթացներին մասնակցած ՔՀԿ-ներին կաջակցեն իրենց առաքելությունն առավել արդյունավետ կիրականցնել։
Վերապատրաստումներն ու դրամաշնորներն իրականացվելու են «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրիշրջանակում
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի կողմից, Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթը, մասնավորապես ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակին առնչվող ոլորտներում պետական բյուջեի հանրային վերահսկողությունը, ինչպես նաև խթանել հետաքննական լրագրությունը երիտասարդների շրջանում:
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություն հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://www.foi.am/hy/current- projects/item/1661/։
Դասընթացների թեմաները․
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն Երևանյան և մարզային շուրջ 90 ՔՀԿ-ների և լրատվամիջոցների համար կազմակերպում է դասընթացներ հետևյալ թեմաներով՝
- Տեղեկատվության ազատության/ազատ արտահայտման իրավունքի վերաբերյալ միջազգային փաստաթղթերի և միջազգային լավագույն փորձի ներկայացում,
- ԵՄ-Հայաստան հարաբերություններ, (ԵՄ անդամագրման խրախուսման համար վարած քաղաքականության և վերահսկողական ռազմավարության միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում),
- Պետական բյուջեի հանրային վերահսկողություն,
- Ֆոնդահայթայթում հասարակական կազմակերպությունների համար,
- Տեղեկատվության ազատությունը Հայաստանում,
- Ազատ արտահայտվելու իրավունքի կապը մարդու մյուս իրավունքների հետ (մասնավոր կյանքի իրավունք, զրպարտություն, լրագրողական էթիկա, և այլն)։
Դասընթացի մասնակիցները․
Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել մարզային և երևանյան ՔՀԿ-ներ և լրատվամիջոցներ։ Առաջնահերթությունը տրվելու է այն ՔՀԿ-ներին և լրատվամիջոցներին, որոնք ունեն պատրաստակամություն հետագայում իրականացնել փոքր դրամաշնորհային ծրագրեր հանրային առողջապահության, տրանսպորտի, շրջակա միջավայրի, էներգաարդյունավետության և պետական կառավարման այլ ոլորտներին առնչվող։
Դասընթացը նախատեսված է երևանյան և մարզային 90 ՔՀԿ-ների (ՀԿ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ) և լրատվամիջոցների համար։ Յուրաքանչյուր մարզից կներգրավվի 7 կամ 8 ՔՀԿ, իսկ Երևանից՝ 15։
Յուրաքանչյուր ՔՀԿ-ից և/կամ լրատվամիջոցից դասընթացին կարող է մասնակցել առավելագույնը երկու աշխատակից։
Դասընթացների վայրը․ Դասընթացներն իրականացվելու են ՝
- Մարզերից դիմած ՔՀԿ/լրատվամիջոցների համար՝ տվյալ մարզի մարզկենտրոնում։ Յուրաքանչյուր դասընթացի տեւողությունը՝ 3 օր։
- Երևանից դիմած ՔՀԿ/լրատվամիջոցներիհամար՝ Երևանում, 3 օր տևողությամբ։
Միայն առաջին թեմայի վերաբերյալ («Տեղեկատվության ազատության/ազատ արտահայտման իրավունքի վերաբերյալ միջազգային փաստաթղթերի և միջազգային լավագույն փորձի ներկայացում») դասընթացն է անցկացվելու Երևանում՝ բոլոր մասնակիցների համար, 2018թ սեպտեմբերի 26-28-ին։ Բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, սնունդ և կեցություն, կհոգան կազմակերպիչները։
Դասընթացները կմեկնարկեն 2018թ սեպտեմբերի 26-ին և կավարտվեն 2018թ նոյեմբերի 21-ին։ Դասընթացների օրերի և ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ընտրված մասնակիցներին։
Դիմելու ընթացակարգը․
Դասընթացներին մասնակցելու համար (և հետագայում ենթադրամաշնորհային մրցույթին հայտ ներկայացնելու հնարավորություն ունենալու համար) խնդրում ենք լրացնել կցված Հայտի ձևաթուղթը և այն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2018թ սեպտեմբերի 14-ը, նամակի առարկա տողում նշելով «Դասընթացի հայտ» բառակապակցությունը։