«Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում» լրագրողական 2-րդ մրցույթը՝ շարունակելով խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը: Նպատակն է որակյալ լրագրության միջոցով բարձրացնել հասարակության իրազեկումը 3 կոնկրետ ոլորտային ռեֆորմների վերաբերյալ.
- հանրային սեկտորի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացում
- տեղական ինքնակառավարման հզորացում
- սոցիալական բարեկեցության խթանում
«Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթը հայտեր է ընդունում 4 հիմնական անվանակարգերում:
Գործող անձ (Homo Agendi)
Ներկայացվող նյութերի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, իրավիճակը բարելավելու, մարդկանց օգնելու մտադրությամբ ու հնարավորությամբ:
Այս անվանակարգում կպարգևատրվեն թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝ յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:
Ռեինֆորմացիա. ռեֆորմների լավագույն լուսաբանում
Անվանակարգում կգնահատվեն այն նյութերը, որոնք կպատմեն տարբեր ոլորտներում իրականացվող փոփոխությունների էության, ընթացքի, խնդիրների և խոչընդոտների, հաջողությունների ու անհաջողությունների, այս գործընթացում ներգրավված կառավարության, հանրության, տարբեր կառույցների դերի, նրանց միջև համագործակցության հաջողված փորձերի մասին։
Այս անվանակարգում հաղթող ճանաչված նյութի հեղինակը կստանա 250 000 դրամ:
Դիտակ. հետաքննական լրագրություն
Այս անվանակարգը նախատեսված է լրագրողական հետաքննության ժանրում կամ լրագրողական հետաքննության տարրեր պարունակող նյութերի համար: Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:
Այս անվանակարգում հաղթողի համար նախատեսված է 250 000 դրամ:
Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում
Կարող են ներկայացվել նյութեր, որոնցում օգտագործված են ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, ինտերակտիվությունը:
Այս անվանակարգում հաղթողին կշնորհվի 200 000 դրամ:
«Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ»-ը մրցույթի 5-րդ անվանակարգն է, որի հաղթողին ընտրում են մեդիա սպառողները: Մրցանակաբաշխության ավարտից հետո «Թվապատում» կայքում քվեարկության կդրվեն ժյուրիի կողմից բոլոր անվանակարգերում ընտրված լավագույն 20 նյութերը:
Ամենաշատ քվե ստացած նյութի հեղինակը կստանա 100 000 դրամ:
Կազմակերպիչներն ակնկալում են, որ մրցույթին ներկայացված աշխատանքները կանդրադառնան վերոնշյալ 3 ոլորտների փոփոխություններին, աչքի կընկնեն օբյեկտիվությամբ, քննադատական և ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական և բացահայտող։ Կգնահատվի նաև նյութի տեխնիկական որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։
Մրցույթին կարող են ներկայացվել նյութեր հայաստանյան բոլոր լրատվամիջոցներից՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր և այլն):
Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում:
Նյութերը պետք է լրատվամիջոցներում հրապարակված լինեն 2015 թ․ սեպտեմբերի 1-ից 2016 թ․ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը մինչև 2016 թ. օգոստոսի 2-ը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերին՝ «Թվապատում 2016» մեդիա կոնֆերանսի հետ միաժամանակ:
Մրցույթի մասին մանրամասներ, նաև՝ նախորդ տարվա մրցույթի ընթացքի ու հաղթողների մասին տեղեկություն կարող եք գտնել tvapatum.mediainitiatives.am կայքում: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010-583620, 095-583639:
Մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Սկզբնաղբյուր՝ www.media.am